Հայաստանը շարժվում է դեպի նոր սահմանադրություն։ Պատճառն արտաքին է․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ստորագրի 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանի Սահմանադրության նախաբանը հղում է կատարում 1990-ի Անկախության հռչակագրին։ Քանի որ նախաբանը հնարավոր չէ փոփոխել, այն կարող է հանվել միայն հանրաքվեով ընդունված նոր սահմանադրությամբ։ Մշակման գործընթացը մինչ այժմ փակ է եղել։ Նախագիծը գրել է Արդարադատության նախարարությունը, այն առաջինը քննարկել է իշխող կուսակցությունը, իսկ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հիմնականում շրջանցվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է նոր սահմանադրության նախագծի տեքստը հրապարակել նոյեմբերի 23-ին։
Տասներեք ուժերից բաղկացած ընդդիմության նոր դաշինքը, որը ձևավորվեց նոյեմբերի 4-ին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կրկին ձերբակալվելուց ընդամենը ժամեր անց, պատասխանել է «Ալիևի սահմանադրության» դեմ արշավով։ Մերժումը հասկանալի է։ Սակայն ավելի օգտակար հարցը ոչ թե այն է, թե արդյոք Հայաստանը նոր սահմանադրություն կունենա, այլ այն, թե ով է այն գրելու, և առավել կարևոր՝ ինչ է այն շտկելու։ Այս հարցում ընդդիմությունն ուժեղ դիրքում է։
Թվաբանությունը հնարավորություն է
Նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի 105 ձայնից 70-ը։ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 ձայն։ Ընդդիմությունն ունի 41՝ «Ուժեղ Հայաստանը»՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12։ Սա ավելի է, քան 35 պատգամավորը՝ խորհրդարանի մեկ երրորդը, ինչը, 202-րդ հոդվածի համաձայն, անհրաժեշտ է սահմանադրության սեփական նախագիծ ներկայացնելու համար։[1]
Կողմերից ոչ մեկը միայնակ հաղթել չի կարող։ Կառավարությունը չի կարող ընդունել իր տեքստն առանց ընդդիմության առնվազն վեց ձայնի։ Ընդդիմությունը չի կարող անվերջ արգելափակել բարեփոխումը, եթե շարքերից հեռացումները, առանձին պատգամավորների վրա ճնշումը կամ արտահերթ ընտրությունները փոխեն թվերը։ Երբ կողմերից որևէ մեկը չի կարող գերակայել, պայմանները թելադրում է հստակ առաջարկ ունեցող կողմը։ Այսօր այդպիսի կողմ չկա։ Ընդդիմությունը կարող է դառնալ հստակ առաջարկ ունեցող կողմը։
Ոչ-ից այո-ի, բայց այլ սահմանադրության
Չընթերցված տեքստին տրված կտրուկ «ո՛չ»-ը ուժեղ է թվում, բայց փխրուն է։ Այն երկու առանձին հարց՝ ինչպես պատասխանել նախաբանի վերաբերյալ Բաքվի պահանջին և ինչպես պետք է կառավարվի Հայաստանը, միաձուլում է մեկ մերժման մեջ։ Այն կառավարությանը հիմք է տալիս իրեն ներկայացնել որպես արդիականացման և խաղաղության կուսակցություն։ Եվ այն ինքնըստինքյան պաշտպանում է 2015-ի «գերվարչապետական» համակարգը, որի պատճառով են նաև ընդդիմության դեմ չարաշահումները։ Նույնիսկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է այժմ այդ եզրույթը կիրառում գործող սահմանադրության նկատմամբ։
