Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի անվտանգության համար անմիջականորեն պատասխանատու նախկին աշխատակիցը՝ Գիորգի Բախուաշվիլին, նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ Բախուաշվիլին ոստիկանության գնդապետ է և մինչ այս ղեկավարում էր Գլխավոր տեսչության վարչությունը, որը պատասխանատու է նախարարության կառույցների, այդ թվում՝ պարեկային ոստիկանության և հատուկ նշանակության ստորաբաժանումների ներքին վերահսկողության համար։
Ըստ ամենայնի, նա այդ վարչության ղեկավար էր նշանակվել միայն 2026-ի ապրիլին, երբ նախարարության հետ կապվող «Everything About the Police» ֆեյսբուքյան էջը հայտնել էր այդ մասին։ Մինչ այդ Բախուաշվիլին կարճ ժամանակ զբաղեցրել էր նույն վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Նույն էջում հրապարակված կենսագրության համաձայն՝ 2007-2017-ին Բախուաշվիլին աշխատել է Պետական հատուկ պահպանության ծառայությունում՝ որպես ավագ սպա, իսկ 2017-2026-ին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՆԳՆ անվտանգության ոստիկանության վարչությունում։ Նա նաև ծառայել է Հատուկ առաջադրանքների վարչությունում՝ այսինքն հատուկ նշանակության ոստիկանությունում 2021-ին և 2023-ին։
Բախուաշվիլին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց միայն Գլխավոր տեսչության վարչության պետ նշանակվելուց հետո։ Մայիսի 23-ին ընդդիմադիր TV Pirveli-ն լայնածավալ ռեպորտաժ էր հեռարձակել՝ նշելով, որ նա առնվազն մեկ տասնամյակ զբաղվել է Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անվտանգության ապահովմամբ։
Թեև Բախուաշվիլիի՝ Իվանիշվիլիի հետ աշխատանքի ստույգ ժամկետները հայտնի չեն, մամուլի արխիվներում կան բազմաթիվ լուսանկարներ, որտեղ նա տարբեր միջոցառումների ժամանակ ուղեկցում է Իվանիշվիլիին։ Նման լուսանկարներից մեկը 2025-ի սեպտեմբերին է արվել, երբ Իվանիշվիլին Թբիլիսիում հանդիպել էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին։
TV Pirveli-ն մայիսին ընդգծել էր, որ Բախուաշվիլիի նշանակումը Գլխավոր տեսչության ղեկավարի պաշտոնում նշանակում է, որ «տասնյակ հազարավոր ոստիկանների նկատմամբ վերահսկողությունը հանձնվել է Բիձինա Իվանիշվիլիի անձնական թիկնապահին»։ Հեռուստաալիքը, հղում անելով նախարարության աշխատակիցների հետ «ոչ պաշտոնական զրույցներին», նաև ենթադրել էր, որ ապագայում Բախուաշվիլին կարող է փոխարինել գործող ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։
Ներկայում Թամազաշվիլին ունի վեց տեղակալ, որոնցից մեկը Բախուաշվիլին է։
Իվանիշվիլիի անվտանգության նախկին աշխատակիցներին բարձր պաշտոններում նշանակելը Վրաստանում նոր երևույթ չէ։ Պետական հատուկ պահպանության ծառայության ներկայիս ղեկավար Անզոր Չուբինիձեն նախկինում գլխավորել է Իվանիշվիլիի անձնական անվտանգության ծառայությունը։
Նման կենսագրություն ունի նաև ներքին գործերի նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրին, որը մինչև 2013-ը վերահսկել է Իվանիշվիլիի անվտանգությունը։ Այնուհետև նա կարճ ժամանակով զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը 2015-ին, 2015-2019-ին ղեկավարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը, իսկ 2019-2025-ին կրկին եղել է ներքին գործերի նախարար։












