Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Հունիսի 11-ին պատգամավոր Ռիզվան Նաբիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «դրական է գնահատում Հայաստանում Ադրբեջանի խաղաղության օրակարգի նկատմամբ աճող աջակցությունը»։
Իշխանամետ APA գործակալության փոխանցմամբ՝ Նաբիևը նշել է, որ քարոզարշավի ընթացքում «որոշ ուժային կենտրոններ» փորձել են ազդել ընտրությունների վրա, մինչդեռ «Ադրբեջանի դիրքորոշումն այլ էր»։
«Մենք մշակեցինք խաղաղության օրակարգ և հետևողականորեն առաջ մղեցինք այն։ Նախագահի խաղաղարար նախաձեռնությունները ստիպեցին մյուս կողմին հրաժարվել ռևանշիստական քաղաքականությունից», - ասել է նա։
Հայտարարությունը հնչել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից ընդամենը մի քանի օր անց և, ըստ ամենայնի, միտված էր այդ հաղթանակը վերագրել Ադրբեջանի քաղաքականությանը։
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարևոր դեր էին խաղում նախընտրական պայքարում։ Փաշինյանը հաճախ իր երեք հիմնական մրցակիցներին անվանում էր «պատերազմի եռագլուխ կուսակցություն», մինչդեռ ընդդիմությունը խոստանում էր ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել՝ հակամարտության հարցում ավելի շահավետ լուծման հասնելու համար։
Նաբիևի ելույթից հետո նրան աջակցել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ գովաբանելով Ալիևին։
«Նախագահն անձամբ այս դահլիճում ասաց, որ մեր հաղթանակը ցնցեց բազմաթիվ շերտեր և ամբողջությամբ փոխեց տարածաշրջանի իրավիճակը», - նշել է նա։
Իշխանամետ Report լրատվամիջոցը ընտրությունները լուսաբանել է «Ադրբեջանի խաղաղության օրակարգը հաղթում է ընտրություններում» վերնագրով և գրել, որ «ռևանշիստների գաղափարախոսությունն ու երազանքները ձախողվել են»։
«Հայաստանի հասարակությունը քվեարկել է հանուն խաղաղության, ոչ թե ռևանշիզմի և պատերազմի։ Հայ ընտրողները ընտրություն էին կատարում Ադրբեջանի առաջարկած իրականության՝ խաղաղության և բարիդրացիության, տնտեսական ինտեգրման և տնտեսական շրջափակման ավարտի միջև», - գրել է Report-ը։
Նշելով, որ ընտրությունների «որոշիչ գործոնը» Բաքվի առաջարկած խաղաղության օրակարգն էր՝ Report-ը պնդել է, որ «հայ ընտրողները հասկացել են՝ Բաքվի առաջարկած պայմաններով խաղաղությունն ընդունելը ոչ միայն տարբերակ է, այլև հայկական պետականության գոյատևման միակ մեխանիզմը»։
«Այսօր Հարավային Կովկասում ձևավորված քաղաքական իրավիճակի գլխավոր ճարտարապետը Ադրբեջանն ու նախագահ Իլհամ Ալիևն են։ Նրա հեռատես քաղաքականությունը, տարբեր հարթակներում արձանագրած բազմաթիվ հաջողությունները, ստորագրած միջազգային նախագծերն ու առաջ քաշած տարածաշրջանային նախաձեռնությունները ձևավորում են Հարավային Կովկասի ապագան», - ասվում է հոդվածում։
Մեկ այլ իշխանամետ լրատվամիջոց՝ Caliber-ը, գրել է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ «հաղթողը քաղաքական գործիչ է, որը հայկական քվեաթերթիկում չկար և չէր էլ կարող լինել»՝ Իլհամ Ալիևը։
«Այս պնդումը միայն առաջին հայացքից է պարադոքսալ թվում։ Դրա ճշմարտացիությունը հաստատում են Հարավային Կովկասի ներկայիս իրողությունները», - գրել է պարբերականը։
Caliber-ը շարունակել է, որ պատերազմում պարտված հայկական ժողովուրդը «սթափ եզրակացություն է արել և մերժել է նրանց, ովքեր առաջարկում էին վերադառնալ անցյալ ու նորից անցնել նույն խաղը»։
Լրատվամիջոցը նաև պնդել է, որ ընտրությունների արդյունքները «նոր էջ» են բացել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։
«Այժմ Բաքուն ակնկալում է, որ հայկական պետությունը այս քաղաքականությունը կավարտի գործնական և իրավական մակարդակներում։ Նոր կառավարության առաջին քայլը պետք է լինի Ղարաբաղյան անջատողականության հետ կապված կիսաօրինական կառույցների մնացորդների վերջնական ապամոնտաժումը», - գրել է Caliber-ը՝ նկատի ունենալով Արցախի վտարանդի կառավարությունը։
Պարբերականը հավելել է, որ Հայաստանը պետք է նաև «բարեփոխի» իր Սահմանադրությունը։
«Երևանը պետք է կարճ ժամկետում հանրաքվե անցկացնի, ընդունի նոր Սահմանադրություն՝ առանց այն հռչակագրին հղման, որի վրա հիմնված էր «միացում» գաղափարը, և դրանով իրավական առումով փակի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»։
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում է որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման՝ պնդելով, որ Անկախության հռչակագրին արված հղման միջոցով այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Սակայն Սահմանադրությունը փոխելու հեռանկարները շարունակում են անորոշ մնալ, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկարողացավ ստանալ սահմանադրական մեծամասնություն, որն անհրաժեշտ է այդ հարցով հանրաքվե նախաձեռնելու համար։
Caliber-ը հոդվածն ավարտել է հետևյալ խոսքերով․
«Հայ ընտրողն արդեն կատարել է իր բաժին աշխատանքը։ Այժմ հերթը Հայաստանի կառավարությանն է»։












