«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկայում ընդդիմադիր բոլոր ուժերի մասնակցությամբ հանրահավաք է նախատեսվում։ Այս մասին Կարապետյանն ասել է լրատվականներին տված հարցազրույցում։
Կարապետյանի խոսքով՝ հանրահավաքը կարող է կրել «Ուժեղ և վստահելի հանրահավաք» անվանումը, քանի որ, ըստ նրա, միայն այդ դեպքում հնարավոր կլինի ստանալ ժողովրդի իրական աջակցությունը։
Անդրադառնալով ընտրակաշառքների վերաբերյալ մեղադրանքներին՝ նա դրանք որակել է հորինված և հայտարարել, որ իրենց քաղաքական ուժի անունից ընտրակաշառք բաժանած ցանկացած անձի համարում է իշխանության ներկայացուցիչ։
«Ընտրակաշառքների թեման հորինվեց, որ այդ ընթացքում իրենք բաժանեն պետության բյուջեով ընտրակաշառքներ։ Բոլորս հասկանում ենք, թե այդ մոլորված մարդիկ ինչու ձայն տվեցին Փաշինյանին»,- ասաց Կարապետյանը։
Կարապետյանն անդրադարձավ Ազգային ժողովի մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցին՝ նշելով, որ դրա շուրջ որոշումը պետք է կայացվի ընդդիմադիր բոլոր ուժերի հետ քննարկումների արդյունքում։
«Քանի որ եթե մանդատներն ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարելու Ազգային ժողովը»,- ասաց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։
Կարապետյանը հավելեց՝ մյուս կողմից մանդատները վերցնելով՝ իշխանության լեգիտիմությունն ապահովելու հարցն է։












