Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին բանավոր ընթացակարգով կքննի ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումները, հայտնում են Սահմանադրական դատարանից:
«Սահմանադրական դատարանը հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026-ի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026-ի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սահմանադրական դատարանից նշում են, որ նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026-ի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Ձայների չնչին տարբերությամբ 4% անցողիկ շեմը չհաղթահարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով սկսվել էր ընտրությունների արդյունքների վերահաշվարկ։ ԲՀԿ-ին ընտրությունների նախնական արդյունքներով մի քանի տասնյակ ձայն էր պակասում 4-տոկոսանոց շեմը հաղթահարելու և խորհրդարան անցնելու համար։ Վերահաշվարկի և տեխնիկական սխալների շտկման արդյունքում ԲՀԿ ձայները ավելացել էին 147-ով։ Քվեարկության արդյունքները անվավեր ճանաչված ընտրատեղամասերում ԲՀԿ-ն 222 ձայն էր ստացել, որոնք պակասել էին արդյունքները չեղարկելուց հետո։ Սա նշանակում էր, որ այն ընտրատեղամասերում, որտեղ քվերակության արդյունքները անվավեր էին ճանաչվել ԿԸՀ-ի կողմից, վերաքվեարկության կազմակերպման դեպքում «Բարգավաճ Հայաստանը» ամենայն հավանականությամբ կանցներ խորհրդարան։












