Գլխավոր Լրահոս

Առաջիկայում կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել Սահմանադրության տեքստը, թե ոչ․ նախարար

Առաջիկայում կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել Սահմանադրության տեքստը, թե ոչ․ նախարար

Սահմանադրության տեքստն առաջիկա մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում կամբողջացնենք, ևս մեկ քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել այն, թե ոչ։ Այս մասին հունիսի 10-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Տեքստը պատրաստ չէ հրապարակման, քանի որ մի շարք մեր գործընկերներ չեն հասցրել դիտարկումներ ներկայացնել։ Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք»,- ասել է Գալյանը։

Նախարարը փետրվարի 4-ին 2025-ի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի և հրապարակման ենթակա կդառնա արդեն մարտին։

Լրագրողի հարցին՝ արդյոք խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստանալուց հետո «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավորություն կունենա՞ փոխել Սահմանադրությունը, նախարարն արձագանքել է, որ ՔՊ-ն մինչ այս էլ սահմանադրական մեծամասնություն չուներ, սակայն սկսել է Սահմանադրության փոփոխության գործընթացը։ 

Հարցին, թե այս պայմաններում ինչ սցենար է պատկերացնում իշխանությունը, որով Սահմանադրությունը հնարավոր կլինի փոխել, Գալյանը նշեց՝ սցենարները թողնում են ապագայի քննարկմանը։

«Խնդիր չունենք պրոցեսը կուլիսների հետևում պահելու և չենք էլ կարող։ Մեր առաջին նպատակը հանրության հետ քննարկում սկսելն է։ Դրանից հետո պետք է հասկանանք ինչ արձագանք ենք ունենում հասարակությունից։ Մենք պետք է բացատրենք նոր կարգավորումներն ինչի մասին են, պետք է անենք փոփոխություններ, վերջնականացնենք պրոցեսը, հետո կհասկանանք ինչ ճանապարհով ենք գնում»,- նշել է նախարարը։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 49,8 % քվե, ինչը չի բավարարում խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կազմելու համար։

Առանց խորհրդարանական ձայների 2/3-ի իշխող ուժը չի կարող հանրաքվեի դնել Սահմանադրության հիմնարար հոդվածների փոփոխությունները։

***

2025-ի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։

Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։

Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։

Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։

Հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Բաքվից կրկին հիշատակեցին Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում