Գլխավոր Լրահոս

«150,000 դրամ՝ 24 ժամում»․ Փաշինյանի ձայնով տեսանյութը ֆիշինգային խաբեություն է

«150,000 դրամ՝ 24 ժամում»․ Փաշինյանի ձայնով տեսանյութը ֆիշինգային խաբեություն է

Հայկ Հովհաննիսյան

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր կոչ է անում քաղաքացիներին միանալ իր ստեղծած նոր «համերաշխության հիմնադրամին»։ 

Տեսանյութում վարչապետը պատմում է հուզիչ պատմություն և խոստանում քաղաքացիներին 24 ժամում տրամադրել 150 000 դրամ, իսկ այնուհետև՝ շաբաթական ևս 300 000 դրամ։ Գումարը ստանալու համար օգտատերերին առաջարկվում է անցնել հղումով, որը տանում է «Ազատություն» ռադիոկայանի տարբերանշանով կեղծ հարթակ։  

«Վաղը առավոտյան ժամը 10-ին ձեր հաշվին կլինի 150 000 դրամ։ Եթե թեկուզ մեկ մարդ ասի, որ ես խոսքս չեմ պահել, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ես վայր կդնեմ իմ բոլոր լիազորությունները և ընդմիշտ կհեռանամ քաղաքականությունից»,- տեսանյութում ասում է Փաշինյանը։

Սակայն տեսանյութը կեղծ է․ այն խմբագրվել է արհեստական բանականության միջոցով։ Փաշինյանի ձայնը սինթեզվել է, իսկ խոսքը չի համապատասխանում իրական ելույթի բովանդակությանը։

Կեղծ տեսանյութը տանում է դեպի կեղծ ֆիշինգային կայք

Կեղծ տեսանյութի հիմքում՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում մայիսի 22-ին հրապարակված տեսանյութն է, որում նա խոսում է նախընտրական քարոզարշավի երթուղու մասին։ Մինչդեռ, զեղծարարները տեսանյութի վրա դրել են Փաշինյանի ձայնը կրկնօրինակող կեղծ խոսք։

Տեսանյութին կցված հղումը տանում է carumelto[.]com հասցեով հարթակ։ Այս կայքն ամբողջությամբ կրկնօրինակում է «Ազատություն» ռադիոկայանի տարբերանշանն և «X» (նախկին Twitter) հարթակի ձևավորումը։ Սա ֆիշինգային կայք է՝ հատուկ ստեղծված մարդկանց անձնական տվյալներն ու բանկային միջոցները գողանալու նպատակով։

Էկրանապատկերում՝ Ազատության տարբերանշանով կեղծ կայքը
Էկրանապատկերում՝ Ազատության տարբերանշանով կեղծ կայքը

Կեղծ կայքում, սակայն, խոսվում է ոչ թե «համերաշխության հիմնադրամի», այլ էկոնոմիկայի նախարարության հետ իբր համատեղ ստեղծված «նոր սերնդի ներդրումային պլատֆորմի» մասին։ Համակարգում գրանցվելու համար օգտատերից պահանջվում է 64 377 դրամ փոխանցել՝ որպես անձի հաստատման վճար (KYC)։ Դրանից հետո կայքը պահանջում է մուտքագրել անուն, ազգանուն և հեռախոսահամար։ Այս տվյալների հիման վրա զեղծարարները կապ են հաստատում զոհերի հետ։

Խաբեությունը լայնորեն տարածվում է Ֆեյսբուքում վճարովի թիրախային գովազդի միջոցով։ Այն միացված է «New 7.am» անունով էջից, որն ունի ընդամենը 27 հետևորդ։ 

Այն ստեղծվել է դեռևս 2019-ի մարտին՝ «Antunes BPM» անվամբ և վերանվանվել է 2026-ի մայիսի 26-ին:

Ֆեյսբուքի գովազդների գրադարանի (Ad Library) տվյալներով՝ կեղծ տեսանյութի տարածման արշավը մեկնարկել է 2026-ի հունիսի 8-ին՝ ունենալով նույն բովանդակությամբ շուրջ տասը ակտիվ հայտարարություն։

Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան կեղծ էջի թափանցիկության տվյալները
Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան կեղծ էջի թափանցիկության տվյալները

Մարդկանց վստահությունը շահելու համար զեղծարարները կիրառում են հոգեբանական հնարքներ։ Կայքում, օրինակ, տեղադրված են հորինված արձագանքներ՝ իբր սովորական հայաստանցիների անունից։ Այդ «օգտատերերը» պնդում են, թե վստահել են Փաշինյանին և արդեն ստացել խոստացված գումարը։

Նշենք, որ շաբաթներ առաջ սոցցանցերում տարածվել էր մեկ այլ նմանատիպ կեղծիք։

Տես՝ «Կեղծ ներդրումային հարթակներ՝ Սուքիասյանի և Ծառուկյանի դիփֆեյք տեսանյութերով»։ 

Այսպիսով, սոցցանցերում տարածվող տեսանյութը կեղծ է․ Փաշինյանը նման հայտարարություն չի արել, իսկ տեսանյութին կցված հղումը տանում է ֆիշինգային կայք, որը ստեղծված է օգտատերերից գումար և անձնական տվյալներ կորզելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում