Փաշինյանի պնդումը Մեղրիի միջանցքի մասին չի հաստատվում 2019-ի փաստաթղթով

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ցուցակների առաջին համարների՝ հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված բանավեճի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր 2019 թվականին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման տարբերակին։
«2019-ի առաջարկը եղել է Հայաստանի, Հայաստանի պետականությունը ծնկի բերելու առաջարկ և Լաչինի միջանցքի կեղծ պատրվակով Մեղրիով միջանցք ստանալու պլան և Մեղրին Հայաստանից օտարելու պլան, և ես այդ պլանը խափանել եմ»,- պնդել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի հայտարարությունը հնչել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի՝ «Հայ ազգային կոնգրեսի» առաջին համար Լևոն Զուրաբյանին ուղղված հարցին հաջորդած քննարկման ընթացքում։ Կարապետյանը պնդել էր, թե 2019-ին Հայաստանին առաջարկվել էր կարգավորման փաթեթ, որը կարող էր կանխել հետագա պատերազմը, զոհերը և Արցախի հայաթափումը, իսկ Զուրաբյանը նշել էր, որ այդ առաջարկի մերժումը Փաշինյանի «ամենամեծ հանցագործությունն» էր։
Ի՞նչ էր իրականում նախատեսվում 2019-ի առաջարկով
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումի ստորագրումից հետո կառավարությունը 2025-ի դեկտեմբերին gov.am կայքում հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող փաստաթղթերը։
Այստեղ ներկայցված է նաև 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված տարբերակը։
Կառավարության հրապարակած փաստաթղթում ներկայացված է նաև 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված տարբերակը։ Ըստ այդ տարբերակի՝ առաջին փուլում Ադրբեջանին էին վերադարձվում ԼՂ շրջակա հինգ շրջանները՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը և Կուբաթլուն՝ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման և անվտանգության երաշխիքների ներքո։ Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձի հարցը, բացառությամբ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքի, կապվում էր ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հետ։
Հինգ շրջաններից զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ փաստաթուղթը նախատեսում էր տարածաշրջանում առևտրատնտեսական, տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերականգնմանն ուղղված միջոցառումներ։ Մասնավորապես՝ խոսվում էր ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների, էլեկտրահաղորդման գծերի, կապի և ջրամատակարարման համակարգերի վերականգնման մասին՝ տարածաշրջանում անխափան տրանսպորտային կապ ապահովելու նպատակով։
ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվեր պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի միջոցով՝ առանց դրվող հարցերի սահմանափակման։ Մինչ այդ Լեռնային Ղարաբաղին պետք է տրվեր միջանկյալ կարգավիճակ։
Մինչդեռ, հենց կառավարության հրապարակած 2019-ի տարբերակում Մեղրիով առանձին միջանցք ստեղծելու կամ Մեղրին Հայաստանից օտարելու վերաբերյալ որևէ նշում չկա։ Փաստաթուղթը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային, առևտրատնտեսական և հաղորդակցական կապերի ընդհանուր վերականգնմանը։
Այսպիսով, կառավարության հրապարակած փաստաթղթում ներկայացված 2019 թվականի տարբերակը չի հաստատում Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե այդ առաջարկով նախատեսվում էր Մեղրիով միջանցք ստանալ կամ Մեղրին օտարել Հայաստանից։ Փաստաթղթում Մեղրիի վերաբերյալ որևէ հիշատակում չկա։
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck









