Գլխավոր Լրահոս

Հոկտեմբերի 4-ի «խաղաղ հեղափոխության» գործով Վրաստանում ևս չորս մարդ ազատ կարձակվի

Հոկտեմբերի 4-ի ցույցից

Հոկտեմբերի 4-ի ցույցից

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

2025-ի հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում հակակառավարական բողոքի ակցիաների և բախումների գործով ազատազրկված ևս չորս անձ դատախազության հետ մեղքի ընդունման համաձայնագիր է կնքել։ Նրանց թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուրթազ Զոդելավան և պահեստազորի գնդապետ Լաշա Բերիձեն, որոնք հայտնի են որպես բողոքի ակցիայի «կազմակերպչական կոմիտեի» անդամներ։

Գլխավոր դատախազության և դատապարտվածների միջև համաձայնագրերը հոկտեմբերի 28-ին հաստատել է Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավոր Թամար Լոմթաթիձեն։ Զոդելավայից և Բերիձեից բացի համաձայնագիր է կնքվել նաև ցուցարարներ Գուրի Ժվանիայի և Իրակլի Չխվիրկիայի հետ։ Մեղքի ընդունման համաձայնագիր կնքելու համար բոլոր չորսը պետք է ընդունեին իրենց մեղքը։

IPN-ի հաղորդմամբ՝ Լոմթաթիձեն, ինչպես և առաջին ատյանի դատարանը, բոլոր չորսին մեղավոր է ճանաչել։ Նա յուրաքանչյուրին դատապարտել է երեք տարի մեկ ամիս ազատազրկման, որից մեկ տարի մեկ ամիսը՝ փաստացի ազատազրկում, իսկ մնացած մասը՝ պայմանական։ Քանի որ նրանք արդեն կրել են ազատազրկման ժամկետի մեծ մասը, նոյեմբերի ընթացքում ազատ կարձակվեն։

«Ես հասկանում եմ իրավական հետևանքները, և ինձ վրա որևէ ճնշում չի գործադրվել»,- դատական նիստում, IPN-ի մեջբերմամբ, ասել է Զոդելավան։

Ընդհանուր առմամբ, 2025-ի հոկտեմբերի 4-ի գործով ավելի քան 60 մարդ է մեղավոր ճանաչվել։ Նրանց առաջադրված մեղադրանքների թվում են խմբային բռնություն կազմակերպելն ու դրան մասնակցելը, ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտներ գրավելու փորձը և պետական իշխանությունը տապալելու կոչերը։

Դատապարտվածներից մի քանիսը մեղքի ընդունման համաձայնագրեր են կնքել և արդեն ազատ են արձակվել կամ առաջիկայում կազատվեն։ Իսկ նրանք, ովքեր նման համաձայնագիր չեն կնքել, մի քանի տարվա ազատազրկման պատիժ են կրում։ Միայն մեկ անձ է ազատազրկման հետ չկապված պատիժ ստացել՝ հակակառավարական ակտիվիստ և միայնակ մայր Մարիամ Մեկանծիշվիլին, որը տուգանվել է։

Զոդելավայից և Բերիձեից բացի «կազմակերպչական կոմիտեի» անդամների թվում էին օպերային երգիչ և ընդդիմադիր գործիչ Պաատա Բուրճուլաձեն, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ Պաատա Մանջգալաձեն և Իրակլի Նադիրաձեն։ Վերջին երեքը մեղքի ընդունման համաձայնագիր չեն կնքել և շարունակում են մնալ բանտում։

Բողոքի ակցիայի ամենաակտիվ նախաձեռնողներից Բուրճուլաձեն «կազմակերպչական կոմիտեի» գաղափարի մասին առաջին անգամ խոսել էր ցույցի մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ՝ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում իրեն և մյուս չորսին ներկայացնելով որպես կոմիտեի անդամներ։

Ավելի ուշ՝ դատական գործընթացի ընթացքում, Բուրճուլաձեն ասել էր, որ տեսանյութը նկարահանելու գաղափարն իրենն էր, իսկ կոմիտեի անդամներն ընտրվել էին պարզապես այն մարդկանցից, որոնք այդ պահին ներկա էին նկարահանման վայրում։ Publika-ի հաղորդմամբ՝ Բուրճուլաձեն նիստերի ընթացքում նաև ենթադրել էր, որ նրանց «կազմակերպիչներ» անվանելը գուցե սխալ էր։

«Խաղաղ հեղափոխություն»

Բողոքի ակցիան նախատեսված էր անցկացնել տեղական ինքնակառավարման ընտրությունների օրը, որոնք ընդդիմության զգալի մասը բոյկոտում էր։ Ընտրություններից ամիսներ առաջ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ խոստացել էին մեկ օրում վերջ դնել իշխող «Վրացական երազանքի» 13-ամյա իշխանությանը, սակայն որևէ հստակ ծրագիր չէին ներկայացրել։

Տե՛ս նաև՝ Հոկտեմբերի 4-ի «խաղաղ հեղափոխության» գործով դատապարտված վեց վրացի ազատ է արձակվել

Ակցիան ներկայացվում էր որպես «խաղաղ հեղափոխություն», որը պետք է հասներ նրան, ինչ ամիսներ շարունակ առանց հստակ առաջնորդության ընթացող բողոքներին չէր հաջողվել։

Սկզբում կազմակերպիչների ջանքերը կարծես արդյունք տվեցին։ Այդ օրը Թբիլիսիի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին՝ կարճ ժամանակով նոր թափ հաղորդելով աստիճանաբար մարող ամենօրյա բողոքներին։

Սակայն շուտով իրավիճակը քաոսային դարձավ։ Օպերային երգիչ և ընդդիմադիր գործիչ Պաատա Բուրճուլաձեն հայտարարեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչ Զոդելավան կոչ արեց շարժվել դեպի մոտակայքում գտնվող նախագահական պալատ։ Այնուհետև փոքր խումբը ճեղքեց պալատի ցանկապատի մի հատվածը, սակայն հատուկջոկատայինները նրանց արագ հետ մղեցին, ինչից հետո տեղ-տեղ բախումներ սկսվեցին։

Բազմությունը բաժանվեց, դժգոհությունը տարածվեց, և հանրահավաքն աստիճանաբար մարեց։

Իշխող «Վրացական երազանքն» արագ օգտագործեց նախագահական պալատի մոտ տեղի ունեցած միջադեպը հակակառավարական շարժումը հերթական անգամ քննադատելու համար՝ այն ներկայացնելով որպես բռնի և արտերկրից կազմակերպված պետական հեղաշրջման փորձ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում