Հունիսի 12-ին Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարեց, թե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Երկու երկրները, սակայն, կարճ ժամանակ անց հերքեցին, որ բանակցություններն ավարտված են կամ վերջնական համաձայնություն է ձեռք բերվել։ Հունական Newsbomb կայքը գրում է, որ Իսլամաբադը, որը ներգրավված է բանակցային գործընթացում որպես տեխնիկական աջակցող կողմ, փորձում է իրավիճակը ներկայացնել որպես սեփական դիվանագիտական հաջողություն՝ վտանգելով ինչպես իր հեղինակությունը, այնպես էլ ԱՄՆ–Իրան բանակցությունների շուրջ ձևավորված փխրուն վստահությունը։
Ներքին խորը անկայունություն և միջազգային վստահության պակաս ունեցող երկրի համար ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների միջնորդությունը նման էր փրկօղակի։ Պակիստանը, որը երկար ժամանակ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է եղել ահաբեկչության հետ կապված մեղադրանքների համար, հանկարծ հայտնվել է բարձր խաղադրույքներով դիվանագիտական գործընթացի կենտրոնում։
Պարսից ծոցի ճգնաժամում իր կարևորությունն ընդգծելու նպատակով Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարեց, թե հակամարտող կողմերը «համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ», մինչդեռ տեղում իրավիճակը բոլորովին այլ էր։ Շարիֆի այս հայտարարությունից անմիջապես հետո թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ն ընդգծեցին, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Իրավիճակից օգտվելու և սեփական նշանակությունը ցուցադրելու փորձը կարող է հակառակ արդյունքն ունենալ։
Ակնհայտ է, որ միջնորդական գործընթացին աջակցողի դերը վեր էր Իսլամաբադի քաղաքական կշռից։ Թվում էր, թե Պակիստանին ավելի շատ հետաքրքրում էր խաղաղարարի կերպարով ներկայանալը, քան պարզապես բանակցությունների կազմակերպմանը նպաստելը։ Իրական մրցավազքի ավարտից առաջ հաղթանակ հայտարարելով՝ Պակիստանը հատում է սահմանը, որը բաժանում է դիվանագիտությունը ինքնագովազդից։
Ուշագրավ է, որ Շարիֆը քննադատում էր «ապատեղեկատվական արշավը», մինչդեռ ինքն էր փորձում բանակցությունները ներկայացնել որպես դիվանագիտական մեծ հաղթանակ։ «Մի կողմ դնելով ամբողջ աղմուկը՝ կարող ենք հաստատել, որ խաղաղության համաձայնագրի վերջնական, կողմերի համաձայնեցրած տեքստն արդեն պատրաստ է, և Պակիստանը սերտ աշխատում է երկու կողմերի հետ՝ հաջորդ քայլերը վերջնականացնելու համար,- հայտարարել էր նա։- Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել»։
Իրանը հերքեց պնդումները, թե վերջնական տեքստը հաստատվել է՝ նշելով, որ առանցքային հարցերի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, և որ Թեհրանը չի պատրաստվում զիջել իր կարմիր գծերը։ ԱՄՆ պաշտոնյաները ևս ընդգծեցին, որ բանակցությունները դեռ չեն հասել ավարտական փուլին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր Պակիստանն այդքան շտապում հայտարարել հաջողության մասին, երբ հիմնական կողմերը դեռ չէին հաստատել հրադադարը ո՛չ խոսքով, ո՛չ գործով։
Քանի որ Իրանը Մերձավոր Արևելքի մի շարք երկրների դիտարկում է որպես ռազմավարական մրցակից, իսկ ԱՄՆ-ն ցանկանում էր Չինաստանին և Ռուսաստանին հեռու պահել բանակցային գործընթացից, թվում էր՝ Պակիստանը ամենահարմար տարբերակն է։ Այդ դերի համար, ըստ էության, իրատեսական այլ թեկնածու չկար։
Սակայն Իսլամաբադն այս հնարավորությունը փորձեց վերածել սեփական միջնորդական դերի ցուցադրության և այն ներկայացնել որպես միջազգային աճող վստահության ապացույց։
Պակիստանը պարզապես օգտվեց ստեղծված քաղաքական և դիվանագիտական վակուումից, թեև շատերը կասկածի տակ էին դնում այդ դերը ստանձնելու նրա կարողությունները։
Պակիստանի ղեկավարության համար սա նոր վարքագիծ չէ. Իր միջազգային դերը ցուցադրելու նպատակով խորհրդանշական հաղթանակներ փնտրելը վաղուց նրա արտաքին քաղաքականության բնորոշ գիծն է։ Աշխարհն այդ երևույթին ականատես է եղել թե՛ Աֆղանստան խորհրդային ներխուժման, թե՛ հետագայում ամերիկյան ռազմական գործողությունների ժամանակ։
Իսկական և արդյունավետ միջնորդությունը ենթադրում է չեզոքություն, վստահելիություն, համբերատարություն, արժանահավատություն, ռազմավարական ինքնակառավարում և դիվանագիտական զսպվածություն։ Պակիստանը ԱՄՆ–Իրան բանակցություններում միջնորդ չէ։ Սակայն նույնիսկ որպես գործընթացին աջակցող կողմ՝ նա պարտավոր է ցուցաբերել այդ հատկանիշները։
Ընթացող բանակցությունների լրջության պայմաններում նույնիսկ աննշան դիվանագիտական կամ ռազմական քայլերն ազդում են միջազգային զարգացումների վրա, խաթարում մատակարարման շղթաները և խորացնում էներգետիկ ճգնաժամը։
Միջնորդական հաջողության մասին Պակիստանի առաջնորդների հայտարարությունները կարող են կարճաժամկետ հրապարակայնություն ապահովել, սակայն դրանք նաև երկարաժամկետ ռիսկեր են պարունակում։ Իրանի և ԱՄՆ-ի միջև վստահությունը բանակցային գործընթացի ամենազգայուն բաղադրիչներից է, ուստի Իսլամաբադի ինքնագովազդից բխող նույնիսկ փոքր շփոթը կարող է վտանգել կամ նույնիսկ տապալել բանակցային ամբողջ գործընթացը։
Երբ Պակիստանը հայտարարում էր, թե համաձայնագիրը վերջնականացված է, և ակնհայտորեն չէր կարողանում դիմակայել միջազգային ուշադրության կենտրոնում հայտնվելու գայթակղությանը, շարունակում էին մնալ լուրջ հարցեր՝ կապված իրական առաջընթացի և պաշտոնական կարգավորման անորոշության հետ։ Առավել ևս, որ թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ն հրապարակայնորեն չէին հաստատել տարաձայնությունների բազմաթիվ հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Մեծ է հավանականությունը, որ Իսլամաբադը պարզապես տարվել է բանակցությունների կազմակերպմանը նպաստելու ընձեռված հնարավորությամբ և այժմ փորձում է սեփական նշանակությունն ընդգծել ԱՄՆ–Իրան բանակցային գործընթացում։ Սակայն եռանդուն այս մոտեցումը կարող է հակառակ արդյունքը տալ։ Եթե Պակիստանի՝ հրապարակայնություն փնտրող ղեկավարությունը միջազգային դիվանագիտական հարթակում տպավորություն անհամբերություն դրսևորի, ապա երկիրը կարող է վնասել հենց այն հեղինակությանը, որը փորձում էր ամրապնդել։












