Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի Հատուկ քրեակատարողական ծառայության գլխավոր տնօրեն Գիորգի Պատարիձեն հրաժարական է տվել։ Դրան նախորդել էր Գլխավոր դատախազության առաջարկը՝ արդարադատության նախարարությանը ժամանակավորապես պաշտոնից հեռացնել Պատարիձեին՝ բանտարկյալ Դավիթ Փեիքրիշվիլիի ենթադրյալ ծեծի գործով քննության շրջանակում։
Հատուկ քրեակատարողական ծառայությունը OC Media-ին հաստատել է, որ Պատարիձեի հրաժարականից հետո նա ազատվել է ծառայության ղեկավարի պաշտոնից։ Նույն օրը հայտնի էր դարձել նաև դատախազության առաջարկի մասին։
Նրա հեռանալը տեղի է ունենում Վրաստանի քրեակատարողական համակարգում բռնությունների վերաբերյալ նոր ուշադրության ֆոնին։ Քննարկումները սրվել էին Գիորգի Դավիթաձեի գործից հետո։ Նա պնդում է, որ 2025-ի դեկտեմբերին բանտի աշխատակիցներն իրեն բռնաբարել և նվաստացրել են դեէսկալացիայի սենյակում։
Տե՛ս նաև՝ Վրաստանը դադարեցրել է բանտարկյալի՝ բռնաբարության մասին պնդումների հետաքննությունը
Փեիքրիշվիլիի գործն Արդարադատության նախարարության Գլխավոր տեսչությունից փոխանցվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը։ Գերատեսչությունը հայտնել է, որ անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողություններն իրականացվում են ինտենսիվորեն։
«Միաժամանակ Վրաստանի Գլխավոր դատախազությունը Արդարադատության նախարարությանը առաջարկել է ժամանակավորապես պաշտոնից հեռացնել նախարարության Հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Գիորգի Պատարիձեին»,- OC Media-ին հայտնել էր դատախազությունը։
Հատուկ քրեակատարողական ծառայությունը կտրականապես հերքում է Փեիքրիշվիլիին բանտում ֆիզիկական բռնության ենթարկելու մասին տեղեկությունները։
Գլդանիի բանտում պահվող Դավիթ Փեիքրիշվիլին երկու օրվա ընթացքում երկու անգամ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա փաստաբանը պնդում է, որ նրան ծեծել են այլ բանտարկյալներ։ Կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն OC Media-ին ասել է, որ Փեիքրիշվիլիի վերին վերջույթներին վնասվածքներ են եղել։
Փաստաբանի խոսքով՝ Փեիքրիշվիլին պատմել է, որ հոկտեմբերի 16-ին իր խուց են տեղափոխել նոր կալանավորված Վատո Կիպիանիին, որն այլ անձանց հետ հարձակվել է իր վրա։
Վատո Կիպիանիի փաստաբան Մարիկա Փխակաձեն հերքել է ծեծի մասին պնդումները։ Նա TV Formula-ին ասել է, որ Կիպիանին Փեիքրիշվիլիի հետ նույն խցում չի պահվել։
Արդարադատության նախարարության Գլխավոր տեսչությունը ենթադրյալ ծեծի գործով քննությունը սկսել էր հոկտեմբերի 20-ին, որից հետո գործը փոխանցվել է Գլխավոր դատախազությանը։
Ո՞վ է Դավիթ Փեիքրիշվիլին
Դավիթ Փեիքրիշվիլին իր եղբոր՝ Գիորգիի հետ ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերին՝ տարբեր գործերով։ Նրանց մեղադրում են համապատասխանաբար խմբային բռնության և շորթման մեջ։ Հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը եղբայրներին լրացուցիչ մեղադրանք է առաջադրել՝ պնդելով, որ 2020-2026-ին նրանք լվացել են մոտ 10 միլիոն լարի՝ 4,9 միլիոն դոլար ապօրինի ծագում ունեցող միջոցներ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։
Փեիքրիշվիլիի ենթադրյալ ծեծի մեջ մեղադրվող Վատո Կիպիանին հոկտեմբերի կեսերին ձերբակալվել էր Ավթանդիլ «Կացրո» Բիլանիշվիլիի և Շոթա Կիպիանիի հետ՝ ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով։
Կիպիանիի և Փեիքրիշվիլի եղբայրների միջև հակամարտությունը տարիների պատմություն ունի։
2020-ին Վրաստանի իշխանությունները Կիպիանիին մեղադրել էին եղբայրներին սպանելու ծրագրի մեջ։ Սակայն նրա փաստաբանի խոսքով՝ ինը ամիս կալանքի տակ մնալուց հետո նրան ազատ էին արձակել, քանի որ դատարանը չէր հաստատել ենթադրյալ դավադրության մեջ նրա մեղավորությունը։
Լրագրողները խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին հարցրել են՝ արդյոք Գլխավոր դատախազության քայլը հաստատում է, որ Փեիքրիշվիլիի խուց իսկապես մեկ այլ բանտարկյալ են տեղափոխել և այնտեղ ծեծել նրան։ Պապուաշվիլին հերքել է այդ մեկնաբանությունը։
«Ոչ, իհարկե, դա նման բան չի հաստատում։ Դա հաստատում է, որ դատախազությունը քննություն է իրականացնում և կարող է դիմել [համապատասխան մարմիններին]՝ անհրաժեշտ ցանկացած ընթացակարգ իրականացնելու համար»,- ասել է Պապուաշվիլին։
Այս պնդումները հնչում են Վրաստանի քրեակատարողական համակարգում բռնությունների մասին այլ հաղորդումների ֆոնին։ Մեկ այլ գործով բանտարկյալ Գիորգի Դավիթաձեն բանտի ուղեկցող ծառայության աշխատակցին մեղադրում է իրեն բռնաբարելու մեջ։ Գործով հիշատակվող բանտապահներից մեկը մարտին հեռացել է Վրաստանի քրեակատարողական ծառայությունից, սակայն ծառայությունը պնդում է, որ նրա հեռանալը որևէ կապ չունի Դավիթաձեի գործի հետ։
Դավիթաձեի ընտանիքը հրապարակել է ձայնագրություն, որը հեռարձակել է ընդդիմադիր TV Pirveli-ն։ Դրանում մեկ այլ բանտարկյալ՝ Գելա Իսաշվիլին, պնդում է, որ բանտի աշխատակիցներն իրեն ծեծել են Դավիթաձեին աջակցություն հայտնելուց հետո։
Հատուկ քրեակատարողական ծառայությունը կտրականապես հերքել է Իսաշվիլիի՝ թիվ 6 բանտում անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու մասին պնդումները՝ դրանք իրականությանը չհամապատասխանող անվանելով։ Ծառայությունը նաև Իսաշվիլիին մեղադրել է բանտային կանոնները բազմիցս խախտելու մեջ և հայտնել, որ 2026-ի օգոստոսին բանտի աշխատակցի նկատմամբ նրա ենթադրյալ հարձակման գործով քննություն է սկսվել։












