Գլխավոր Լրահոս

Ինգուշեթիան կրկին Ռուսաստանի ամենաաղքատ շրջանն է․ վիճակագրություն

Մագաս, Ինգուշեթիա

Մագաս, Ինգուշեթիա

Լուսանկարը՝ Gazeta Ingushetia-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ռուսաստանի շրջանների շարքում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների ցուցանիշով Ինգուշեթեիա կրկին վերջինն է՝ 85-րդ տեղում։ Սա են ցույց տալիս ռուսական պետական RIA Rating գործակալության հունիսի 22-ին հրապարակած վարկանիշի տվյալները, որոնք հիմնված են տնային տնտեսությունների միջին եկամուտների և ապրանքների ու ծառայությունների ֆիքսված զամբյուղի արժեքի հարաբերակցության վրա։

Ըստ տվյալների՝ Ինգուշեթիայում եկամուտների և հիմնական սպառողական զամբյուղի արժեքի հարաբերակցությունը կազմում է մոտ 1.20, ինչը երկրի ամենացածր ցուցանիշն է։

Միջին ամսական եկամուտը գնահատվում է շուրջ 26,800 ռուբլի (360 դոլար), ինչը նույնպես ամենացածր մակարդակն է Ռուսաստանի բոլոր շրջանների համեմատ։

Հանրապետությունում աղքատության ցուցանիշները շարունակում են մնալ ամենաբարձրը երկրում։ RIA Rating-ի տվյալներով՝ 2023-2024-ին կենսապահովման նվազագույն շեմից ցածր եկամուտ ունեցող բնակչության մասնաբաժինը կազմել է շուրջ 25 տոկոս, իսկ 2025-ի որոշ գնահատականներով այդ ցուցանիշը հասել է մինչև 30 տոկոսի։

Համեմատության համար՝ Ռուսաստանում միջին ցուցանիշը կազմում է մոտ 7-10 տոկոս, իսկ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ մոտ 3.5-4.5 տոկոս։

Հյուսիսային Կովկասի մյուս հանրապետությունները եկամուտների մակարդակով ավելի բարձր դիրքերում են. Չեչնիան 77-րդն է, Հյուսիսային Օսիան՝ 71-րդը, Կաբարդա-Բալկարիան՝ 66-րդը, իսկ Դաղստանը՝ 57-րդը։ Այնուամենայնիվ, բոլորն էլ շարունակում են մնալ ազգային վարկանիշի ստորին հատվածում։

Վարկանիշում ներառված են նաև Ուկրաինայի բռնակցված Ղրիմը և Սևաստոպոլը, ինչպես նաև մասնակիորեն օկուպացված Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերը։

Ինգուշեթիան Ռուսաստանում առաջին տեղում է նաև գործազրկության մակարդակով։ RIA Rating-ի ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ գործազրկությունը կազմում է աշխատունակ բնակչության շուրջ 25-27 տոկոսը, ինչը ավելի քան տասն անգամ գերազանցում է Ռուսաստանի միջին ցուցանիշը՝ մոտ 2.3 տոկոսը։

Հանրապետությունը նաև տարիներ շարունակ մնում է բնակչության խնայողությունների ամենացածր մակարդակ ունեցող շրջաններից մեկը։ Կենտրոնական բանկի տվյալների հիման վրա RIA Rating-ի անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ մեկ շնչին բաժին ընկնող միջին բանկային խնայողությունները կազմում են մոտ 24,600 ռուբլի (333 դոլար)։

Համեմատության համար՝ Մոսկվայում այդ ցուցանիշը գերազանցում է 1.8 միլիոն ռուբլին (25 հազար դոլար) մեկ անձի հաշվով։

Տարիներ շարունակ Ինգուշեթիան զբաղեցնում է Ռուսաստանի սոցիալ-տնտեսական վարկանիշների վերջին հորիզոնականները։ Տարածաշրջանային զարգացման համակցված ցուցանիշներով այն կանոնավոր կերպով հայտնվում է 84-85-րդ տեղերում՝ հնարավոր 85-ից։

Տարածաշրջանի տնտեսական կառուցվածքը շարունակում է սահմանափակ մնալ։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած, իսկ զբաղվածության զգալի մասը կենտրոնացած է պետական հատվածում և ծառայությունների ոլորտում։

Հանրապետության տնտեսությունը մեծապես կախված է դաշնային բյուջեից ստացվող փոխանցումներից։

Չնայած աղքատության և գործազրկության բարձր մակարդակին՝ Ինգուշեթիան շարունակում է մնալ Ռուսաստանի ամենաերիտասարդ բնակչություն ունեցող տարածաշրջաններից մեկը։ Սակայն այդ ժողովրդագրական առանձնահատկությունը չի ուղեկցվել աշխատատեղերի կամ տնտեսական ներուժի համարժեք աճով։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում