Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի այցելել 23 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանին։ Այս մասին նախարարը լրագրողներին հայտնել է հունիսի 10-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ։
«Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին։ Երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը»,- ասել է նախարարը։
Լրագրողը նախարարից հետաքրքրվել է, թե ինչու են Օսիպյանում պահում քրեակատարողական հիմնարկի 0 հարկում, որտեղ անմարդկային պայմաններ են, նախարարն արձագանքել է, որ կապ չունի, թե որ հարկում է պահվում։
«Ես բոլոր հարկերում մշտապես լինում եմ, որևէ հարկի հետ կապված որևէ խնդիր չկա։ Մեր քրեակատարողական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են։ Նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որոնք իր կարծիքով առկա են»,- ասել է նախարարը։
Հարցին, թե ինչո՞ւ է Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրվել, նախարարն ասել է, որ իր պաշտոնն արգելում իմանալ այդ հարցի պատասխանը։
«Չգիտեմ ինչու է կոնկրետ խափանման միջոցն ընտրվել, որովհետև չեմ կարող և չպետք է իմանամ, դա իմ պաշտոնն արգելում է»,- ասել է Գալյանը։
Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել և կալանավորվել է մայիսի 18-ին՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած բանավեճից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածերով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչության իրականացմանը խոչընդոտելու համար։ Մի շարք իրավապաշտպաններ պնդում են, որ Արթուր Օսիպյանը քաղբանտարկյալ է։
Մայիսի 21-ից Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում Արթուր Օսիպյանը հացադուլ է սկսել։ Նա Նիկոլ Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել իրեն և այլ արցախցիների «փախած» անվանելու համար։