Այլընտրանքը հակաառաջարկն է․ «Այո՛ նոր սահմանադրությանը՝ Հայաստանի՛ սահմանադրությանը, որը գրված է հայերի կողմից և վերջ է դնում միանձնյա իշխանությանը»։ Սա պահպանում է ինքնիշխանության վերաբերյալ ընդդիմության հիմնական առարկությունը։ Այն նաև վերջ է դնում բարեփոխումների հարցում կառավարության մենաշնորհին և տասներեք խիստ տարբեր ուժերին տալիս է դրական մի բան, որի համար նրանք միասին կանգնեն, և ոչ միայն մի բան, որը մերժեն։
Ինչ պետք է շտկել
2015-ի սահմանադրության թերությունը ոչ թե խորհրդարանական մոդելն է որպես այդպիսին, այլ այն, որ խորհրդարանական մեծամասնություն ստացողը վերցնում է ամեն ինչ՝ գործադիր իշխանությունը, օրենսդրական օրակարգը և, գործնականում, այն մարմինները, որոնք կոչված են զսպելու երկուսին էլ։ Միայն «Քաղաքացիական պայմանագրի» 64 մանդատը գերազանցում է երեք հինգերորդը (63 ձայն), որն անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամներին և գլխավոր դատախազին ընտրելու համար։ Վարչապետի պաշտոնավարման ժամկետները սահմանափակված չեն։ Խորհրդարանը չի կարող ինքնալուծարվել։ «Կայուն մեծամասնության» կանոնը հարաբերական մեծամասնությունից արհեստականորեն կառավարող մեծամասնություն է ստեղծում։ Մեծամասնական ցուցակները վերացվեցին 2021-ին, և Երևանից դուրս գտնվող համայնքները մնացին առանց սեփական ձայնի։
Ինչպես նշել է ՍիվիլՆեթը, սահմանադրությունը «պետք է գրվի՝ նկատի ունենալով վատ կառավարությունը»։ Ավելի լավ կառուցվածքը կարող է հենվել հետևյալ մի քանի սկզբունքների վրա․
• Երկու առանձին մանդատ։ Ուղղակիորեն ընտրվող նախագահ՝ սահմանափակ, բայց իրական լիազորություններով (կասեցնող վետո, արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ համատեղ դեր՝ հստակ սահմանված կազմով անվտանգության խորհրդի միջոցով), և սեփական ընտրական ցիկլով ընտրվող խորհրդարան։ Սա վերադարձ չէ մինչև 2015-ը գործող նախագահական համակարգին, որը պարզապես իշխանությունը կենտրոնացնում էր այլ տեղում։
• Խորհրդարանին հաշվետու վարչապետ։ Խորհրդարանի կողմից պաշտոնի հաստատում, կառուցողական անվստահության քվե, երկու ժամկետի սահմանափակում և կառավարությունը պաշտոնանկ անելու նախագահական լիազորության բացակայություն։ Համեմատական տվյալները ցույց են տալիս, որ այս «վարչապետա-նախագահական» տարբերակն ունի շատ ավելի լավ ժողովրդավարական արդյունքներ, քան այն համակարգերը, որտեղ նախագահները կարող են պաշտոնանկ անել կառավարությունները, և որոնք հաճախ սահել են դեպի գերնախագահական համակարգ, ինչպես Ռուսաստանում և Ադրբեջանում։
• Կոալիցիաներ, ոչ թե արհեստական մեծամասնություններ։ Վերացնել կայուն մեծամասնության պարգեվը, կիրառել չափավոր անցողիկ շեմեր և ներդնել խառը ընտրակարգ, որը կվերականգնի տարածքային ընտրատարածքները։
• Մեծամասնության ազդեցությունից դուրս անկախ մարմիններ։ Առանցքային նշանակումների հաստատում երկու երրորդով, ընդդիմության բաժին և փակուղիները կանխող կանոններ։
• Պաշտպանություն ինքնաշահ փոփոխություններից։ Չորսամյա լիազորությամբ խորհրդարաններ, երկու երրորդով ինքնալուծարում և ընտրակարգ, որը ձեռնտու չէ պաշտոնավարողներին։
