Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը։ Կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, նշել է, որ դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն։
Կուսակցությունը կոչ է անում հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ, որտեղ ամփոփվելու են ընտրության արդյունքները։
«Կոչ ենք անում ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներին, հասարակական-քաղաքական հանրույթի ներկայացուցիչներին, մեր բոլոր ակտիվ ու սրտացավ քաղաքացիներին միասնական ճակատով պայքարել հանուն արդարության։ Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է ընտրողի իրավունքի վերականգման համար, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար», - գրել է Տոնոյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների 637 ընտրական տեղամասում իրականացված վերահաշվարկի արդյունքները։ Սակայն, տոկոսային ամփոփում դեռևս չի ներկայացվել։
Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ էր սկսվել։ Որոշ ընտրատեղամասի արդյունքներ էլ անվավեր են ճանաչվել։












