Գլխավոր Լրահոս

«Միասնության թևերը» չի ընդունում ընտրությունների արդյունքները և պահանջում է վերահաշվարկ

«Միասնության թևերը» չի ընդունում ընտրությունների արդյունքները և պահանջում է վերահաշվարկ

«Միասնության թևեր» կուսակցությունը ապօրինի է համարում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այդ մասին նշվում է կուսակցության հունիսի 8-ին տարածած հայտարարության մեջ։

«Մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում ենք դրանք ապօրինի, քանի որ չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը»։

Ըստ կուսակցության՝ ընտրական գործընթացը «հենց սկզբից ուղեկցվել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ»։

«Գործում էր համակարգված սխեմա․ բարձրագույն իշխանության քարոզարշավի պատասխանատու ներկայացուցիչները, այդ թվում՝ համայնքապետերը, քաղաքացիներին համատարած ենթարկում էին պարտադրանքի ու վախի։ Ստիպում էին չգնալ մեզ հետ հանդիպումների, վախեցնում, որ աշխատանքից կհեռացնեն ընտանիքի անդամին։ Բազմաթիվ էին դեպքերը, երբ, ըստ քաղաքացիների, իշխանությունից պահանջել են լուսանկարել քվեաթերթիկը և հետո ապացուցել, որ քվեարկել են իշխանության օգտին։

Քաղաքացիներից համատարած պահանջում էին ներկայանալ իշխանության հավաքներին՝ սպառնալով ազատել աշխատանքից, ենթարկել հարկային տուգանքների և այլն։ Մենք անգամ հրապարակեցինք այս փաստերն ապացուցող ձայնագրություններ, երբ մանկապարտեզների տնօրեններին են պարտադրում, սակայն որևէ արձագանք իրավապահ մարմիններից չենք ունեցել։

Ամբողջ քարոզարշավը, իշխանության հրահրմամբ, ուղեկցվել է վիրավորանքներով ու ատելության խոսքով, որի արդյունքում քաղաքացին հնարավորություն չի ունեցել հասկանալու և գնահատելու բովանդակային ծրագրերը։

Այս ընտրությունները նաև աչքի ընկան նրանով, որ տեղի են ունեցել բացահայտ միջամտություններ օտար պետություններից՝ Բաքվից, Անկարայից, Բրյուսելից, Վաշինգտոնից ու Մոսկվայից։

Արդյունքում՝ հայ ժողովրդին միավորելու փոխարեն, այս ընտրություններն ավելի են խորացրել պառակտումը, մարդկանց մեջ առավել տարածել անհանդուրժողականությունը։ Ամենամեծ խնդիրն այս պայմաններում ՔՊ իշխանության վերարտադրությունն է՝ հակահայ քաղաքականությամբ։

Մենք համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որը վերագրում է իրեն պաշտոնական արդյունքներով։ Մենք համոզված ենք, որ «Միասնության թևերի» օգտին քաղաքացիների քվեները կեղծվել են։

Հետևաբար, մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում դրանք ապօրինի, քանի որ չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։

Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց։ Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը։

Միևնույն ժամանակ, մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահեցին մեզ։ Ժողովրդավարության հիմքը քաղաքացին է, և յուրաքանչյուր քվե արժանի է հարգանքի։

Այս ընտրություններով գողացվել է Հայաստանի քաղաքացու ձայնը, նրա իրավունքը՝ որոշելու իր պետության ապագան։

Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ։ Մենք չենք պատրաստվում լռել։ Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր պատասխանատվությունից։

Մեր պայքարը շարունակվում է՝ իրավական, քաղաքական և հանրային բոլոր հնարավոր հարթակներում»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

***

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին։

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասի նախնական արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 1,477,736 ընտրող։

Նախնական տվյալներով խորհրդարան կանցնի 3 ուժ` 2 դաշինք, 1 կուսակցություն։

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։

Նախնական արդյունքներով խորհրդարան կանցնեն հետևյալ ուժերը՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %

«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28% 

«Հայաստան»  դաշինք- 145 113 քվե, 9,93%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում