Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զրկել է Սպիտակ արծվի շքանշանից՝ Լեհաստանի բարձրագույն պետական պարգևից։
Ուրբաթ հրապարակած իր տեսաուղերձում, Նավրոցիկին որոշման պատճառը համարել է Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին «ՈՒՊԱ-ի հերոսներ» անվանումը շնորհելն է։
Ուկրաինական ապստամբական բանակը (ՈՒՊԱ) Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մեղադրվում է լեհ խաղաղ բնակչության դեմ զանգվածային հանցագործությունների մեջ։ 2016-ին Լեհաստանի Սեյմը ՈՒՊԱ-ի գործողությունները ճանաչել է ցեղասպանություն։
Նավրոցկու խոսքով՝ Վոլինիայում, Արևելյան Գալիցիայում և այլ շրջաններում ՈՒՊԱ-ի ձեռքով սպանվել է Լեհաստանի առնվազն 100,000 քաղաքացի՝ միայն այն պատճառով, որ նրանք լեհ էին, հրեա կամ ազգային այլ փոքրամասնության ներկայացուցիչ։
Զելենսկին Սպիտակ արծվի շքանշանը ստացել էր 2023-ի ապրիլին՝ Լեհաստանի այն ժամանակվա նախագահ Անջեյ Դուդայի որոշմամբ։
Նավրոցկին ընդգծել է, որ իր որոշումն ուղղված չէ ուկրաինացի ժողովրդի դեմ և չի նշանակում Լեհաստանի անվտանգային քաղաքականության ռազմավարական ուղղության փոփոխություն։ Նրա խոսքով՝ Լեհաստանը շարունակում է աջակցել Ուկրաինային, քանի որ ռուսական ագրեսիան սպառնում է ողջ Եվրոպային։ Նա Ռուսաստանին անվանել է ագրեսոր, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հանցագործ։
Լեհաստանի նախագահը հիշեցրել է, որ ներկայում երկրում ապրում է ավելի քան 1,5 միլիոն ուկրաինացի, իսկ լեհական բանակը վերապատրաստել է հազարավոր ուկրաինացի զինվորների։
«Ուկրաինան ևս պետք է հիշի, որ ոչինչ այնքան չի ծառայում Կրեմլի շահերին, որքան լեհերի և ուկրաինացիների միջև հակամարտությունը։ Պատմական հիշողության շուրջ ամեն վեճ թուլացնում է մեր ժողովուրդներին և ուժեղացնում նրանց, ովքեր ուզում են բաժանել ու նվաճել Եվրոպան»,- ասել է Նավրոցկին։
Ի պատասխան՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան հրաժարվել է «Լեհաստանի առջև ունեցած վաստակի համար» շքանշանից, որը ստացել էր 2022-ին։ Նա պարզաբանել է, որ հարցը շքանշանները չեն, այլ վերաբերմունքը։ Սիբիհան Զելենսկուն շքանշանից զրկելու որոշումը որակել է Վարշավայի ռազմավարական սխալ։












