Գլխավոր Լրահոս

«Մեզ ծեծում էին»․ Վրաստանում կալանավորները պատմում են աշխատակիցների բռնությունների մասին

Բանտարկյալներ և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ

Բանտարկյալներ և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ

Կադրը՝ Հատուկ քրեակատարողական ծառայությունից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ռուսթավիի թիվ 6 բանտի կալանավորները պնդում են, որ իրենց ծեծել են, սպառնացել և հոգեբանական ճնշման ենթարկել, քանի որ բողոքել են՝ ի աջակցություն նույն բանտում պահվող Գիորգի Դավիթաձեի։ Վերջինս հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ բանտապահներն իրեն բռնաբարել և նվաստացրել են։

Վրաստանի Հատուկ քրեակատարողական ծառայությունը հերքել է այս պնդումները՝ հայտարարելով, որ «կատեգորիկ բացառում է բանտարկյալների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն»։ Ծառայությունը Դավիթաձեի՝ բռնաբարության մասին պնդումը նախկինում անվանել էր «բացարձակ սուտ»։

Դավիթաձեն պնդել է, որ 2025-ի դեկտեմբերին մոտ 10 բանտապահ իրեն բռնաբարել և նվաստացրել են բանտի դեէսկալացիայի սենյակում։

Նրա հայտարարություններից հետո այլ կալանավորներ նույնպես բողոքի են դուրս եկել։ Մի քանի բանտարկյալներ ասել են, որ Դավիթաձեին աջակցություն հայտնելուց հետո քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բռնություն են կիրառել իրենց նկատմամբ։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս պնդումները որակում է շահարկումներ և հայտարարում, որ քրեակատարողական համակարգում իրավիճակը վերահսկվում է։

«Հնարավոր է՝ ինչ-որ տեղ որոշակի դժվարություններ են եղել, բայց իրավիճակը լիովին վերահսկվում է։ Խաղաղության խաթարման որևէ պատճառ չկա»,- ասել է Կոբախիձեն։

Ռուսթավիի թիվ 6 բանտում պատիժ կրող Շոթա Մինասովը ընդդիմադիր TV Pirveli-ին ասել է, որ Դավիթաձեի նկատմամբ ենթադրյալ վերաբերմունքի դեմ բողոքելու համար կտրել է երակները։ Նրա խոսքով՝ դրանից հետո բանտի աշխատակիցներն իրեն դուրս են բերել խցից և ծեծել։

«Գիորգի Դավիթաձեի պատճառով, նրա համար, որ մատով խոշտանգել էին նրան [Դավիթաձեն պնդել է, որ բանտապահը մատով բռնաբարել է իրեն], ես կտրեցի երակներս և բողոքեցի»,- ասել է Մինասովը։

Նրա պնդմամբ՝ իրեն առաջին հարկ տանելուց հետո հատուկջոկատայինները ծեծել են իրեն և մեկ այլ բանտարկյալի՝ Լաշա Չաչանիձեին։

Մինասովը նաև պնդում է, որ ծեծի են ենթարկվել այլ բանտարկյալներ, այդ թվում՝ Լևան անունով մեկը և Չեդիա ազգանունով մի կալանավոր։ Նա բանտի տնօրեն Շոթա Տրապաիձեին և նրա տեղակալներին մեղադրել է բռնությանը մասնակցելու կամ այն հրահանգելու մեջ։

Մինասովի խոսքով՝ բանտի տնօրենի տեղակալը նաև սպառնացել է կալանավորել իր քաղցկեղով հիվանդ մորը, եթե ինքը հրապարակայնորեն խոսի կատարվածի մասին։

Բողոքից հետո Մինասովին և Չաչանիձեին Ռուսթավիի թիվ 6 բանտից տեղափոխել են Բաթումիի թիվ 3 բանտ, ասել է նա։

Մեկ այլ բանտարկյալ՝ Նոդար Կիկնաձեն, նույնպես ասում է, որ կալանավորները ֆիզիկական և հոգեբանական բռնության են ենթարկվել։

