Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայում ինը ադրբեջանցի դատապարտվել է աքսորյալ բլոգերի սպանության փորձի համար

Մահամմադ Միրզալին

Մահամմադ Միրզալին

Լուսանկարը՝ Loic Venance/AFP-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ֆրանսիայի Ռեն քաղաքի դատարանը մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ինը քաղաքացիների, որոնք մեղադրվում էին աքսորյալ բլոգեր Մահամմադ Միրզալիի սպանության փորձի մեջ։ Գործով գլխավոր մեղադրյալ Էմին Գասիմովը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման և ցմահ զրկվել Ֆրանսիա մուտք գործելու իրավունքից։ Մյուս ութ մեղադրյալները ստացել են 5-15 տարվա ազատազրկման դատավճիռներ։

Միրզալիի վրա հարձակումը տեղի էր ունեցել 2021-ի մարտին Նանտ քաղաքում։ Դատական գործընթացը, սակայն, սկսվել էր միայն մայիսի 26-ին։

Հարձակման ժամանակ Գասիմովի հետ եղել են ևս երկու ադրբեջանցիներ՝ Ռովշան Գոջաևը և Մեհրաջ Զարբալիևը, որոնք դատապարտվել են համապատասխանաբար 25 և 18 տարվա ազատազրկման։ Գոջաևի նկատմամբ վճիռը կայացվել է հեռակա կարգով, և նա հետախուզվում է Ինտերպոլի կողմից։

Երկու այլ մեղադրյալներ՝ Էմին Զամանզադեն և Ռզա Մալիքովը, մեղավոր են ճանաչվել հանցագործներին աջակցելու համար և դատապարտվել համապատասխանաբար 15 և 13 տարվա ազատազրկման։

Նրանք նույնպես ցմահ զրկվել են Ֆրանսիա մուտք գործելու իրավունքից։

Մնացած երեք մեղադրյալները դատապարտվել են հինգ կամ ավելի քիչ տարվա ազատազրկման։

Միակ արդարացված անձը Ֆայիգ Փաշազադեն էր, քանի որ չի հաջողվել գտնել նրա մասնակցությունը հաստատող լրացուցիչ ապացույցներ։

Միրզալին OC Media-ին պատմել է, որ 2021-ի մարտի 20-21-ին Փաշազադեն Հունգարիայում հյուրընկալել է Գասիմովին, Գոջաևին և Զարբալիևին։ Նրա խոսքով՝ Փաշազադեն հետագայում օգնել է նրանց կեղծ անձնագրեր պատրաստել։

Քննությունը պարզել է, որ Փաշազադեի դեմ Հունգարիայում քրեական գործ էր հարուցվել, ինչից հետո նա դատապարտվել էր վեցուկես տարվա ազատազրկման՝ կողոպուտի համար։

Միրզալին OC Media-ին նաև հայտնել է, որ դատավճռի հրապարակումից հետո Գասիմովը դատարանի դահլիճում սպառնացել է իրեն՝ բղավելով, որ «Ֆրանսիայում արդարություն չկա»։ Դրանից հետո նա հայտարարել է, որ թքում է այդ արդարադատության վրա և երկար չի մնալու բանտում։

Ըստ Միրզալիի՝ Գոջաևը, որը 2024-ին Թուրքիայում ձերբակալվել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից, այժմ պահվում է Ադրբեջանում։

«Նա չի դատապարտվել, և նրա մասին որևէ տեղեկություն չկա», - ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հաջողվել է պարզել Ադրբեջանի իշխանությունների հնարավոր մասնակցությունը հարձակմանը, Միրզալին նշել է, որ դատարանի որոշմամբ քննիչները գաղտնալսող սարք էին տեղադրել Գասիմովի խցում։

Նրա խոսքով՝ արդյունքում Գասիմովը հորեղբոր հետ զրույցում խնդրել է դիմել ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովին։

«Գասիմովը հեռախոսով ասել է հորեղբորը, որ Էյվազովը գիտի, թե ինչու է ինքը ձերբակալվել։ Նա ասել է, որ բանտում է «ծերերի» պատճառով, որովհետև վիրավորել է բարձրաստիճան պաշտոնյաներին [նկատի ունենալով Միրզալիի վիրավորանքները]»։

Միրզալիի խոսքով՝ Գասիմովի հորեղբայրն այնուհետև նրան հրահանգել է ցուցմունքներում չհիշատակել SOCAR պետական նավթային ընկերությունը և Անար Ալիզադեի անունը։ Ալիզադեն ադրբեջանցի գործարար է, Socar Trading-ի հիմնադիրն ու նախկին նախագահը, ինչպես նաև SOCAR-ի նախկին նախագահ Ռովնագ Աբդուլաևի մերձավոր ազգականը։

Միրզալին 2015-ին հիմնել է Made in Azerbaijan YouTube-ալիքը, իսկ 2016-ից քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում։

Նա հայտնի է նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին հնչեցրած կոշտ քննադատությամբ ու հայհոյանքներով։

Միրզալին իշխանություններին սկսել է քննադատել, երբ, իր պնդմամբ, 2021-ին իրեն շանտաժի են ենթարկել քրոջ մասնակցությամբ ինտիմ տեսանյութի միջոցով։

«Ի՞նչ պետք է, երբ ինձ շանտաժի էին ենթարկում քրոջս միջոցով։ Պետք է ասեի՝ «շատ շնորհակալ եմ, Աստված օրհնի քեզ, Իլհամ Ալիև, դու շատ գեղեցիկ տեսանյութ ես պատրաստել իմ քրոջ մասին։ Իհարկե, ես պետք է հայհոյեի Իլհամ Ալիևին, և նրանք դա գիտեին», - ասել է նա։

Միրզալիի խոսքով՝ դատավարության ընթացքում Գասիմովն ու նրա փաստաբանները փորձում էին ամեն կերպ խուսափել Ադրբեջանի իշխանությունների անունները գործի հետ կապելուց։

«Գասիմովը պնդում էր, որ ես վիրավորել եմ իր մորը։ Այդ պահին դատավորը հարցրեց, թե կոնկրետ ո՞ր մորն եմ վիրավորել՝ կենսաբանական, թե՞ ոչ պաշտոնական մորը», - պատմում է նա։

Այնուհետև Գասիմովը հայտարարել է, թե Միրզալին վիրավորել է «ազգային արժեքները, ազգային մտածելակերպն ու պետականությունը»։

Դատավարության ընթացքում դատավորը նշել է, որ հարձակման պատճառը Միրզալիի կողմից որպես բլոգեր և լրագրող խոսքի ազատության իրացումն էր։

«Դա տեղի ունեցավ, որովհետև նա Ադրբեջանի իշխանությունների դեմ պայքարում օգտագործում էր իրեն հասանելի մեթոդները։ Նրանք ցանկանում էին օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում գլխատել Միրզալիին՝ որպես ուղերձ Եվրոպայում ապրող բոլոր այլախոհներին», - հայտարարել է դատավորը։

Միրզալին OC Media-ին ասել է, որ դատավճռից հետո որոշ չափով իրեն ավելի լավ է զգում, քանի որ այն ցույց է տալիս, որ սպանության փորձի համար կարելի է դատապարտվել 30 տարվա ազատազրկման։

«Բայց ես գրեթե մահացել էի 2021-ի մարտի 14-ին և մինչ օրս սովորական մարդու կյանք չեմ ապրում։ 2021-ի մայիսից շուրջօրյա ոստիկանական պաշտպանության տակ եմ և չեմ կարող վստահել ոչ մեկին։ Ես կիսատ կյանքով եմ ապրում», - ասել է նա։

Ադրբեջանի պաշտոնյաները դեռևս չեն արձագանքել Միրզալիի մեղադրանքներին։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում