Հայաստանի ընտրություններն ուղեկցվել են պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ ճնշումներով և արտաքին միջամտությամբ․ ԵԱՀԿ

Հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն ընտրողներին ազատ այլընտրանքի հնարավորություն են տվել, սակայն ուղեկցվել են պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ ճնշումներով և արտաքին միջամտությամբ։ Այս մասին հունիսի 8-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Ֆարահ Քարիմին:
«Այս ընտրությունները տեղի ունեցան Հայաստանի զարգացման շատ կարևոր առանցքային փուլում, և երկիրը շարունակում է նավարկել այս բավականին խրթին ժողովրդավարական և աշխարհաքաղաքական միջավայրում»,- նշել է Ֆարահ Քարիմին:
Ըստ առաքելության գնահատականի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում էական ազդեցություն են ունեցել արտաքին ճնշումները։ Քարիմին շեշտել է, որ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով պետական ապարատի ներկայացուցիչների նկատմամբ գործադրված ճնշումները և կիրառված սոցիալ-տնտեսական լծակները լուրջ մտահոգություններ են առաջացրել հնարավորությունների ազատության ապահովման շուրջ: Նա հավելել է նաև, որ քարոզարշավի ֆինանսների նկատմամբ անբավարար վերահսկողությունը սահմանափակել է գործընթացի թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը:
Չնայած նախընտրական փուլում արձանագրված խնդիրներին՝ բուն քվեարկության գործընթացը գնահատվել է արդյունավետ։ ԵԱՀԿ դիտորդները դրական են գնահատել իրավիճակը դիտարկված 1403 ընտրատեղամասերում, ինչը Քարիմին որակել է որպես «բավականին նկատելի ցուցանիշ»:
Նրա խոսքով՝ ընտրություններն անցել են տարածաշրջանային անվտանգային սպառնալիքների և քաղաքական միջավայրի դեգրադացման պայմաններում, ինչը լուրջ փորձություն էր պետության համար։
«Ձերբակալությունների և քրեական հետապնդումների կենտրոնացումը, հատկապես ընդդիմադիր ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև բևեռացված մեդիալանդշաֆտը, սադրիչ ապատեղեկատվությունը, և շարունակական միջազգային ճնշումները, և իհարկե, միջազգային միջամտությունը մարտահրավեր էր նետում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական դիմակայունակությանը»,- հայտարարել է Քարիմին՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակն էլ ավելի է ընդգծում երկրի ժողովրդավարական կառույցների շարունակական զարգացման կենսական կարևորությունը։
Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին։
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասի նախնական արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 1,477,736 ընտրող։
Նախնական տվյալներով խորհրդարան կանցնի 3 ուժ` 2 դաշինք, 1 կուսակցություն։
Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։
Նախնական արդյունքներով խորհրդարան կանցնեն հետևյալ ուժերը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %
«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28%
«Հայաստան» դաշինք- 145 113 քվե, 9,93%։
Կազմակերպություն
Անձ
Իրադարձություն