Կիկնաձեի խոսքով՝ բանտարկյալներին ծեծել են մինչև դեէսկալացիայի սենյակ տանելը, իսկ աշխատակիցները փորձել են այնպես անել, որ տեսախցիկները դա չնկարահանեն։

«Մինչև դեէսկալացիայի սենյակ մտնելը մեկ այլ սենյակ կա, այնտեղ էլ մեզ ծեծում էին՝ տեսախցիկները փակելով»,- TV Pirveli-ին ասել է Կիկնաձեն։

Նա նաև պնդում է, որ վատ վերաբերմունքի ձևերից մեկը ձմռանը դեէսկալացիայի սենյակի ջերմաստիճանը նվազագույնի հասցնելն էր։

Կիկնաձեի խոսքով՝ բանտում ստացած վնասվածքների պատճառով երեք ամիս անցկացրել է VivaMedi կլինիկայում։

Կալանավորված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեկո Էլիսաշվիլին հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ Ռուսթավիի թիվ 6 բանտում կալանավորները Դավիթաձեին աջակցելու բողոքի ակցիա են անցկացրել։ Նրա պնդմամբ՝ բողոքը տևել է ժամեր, բանտարկյալները գոռացել են, կոտրել պատուհաններ և ցնցել բանտը։ Նա նաև ասել է, որ մի քանի կալանավոր ինքնավնասման է դիմել։

Էլիսաշվիլին պնդել է, որ բողոքների ընթացքում բանտի վարչակազմը սկսել է կալանավորներին տեղափոխել այլ հիմնարկներ, սակայն պարզ չէ, թե տեղափոխման ընթացքում նրանց նկատմամբ ինչպես են վարվել։ Նրա խոսքով՝ այդ գիշեր բանտարկյալներին նաև թույլ չեն տվել զանգահարել Հանրային պաշտպանի թեժ գծին։

«Բանտում իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- գրել է Էլիսաշվիլին՝ կոչ անելով հրապարակել տեղեկություններ տեղափոխված բանտարկյալների և նրանց ներկայիս վիճակի մասին։

«Սոցիալական արդարության կենտրոնի» ղեկավար Թամթա Միքելաձեն հայտարարել է, որ բանտարկյալների բարձրացրած պնդումներն ու մտահոգությունները պետք է անկախ քննության արժանանան։

«Բանտարկյալներն ու դատապարտյալները տարբեր տեղեկություններ են տարածում և մտահոգություններ հայտնում բանտերում վերահսկողության ու վերաբերմունքի քաղաքականության վերաբերյալ»,- ասել է Միքելաձեն։

Նա Հանրային պաշտպանին կոչ է արել ներգրավել իր Հատուկ կանխարգելիչ խումբը և տարբեր բանտերում համակարգված մոնիթորինգ իրականացնել։

Միքելաձեն նշել է, որ խումբը կարող է առանց նախնական զգուշացման մուտք գործել փակ հաստատություններ և անձամբ, այդ թվում՝ գաղտնի պայմաններում, հանդիպել կալանավորների հետ։ Նա նաև կոչ է արել Հանրային պաշտպանին փաստաբանների և իրավապաշտպանների հետ երկխոսության հարթակ ստեղծել։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ բանտից հրապարակված տեսագրությունները ցույց են տալիս՝ ուժ կիրառելիս քրեակատարողական համակարգը գործել է միջազգային չափանիշներին և համաչափության սկզբունքին համապատասխան։

«Ես գիտեմ՝ որոնք են միջազգային չափանիշները, և այս դեպքում քրեակատարողական համակարգը գործել է այդ չափանիշներին համապատասխան»,- ասել է նա։ «Եթե բողոքներ կան, կարող են դիմել համապատասխան մարմիններին»։

Կոբախիձեն նաև ասել է, որ հետաքննության նախնական արդյունքներն արդեն հայտնի են, և պնդել, որ քննությունը պետք է հնարավորինս արագ ավարտվի։

OC Media-ն բանտարկյալների պնդումների վերաբերյալ դիմել է Վրաստանի Հատուկ քրեակատարողական ծառայությանը։ Ծառայությունը հայտարարել է, որ «կատեգորիկ բացառում է դատապարտյալների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն»։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում