Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական դատարանը մերժել է անկախ լրագրող Աֆղան Սադիգովի բողոքը

Աֆղան Սադիգովը

Աֆղան Սադիգովը

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Բաքվի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել ադրբեջանցի անկախ  լրագրող Աֆղան Սադիգովի նախնական կալանքը։ Սադիգովը վերջերս արտաքսվել էր Վրաստանից, իսկ արտաքսումից ավելի քան երկու ամիս անց ձերբակալվել է Ադրբեջանում և այժմ ներգրավված է հին քրեական գործի շուրջ դատական գործընթացում։

Լրագրողի կինը՝ Սևինջ Սադիգովան, հունիսի 18-ին հայտնել է, որ Սադիգովի բողոքը մերժվել է, իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ուժի մեջ մնացել։

Նրա խոսքով՝ իրեն չի զարմացրել որոշումը, որն ընդունվել է «Իլհամ Ալիևի ղեկավարած համակարգում»։

Սադիգովը ձերբակալվել էր հունիսի 8-ին Ջալիլաբադում՝ Բաքվից շուրջ 200 կիլոմետր հեռավորության վրա։ Ձերբակալությունն իրականացրել էին դիմակավորված անձինք, իսկ նույն օրը դատարանը նրա նկատմամբ նախնական կալանք էր սահմանել։

Ձերբակալությանը նախորդել էր նրա արտաքսումը Վրաստանից, որտեղ նա բնակվում էր 2023-ի վերջից։

Ադրբեջանի իշխանությունները Սադիգովին մեղադրում են պետական պաշտոնյայից գումար շորթելու մեջ։ Նրա փաստաբանները Վրաստանում այդ մեղադրանքներն անվանել են անհիմն։

Ադրբեջանն ավելի վաղ պահանջել էր Սադիգովի արտահանձնումը Վրաստանից։ 2024-ի օգոստոսին Վրաստանի իրավապահները նրան ձերբակալել էին և տեղավորել արտահանձնման նպատակով կալանքի տակ։

Սակայն 2025-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կիրառել էր ժամանակավոր միջոցներ՝ արգելելով արտահանձնումը մինչև գործի ուսումնասիրության ավարտը։ Դրանից հետո Սադիգովն ազատ էր արձակվել։

Թբիլիսիում գտնվելու ընթացքում նա շարունակել էր կոշտ քննադատել թե՛ ադրբեջանական, թե՛ վրացական իշխանություններին, հաճախ մասնակցել հակակառավարական բողոքի ակցիաներին և համերաշխություն հայտնել երկու երկրներում հետապնդումների ենթարկվող այլախոհներին։

Չնայած ազատ արձակվելուն՝ Սադիգովի նկատմամբ շարունակում էին գործել վրացական դատարանի սահմանած ճանապարհորդական սահմանափակումները, որոնք թույլ չէին տալիս նրան լքել երկիրը և միանալ Եվրոպայում գտնվող ընտանիքին։

Ի վերջո նա արտաքսվել էր Ադրբեջան՝ Թբիլիսիի քաղաքային դատարանում ուշ երեկոյան կայացած նիստից հետո։

Որոշմանը նախորդել էր Սադիգովի անսպասելի ձերբակալությունը մի քանի ժամ առաջ՝ սոցիալական ցանցերում վրացի ոստիկաններին «վիրավորելու» մեղադրանքով։ Հենց այդ դրվագն էլ պաշտոնապես ներկայացվել էր որպես արտաքսման հիմք։

Արտաքսումից մի քանի օր առաջ Ադրբեջանում այն քրեական գործը, որով Սադիգովը ներկայումս կալանքի տակ է, կարճվել էր։ Միաժամանակ վրացական կողմը վերացրել էր նրա ճանապարհորդական սահմանափակումները։

Քննադատների կարծիքով՝ այդ քայլերը երկու երկրների իշխանությունների միջև համակարգված գործողության արդյունք էին՝ ՄԻԵԴ-ի որոշումը շրջանցելու և Սադիգովին Ադրբեջան վերադարձնելու նպատակով։

«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ քրեական գործը վերականգնվել է, երբ տուժող ճանաչված անձինք դիմել են տեղական դատարան՝ պահանջելով վերաբացել այն։

Ադրբեջանում ազատության մեջ անցկացրած երկու ամիսների ընթացքում Սադիգովը հասցրել էր ստանալ արտասահմանյան անձնագիր, սակայն, նրա խոսքով, նրան շարունակում էին արգելել լքել երկիրը և վերամիավորվել ընտանիքի հետ։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում