Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի Գլխավոր դատախազությունը դադարեցրել է բանտարկյալ Գիորգի Դավիթաձեի նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության գործով հետաքննությունը՝ հայտարարելով, որ հավաքված ապացույցները ցույց են տվել՝ նրա նկատմամբ հանցագործություն չի կատարվել։
Դավիթաձեի պնդումները հրապարակային դարձան հոկտեմբերի 2-ին, երբ նա Թբիլիսիի վերաքննիչ դատարանում հայտարարեց, որ Ռուսթավիի թիվ 6 բանտի դեէսկալացիայի սենյակում բանտապահներն իրեն բռնաբարել են։ Հատուկ քրեակատարողական ծառայությունը հերքեց պնդումները և հրապարակեց միջադեպի տեսագրությունը՝ հայտարարելով, որ դրանում բռնություն չի երևում։ Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին նույնպես ասել է, որ իր գրասենյակը տեսագրությունում ֆիզիկական բռնության ապացույց չի գտել։
Գործը մեծ արձագանք առաջացրեց Դավիթաձեի ընտանիքի շրջանում, իսկ այլ բանտարկյալներ նրան աջակցություն հայտնեցին։ Բողոքին մասնակցած բազմաթիվ կալանավորներ պնդում են, որ դրա համար ֆիզիկական և բանավոր բռնության են ենթարկվել։
Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հետաքննությունը սկսվել էր 2025-ի դեկտեմբերի 29-ին՝ Դավիթաձեի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման փաստով։ Դատախազության պնդմամբ՝ քննության ընթացքում հարցաքննվել են տասնյակ վկաներ, ուսումնասիրվել են ժամերով տեսագրություններ և իրականացվել մի քանի փորձաքննություններ։
Գերատեսչության տվյալներով՝ 2025-ի դեկտեմբերի 21-ին Դավիթաձեին տեղափոխել են բանտի դեէսկալացիայի սենյակ, քանի որ նա վիրավորել էր բանտի աշխատակիցներին, սպառնացել ինքնավնասման դիմել և ֆիզիկական բռնություն գործադրել հերթապահ խմբի անդամների նկատմամբ։
«Հետագա անձնական խուզարկության ժամանակ բանտի երեք աշխատակից պահել են նրան, իսկ մեկ աշխատակից խուզարկել է՝ հագուստի վրայից դիպչելով նրա մարմնին։ Օգտագործվել է նաև մետաղորսիչ»,- ասվում է հայտարարությունում։
Դատախազությունը հայտնել է, որ սենյակի տեսագրությունների փորձաքննությունը բռնի գործողություններ չի արձանագրել և չի հայտնաբերել նաև տեսանյութերի մոնտաժման նշաններ։ Գերատեսչության գնահատմամբ՝ այս եզրակացությունները բացառում են Դավիթաձեի նկատմամբ հանցավոր գործողությունների առկայությունը։
Դատախազությունը նաև հայտնել է, որ Դավիթաձեն ենթադրյալ սեռական բռնության մասին պատմել է 2026-ի հունվարի 12-ի հարցաքննության ժամանակ՝ փաստաբանի ներկայությամբ։ Գերատեսչությունը նշել է, որ նա հրաժարվել է բժշկական զննությունից և ֆիզիկական վնասվածքների մասին չի հայտնել։
Դատախազությունը հավելել է, որ այն աշխատակիցը, որին Դավիթաձեն նշել էր որպես ենթադրյալ բռնարար, տվյալ բանտում չի աշխատել։ Ըստ գերատեսչության՝ Դավիթաձեի պատմածը նաև հակասել է քննության ընթացքում հավաքված ապացույցներին։
Դավիթաձեի ծնողները վարչապետ Իրակլի Կոբախիձեին մեղադրել են հետաքննության արդյունքի վրա ազդելու մեջ։ Նրա հայրը՝ Ավթանդիլ Դավիթաձեն, պնդում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։ Մայրը՝ Իրմա Դավիթաձեն, հայտարարել է, որ հետաքննությունն ավարտվել է կառավարության ցանկությամբ։
Դավիթաձեի փաստաբան Սալոմե Ջանուաշվիլին TV Pirveli-ին ասել է, որ ներպետական բոլոր իրավական ընթացակարգերը սպառելուց հետո որոշումը բողոքարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։
Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 10-ին հայտարարել է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն «ամենուր և բոլորի համար», այդ թվում՝ Դավիթաձեի դեպքում։ Նա պնդումները որակել է «կեղծ մեղադրանքներ» և «շահարկումային հայտարարություններ»՝ հավելելով, որ հետաքննությունն ու հրապարակված տեսագրությունները ցույց են տվել կառավարության և քրեակատարողական համակարգի «իրական դեմքը»։
Տե՛ս նաև՝ «Մեզ ծեծում էին»․ Վրաստանում կալանավորները պատմում են աշխատակիցների բռնությունների մասին