Լիտվան իշխանության կայուն հերթափոխի ամենամոտ հետխորհրդային մոդելն է։ Ֆինլանդիան ցույց է տալիս, որ հավասարակշռությունը կարելի է ճշգրտել ժողովրդավարական սովորույթների հասունացմանը զուգընթաց։ Վրաստանն ու Ուկրաինան նախազգուշացում են․ սահմանադրություններ, որոնք կրկին ու կրկին վերաշարադրվել են իշխանության գտնվողների շահերին համապատասխան։
Հաջորդ վեց քայլերը
Տարանջատել երկու հարցերը։ Նախաբանը և կառավարման մոդելը դիտարկել որպես առանձին որոշումներ։ Հնարավոր տարբերակներից են՝ նախաբանի վերաբերյալ առանձին հանրաքվեի հարց, պետականության շարունակականության և 1991-ի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի վրա հիմնված նախաբան կամ համաձայնություն՝ նախաբանի հարցը լուծել վերջում։ Ինչ էլ լինի արդյունքը, 1990-ի Հռչակագիրը մնում է պատմական ակտ։
Մի քանի շաբաթվա ընթացքում հրապարակել այլընտրանքային շրջանակ (framework)։ Սկզբում՝ սկզբունքների համառոտ հայտարարություն, ապա՝ ամբողջական տեքստ, որը կմշակեն սահմանադրագետները, Բարեփոխումների խորհրդի՝ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները, որոնք քննադատել են խորհրդի դերի նսեմացումը, և արտաքին փորձագետները։
Պաշտոնապես ներկայացնել այն՝ կա՛մ 35 պատգամավորի նախաձեռնությամբ, կա՛մ 200,000 ստորագրության արշավով։ Ստորագրահավաքն ինքնին հանրային աջակցություն կձևավորի դրական օրակարգի համար։
Սահմանել հանրային քննարկման պայմանները․ կառավարության նախագծի հրապարակում, սահմանադրության այլընտրանքային ընդդիմադիր նախագիծ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններ երկու տեքստերի վերաբերյալ, և ոչ մի հանրաքվե՝ մինչև հանրային քննարկման ավարտը։
Հստակ անվանել վեց ձայնի գինը։ Այն դարձնել կոնկրետ և ստուգելի․ պաշտոնավարման ժամկետների սահմանափակում, չորսամյա լիազորությամբ խորհրդարաններ, ինքնալուծարում, առանցքային նշանակումների համար երկու երրորդի շեմ, կայուն մեծամասնության կանոնի վերացում և տարածքային ներկայացվածություն։
Պատրաստվել երկու ելքին էլ։ Եթե կառավարությունը բանակցի, ընդդիմությունը կձևավորի սահմանադրությունը։ Եթե հրաժարվի, ընդդիմությունը հաջորդ ընտրություններին կմասնակցի ծրագրով և ոչ միայն դժգոհությամբ։
Երբ կառավարության տեքստը հրապարակվի, ընդդիմությունը պետք է արձագանքի գլուխ առ գլուխ՝ աջակցելով իրական բարելավումներին, ինչպիսիք են երդվյալ ատենակալների դատարանը, բողոքարկման երկաստիճան համակարգը և ընդդիմադիր փոքրամասնության սահմանադրական երաշխիքը, և անդրդվելի մնալով այնտեղ, որտեղ կառուցվածքը պահպանում է իշխանության կենտրոնացումը։
2015-ի ժառանգությունը վերածել առավելության
2015-ի համակարգը նախագծել է Հանրապետական կուսակցությունը, և կառավարությունը կպնդի, թե ընդդիմությունը պաշտպանում է մի սահմանադրություն, որն իր իսկ անդամները գրել են իշխանության մնալու համար։ Եթե ընդդիմադիր դաշինքը պարզապես պաշտպանի 2015-ի տեքստը, այդ մեղադրանքը կկպչի։ Իսկ եթե հանրապետականները բացահայտ ասեն, որ այդ կառուցվածքը չափից շատ իշխանություն էր կենտրոնացնում, և սատարեն այն շտկելուն, փաստարկն ինքնին կվերանա։ Համակարգի կառուցման մասին նրանց ներքին իմացությունը կդառնա արժեք։ Նույն կառուցվածքը 2018-ից ի վեր ծառայել է «Քաղաքացիական պայմանագրին»․ թերությունը սահմանադրական ինստիտուտների մեջ է, և ոչ միայն պաշտոն զբաղեցրածների։ Բարեփոխումների կոալիցիան, որում ընդգրկված են 2015-ի համակարգի հեղինակները, ցույց կտա, որ շտկումը համազգային ընդհանուր նախագիծ է։
Ռիսկերը կառավարելի են
Որոշ համախոհներ նախաբանը կառավարման հարցից տարանջատելը կընկալեն որպես զիջում Բաքվին։ Դրա պատասխանն է ինքնիշխանության ձևակերպումները կենտրոնում պահելը և ընտրողներին նախաբանի հարցն առանձին որոշելու հնարավորություն տալը։ Արցախի, Ռուսաստանի և Արևմուտքի հարցերում դաշինքի ներքին տարաձայնություններն իրական են, ահա թե ինչու պետք է նախ համաձայնեցնել կառավարման սկզբունքները, իսկ վիճահարույց հարցերը թողնել հետագային։ Եթե կառավարությունն անտեսի հականախագիծը կամ արտահերթ ընտրություններ նշանակի, ընդդիմության սահմանադրական նախագիծը կդառնա նախընտրական ծրագիր։ Իսկ եթե սահմանադրության փոփոխությունից հետո Բաքուն նոր պահանջներ ներկայացնի, դրանց տեղը բանակցային սեղանն է, որտեղ պետք է գերակայեն կարմիր գծերը. դրանք չպետք է որոշեն, թե ինչպես է Հայաստանը կառավարում իր ներքին գործերը։
Սահմանադրություն՝ ով էլ որ կառավարի հետագայում
Հայաստանի ընդդիմությունը կանգնած է ընտրության առջև՝ մերժման, որը կարող է որոշ ժամանակ դիմանալ, և առաջարկի, որը կարող է երկարակյաց լինել։ Առաջինը բարեփոխումների պատումը թողնում է կառավարության ձեռքում և պահպանում հին համակարգը։ Երկրորդը քառասունմեկ մանդատը վերածում է լծակի, բազմազան դաշինքին տալիս է ընդհանուր նպատակ, որը դուրս է գալիս զուտ «ոչ»-ի սահմաններից, և քաղաքացիներին առաջարկում այն, ինչ չեն խոստանում ո՛չ 2015-ի տեքստը, ո՛չ էլ կառավարության նախագիծը՝ պետություն, որտեղ ոչ մի ընտրության արդյունք մեկ առաջնորդի չի հանձնում ամեն ինչ։
Ամենաուժեղ հնարավոր ուղերձը «Ո՛չ Ալիևի սահմանադրությանը» չէ։ Այն է՝ «Այո՛ Հայաստանի սահմանադրությանը, և ո՛չ՝ միանձնյա իշխանությանը»։
. . .
Հրայր Պալեանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ում և հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ Քարթերի կենտրոնում և Միջազգային ճգնաժամային խմբում։ Հանրային ծառայության 35-ամյա գործունեության ընթացքում նա զբաղվել է հակամարտությունների կարգավորման, ընտրությունների և մարդու իրավունքների հարցերով Բալկաններում, Արևելյան Եվրոպայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ Նա դասավանդել է հակամարտությունների կարգավորում, բանակցություններ և միջնորդություն Էմորի համալսարանի իրավաբանական դպրոցում։ Հրատարակված գրքեր՝ Anatomy of Peacemaking: Nagorno-Karabakh Conflict & Missed Opportunities (Springer Nature / Palgrave Macmillan, փետրվար 2026), հայերեն թարգմանություն (Newmag, ապրիլ 2026)։
[1] Council of Europe, Venice Commission, Constitution of the Republic of Armenia (2015), հոդված 202(1), https://www.te.gob.mx/vota_elections/thesaurus/article/21873/16287/188 ; տե՛ս նաև International IDEA, Constitutional Law on Referendum (2018), HO-155-N, https://constitutionnet.org/vl/item/armenia-law-referendum
Հրայր Պալեան











