Միացյալ Նահանգները հայտարարել է, որ խոցել է մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնք Հորմուզի նեղուցում թիրախավորել էին առևտրային նավերը։
Այս միջադեպը տեղի ունեցավ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ երկու կողմերն էլ հայտարարել էին, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիրն ավելի մոտ է, քան երբևէ։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը X-ում հայտնել է, որ Իրանը «արձակել է մի քանի միակողմանի հարձակողական անօդաչու թռչող սարքեր՝ փորձելով հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին»:
«ԱՄՆ ուժերը վերջին ժամերի ընթացքում դրանք բոլորը ոչնչացրել են»,- ասվում է հաղորդագրությունում:
Իրանից այս հաղորդագրության վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չկա:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի նախագծի վերջնականացումից հետո այն կստորագրվի «հեռավար կարգով», և դա կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին»։
«Բանակցությունների վերջնական փուլերի ավարտից անմիջապես հետո, այս համաձայնագիրը կստորագրվի և կհայտարարվի դրա մասին։ Ստորագրումն սկզբնական փուլում կկատարվի թվային (էլեկտրոնային) եղանակով։ Յուրաքանչյուր կողմը հեռավար կարգով կստորագրի փաստաթուղթը։ Դրանից հետո կհայտարարվի, որ այս փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի կողմից», - պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր Արաղչին։












