ԲՀԿ-ն կդիմի ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար։ Այս մասին հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ և պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։
«Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։
Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։
Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տոնոյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ ԿԸՀ կայքում նախ հրապարակվել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 4% քվե է ստացել, ինչը ենթադրում է, որ հաղթահարել է խորհրդարան անցնելու համար կուսակցությունների անցողիկ շեմը։ Սակայն այսօր ԿԸՀ-ն հստակեցրեց, որ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրողների 3,9 %, ինչը ենթադրում է, որ կուսակցությունը չի անցնում ԱԺ։
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասի նախնական արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 1,477,736 ընտրող։
Նախնական տվյալներով խորհրդարան կանցնի 3 ուժ` 2 դաշինք, 1 կուսակցություն։
Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։
Նախնական արդյունքներով խորհրդարան կանցնեն հետևյալ ուժերը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %
«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28%
«Հայաստան» դաշինք- 145 113 քվե, 9,93%։
Իրադարձություն
Կազմակերպություն
Հասանելի է
français









