Հայաստանը վերջին տարիներին դարձել է Հնդկաստանի սպառազինության առաջատար գնորդը։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2022-2024 թվականներին հնդկական զենքն ապահովել է Հայաստանի սպառազինության ներմուծման 43%-ը կամ առաջատար մատակարարը՝ այդ դերում փոխարինելով Ռուսաստանին։ 2025-26 ֆինանսական տարում Հնդկաստանի՝ ավելի քան 4 մլրդ դոլարի պաշտպանական արտահանման զգալի մասը բաժին է ընկել հենց Հայաստանին, որը ձեռք է բերել շուրջ 2 մլրդ դոլարի Akash-1S հակաօդային համակարգեր, Pinaka ռեակտիվ կրակային համակարգեր, Swathi ռադարներ և ATAGS հաուբիցներ։ Այժմ Նյու Դելիի՝ սպառազինության գնորդների շարքին ավելանում է Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)։ Թեմայի մասին գրել է Reuters-ը։
Հնդկաստանի կառավարությունն ԱՄԷ-ի հետ բանակցում է իր առաջատար պաշտպանական համակարգերից մի քանիսի, ներառյալ գերձայնային BrahMos թևավոր հրթիռների վաճառքի շուրջ, Reuters-ին հայտնել են հնդկական չորս աղբյուրներ։ Պարսից ծոցի այս երկիրը մերձավորարևելյան պատերազմից հետո ակտիվացրել է սպառազինության ձեռքբերումը։
Քննարկումները, որոնց մասին նախկինում չէր հաղորդվել, ներառում են նաև Հնդկաստանի Akashteer հակաօդային պաշտպանության համակարգի հնարավոր վաճառքը, ասել են աղբյուրները։ «ԱՄԷ-ն հետաքրքրություն է ցուցաբերել մեր մի շարք զինատեսակների, այդ թվում՝ BrahMos-ի և Akashteer-ի նկատմամբ։ Հնդկաստանի և ԱՄԷ-ի միջև բանակցությունները սկզբնական փուլում են և արագ առաջ են ընթանում»,- ասել է հարցին անմիջականորեն տեղյակ երրորդ աղբյուրը։
Հնդկաստանի պաշտոնյաներն ու ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանության հարցումներին չեն արձագանքել։
Հնդկաստանի և Ռուսաստանի կողմից համատեղ մշակված BrahMos-ը աշխարհի ամենաարագ թևավոր հրթիռներից է և կարող է արձակվել ցամաքային, ծովային ու օդային հարթակներից, իսկ Akashteer-ը լիովին ավտոմատացված հակաօդային պաշտպանության համակարգ է, որը մշակել են Հնդկաստանի պետական Bharat Electronics Ltd ընկերությունն ու հնդկական բանակը։
ԱՄԷ-ն դիտարկում է պաշտպանական տեխնիկայի ձեռքբերումը Հնդկաստանից և այլ աղբյուրներից այն բանից հետո, երբ պատերազմի ընթացքում ենթարկվեց Իրանի ուժգին հարձակումներին, և քանի որ ուժեղացնում է ի հայտ եկող սպառնալիքներին արձագանքելու իր կարողությունները։ Նա նաև պետք է պաշտպանի Հորմուզի նեղուցը՝ իր էներգակիրների արտահանման կարևորագույն ճանապարհը։
Այս տարվա սկզբին ԱՄԷ-ն Հարավային Կորեայի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր՝ պաշտպանական ոլորտում համագործակցության խթանման ուղղությամբ, որի արժեքը կգերազանցի 35 մլրդ դոլարը։
«Մատակարարների դիվերսիֆիկացված ցանցն ԱՄԷ-ին տալիս է ավելի մեծ ռազմավարական ինքնավարություն, իսկ Հնդկաստանի հետ ավելի սերտ կապերն ունեն այն լրացուցիչ առավելությունը, որ չեն գրգռում ԱՄՆ-ին, քանի որ երկրները մնում են դաշնակիցներ»,- ասել է հակամարտությունների մոնիթորինգով զբաղվող Armed Conflict Location & Event Data խմբի՝ Հարավային Ասիայի հարցերով ավագ վերլուծաբան Փըրլ Փանդյան։
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2021-2025 թվականներին ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք զենքի ամենախոշոր մատակարարն էր և ապահովել է ներմուծման 54%-ը, որին հաջորդում են Իտալիան՝ 12%-ով, և Ֆրանսիան՝ 11%-ով։
