Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի լա» խաղատան լիցենզիան

Ուժը կորցրած է ճանաչվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատան իրավաբանական անձ՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ»-ի լիցենզիան։ Հրամանը ստորագրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն էլ այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ կից ներկայացնելով համապատասխան որոշումը։
Պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ որոշման պատճառը ընկերության կողմից ներկայացված տվյալների կեղծումն է։
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2026-ի մարտ ամսվա ֆինանսական հաշվետվությունների և խաղային ապարատների հաշվիչների փաստացի ցուցմունքների միջև առկա են անհամապատասխանություններ։ Խաղադրույքների, շահումների, մուտքերի և ելքերի վերաբերյալ ներկայացված տվյալները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ։
Սպառողների շահերի պաշտպանության նկատառումներով այս վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման և ուժի մեջ է մտնում ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից։
«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ն իրավունք ունի որոշումը երկամսյա ժամկետում բողոքարկել վարչական կարգով կամ ՀՀ վարչական դատարանում։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում փաստացի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԲՀԿ-ին շեմը հաղթահարելու հնարավորությունից զրկելուց հետո սա Ծառուկյանին ընտանիքին պատկանող բիզնեսների դեմ գործերից հերթականն է։
Մայիսի 20-ին Փաշինյանը հայտարարեց, որ Ծառուկյանին պատկանող ամենամեծ ակտիվը՝ «Արարատցեմենտը», վերադարձվելու է պետությանը։ Նույն օրը Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Բացի այդ, իրավապահները «Արարատցեմենտ» ընկերության հողամասերի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել էին մի շարք խախտումներ:
Հունիսի 16-ին Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մի շարք խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ» ընկերությանը պատկանող «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում։
***
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկի փուլում ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց երեք ընտրատեղամասերի արդյունքներ և հունիսի 14-ին հաստատեց վերջնական արդյունքները՝ առանց վերաքվեարկություն նշանակելու։ Դրա հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չհաջողվեց վերականգնել անհրաժեշտ ձայները և հաղթահարել 4 տոկոսի անցողիկ շեմը, ինչից հետո ԿԸՀ-ի որոշումը քննադատեցին ընդդիմադիր ուժերն ու դիտորդները։
Կազմակերպություն
Հասանելի է
english