Մինչև ԱՄԷ-ին BrahMos վաճառելու որևէ գործարք կնքելը Հնդկաստանին կպահանջվի Ռուսաստանի համաձայնությունը, քանի որ 290 կմ հեռահարությամբ հրթիռը մշակվել է համատեղ։ Աղբյուրներից մեկն ասել է, որ դա, ամենայն հավանականությամբ, խոչընդոտ չի դառնա՝ հաշվի առնելով Մոսկվայի ու Աբու Դաբիի սերտ կապերը։
SIPRI-ի սպառազինության փոխանցումների ծրագրի ավագ հետազոտող Սիմոն Վեզեմանն ասել է, որ ինչպես BrahMos հրթիռը, այնպես էլ Akashteer համակարգը կարող են բավարարել ԱՄԷ-ի կարիքները, թեև Պարսից ծոցի երկրներին զենք վաճառելու միջազգային մրցակցությունն աճում է, և ԱՄԷ-ն արդեն փորձ ունի այլ մատակարարների հետ։
Հնդկաստանի և ԱՄԷ-ի ավելի սերտ կապերը
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ ԱՄԷ-ն արդեն ունի ամերիկյան MGM-168 ATACMS բալիստիկ հրթիռներ, որոնց առավելագույն հեռահարությունը 300 կմ է։ Հակաօդային պաշտպանության համար նա ունի ամերիկյան բարդ THAAD և Patriot համակարգերը։
Akashteer-ը կօգնի միավորել այլ սարքերից ստացվող տեղեկությունները՝ օդային սպառնալիքին դիմակայելու համար, ասել են պաշտպանության ոլորտի փորձագետները։
Թեև Հնդկաստանի դեպքում եղել են զենքի արտահանման գործարքների մասին հաղորդումներ, որոնք ոչ միշտ են պսակվել հաջողությամբ, Վեզեմանն ասել է, որ ԱՄԷ-ին և Պարսից ծոցի այլ երկրներին առաջիկա վաճառքները հնարավոր են։
Վերջին տարիներին Հնդկաստանի և ԱՄԷ-ի միջև սերտացած կապերը հանգեցրել են առևտրի ու էներգետիկայի ոլորտում մի շարք գործարքների, ինչպես նաև ռազմական տեխնիկա համատեղ մշակելու համաձայնագրի։
Հնդկաստանի առաջատար զինատեսակները վաճառելու շուրջ բանակցությունները տարածաշրջանում փոփոխվող դաշինքների ևս մեկ վկայություն են, և Հնդկաստանն իր խորացող գործընկերությունը դիտարկում է որպես հակակշիռ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև վերջերս կնքված պաշտպանական պայմանագրին, Reuters-ին ասել են Հնդկաստանի կառավարության երկու աղբյուր։
«Աճող կապերը պետք է դիտարկել նաև տարածաշրջանային ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումների, մասնավորապես՝ տարածաշրջանում առաջատարության համար Էր-Ռիյադի ու Աբու Դաբիի մրցակցության համատեքստում»,- ասել է Փանդյան։
«Հնդկաստանի և ԱՄԷ-ի միջև ընդլայնված պաշտպանական կապերն ըստ էության ռազմավարական ազդանշան են և երկու երկրներին հնարավորություն են տալու ցուցադրել իրենց գործընկերությունների ուժն ու խորությունը»,- հավելել է նա։
Հնդկաստանի պաշտպանական արտահանումը կտրուկ աճում է
Անցյալ տարի Հնդկաստանի և Պակիստանի միջև քառօրյա պատերազմը, երբ Հնդկաստանն առաջին անգամ մարտում կիրառեց զինատեսակներ, այդ թվում՝ BrahMos-ը, այլ երկրների մոտ գնորդական հետաքրքրություն առաջացրեց, ասել է հնդկական աղբյուրներից երկուսը։
Այդ ժամանակվանից ի վեր Հնդկաստանը գործարքներ է կնքել BrahMos-ը Վիետնամին և Ինդոնեզիային վաճառելու շուրջ։ Հետաքրքրություն են ցուցաբերել նաև Թաիլանդը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Բրազիլիան և Չիլին, ասել են երկու աղբյուրները։ Այդ երկրների՝ Նյու Դելիում գործող դեսպանատները մեկնաբանություն խնդրանքներին չեն պատասխանել։
BrahMos-ի միակ նախորդ վաճառքը Ֆիլիպիններին էր՝ 2022 թվականին։
Հնդկաստանի կառավարության տվյալներով՝ երկրի պաշտպանական արտահանումը 2026-ի մարտին ավարտվող տարում կտրուկ աճել է՝ հասնելով ավելի քան 4 մլրդ դոլարի՝ 2013-14 թվականների ընդամենը 7,26 միլիոն դոլարից։
SIPRI-ի տվյալներով՝ Հնդկաստանը նաև աշխարհում զենքի երկրորդ ամենախոշոր գնորդն է, որին բաժին է ընկնում համաշխարհային զենքի ներմուծման ավելի քան 8%-ը։












