«Սատիրա», թե՞ նպատակաուղղված արշավ․ ինչպես Գայանե Աբրահամյանին կապեցին Բաքվի նախաձեռնող խմբի համաժողովի հետ

Ֆեյսբուքյան «Դեղին մամուլ» էջը հունիսի 24-ին հրապարակել է «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանի լուսանկարը՝ վրան գրված, թե նա ԱՄՆ Կոնգրեսում կմասնակցի «ադրբեջանցիներին Հայաստան բերելու» կոնֆերանսին։
Խոսքը Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կապիտոլիումում, Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպած «Վերադարձի իրավունք և ինքնորոշում․ երկակի ստանդարտներ և ընտրովի մոտեցումներ» խորագրով համաժողովի մասին է։

Թեև լուսանկարին կից գրառումից կարելի է եզրակացնել, որ տեքստը ներկայացված է երգիծական ոճով, մեկնաբանություններում օգտատերերի արձագանքներից պարզ չէ, որ նրանք այն ընկալել են որպես հորինված կամ սատիրիկ բովանդակություն։ Ավելին, մեկնաբանությունների մի մասում Աբրահամյանի հասցեին հնչում են վիրավորանքներ և թիրախավորող արտահայտություններ, իսկ որոշ օգտատերեր հրապարակման հորինված պնդումները ներկայացնում են որպես իրական։
Հրապարակմանը ֆեյսբուքյան իր էջում հունիսի 24-ին անդրադարձել է Գայանե Աբրահամյանը՝ նշելով, որ այս օրերին Իտալիայում է և այս տարի ԱՄՆ մեկնել դեռ չի պլանավորում։
«Էս գրողները շատ լավ գիտեն, որ ես արդեն մի քանի տարի շարունակ հնարավոր բոլոր միջազգային հարթակներում պայքարում եմ ադրբեջանական զավթողական «արևմտյան ադրբեջան» ծրագրի դեմ։ ԵԱՀԿ-ում նախորդ տարվա մի քանի ելույթներիցս ու մեր միջոցառումներից հետո մեկ էլ ադրբեջանցիք էին սենց պայքարում իմ դեմ, լրիվ նույնական եք»,- արձագանքել է Աբրահամյանը։
«Դեղին մամուլ» էջը Աբրահամյանին թիրախավորել էր նաև հունիսի 18-ին։ Այդ հրապարակման մեջ նրան ներկայացնում էին որպես «ադրբեջանցիներին Հայաստան բերելու» թեմայով հանրությանը մոլորեցնող գործիչ՝ կրկին կապելով նրան ադրբեջանական օրակարգի հետ։

Սակայն, ի տարբերություն նախորդ հրապարակումների, որոնք մեծ արձագանք չէին ստացել, հունիսի 24-ի գրառման տակ օգտատերերի մի մասը մեկնաբանել է ոչ թե որպես սատիրիկ բովանդակությանը, այլ որպես իրական տեղեկության՝ Աբրահամյանի հասցեին հնչեցնելով վիրավորանքներ։
Վաշինգտոնում անցկացված համաժողովի մասին
Հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրես շենքում մեկնարկած համաժողովը կազմակերպել էր Բաքվի նախաձեռնող խումբը (Baku Initiative Group)՝ Ադրբեջանի իշխանությունների հետ կապվող հասարակական կազմակերպություն, որը միջազգային հարթակներում հիմնականում հանդես է գալիս ապագաղութացման, փոքրամասնությունների իրավունքների և ինքնորոշման թեմաներով։ Կառույցի գործունեությունը, սակայն, հիմնականում կենտրոնացած է Ադրբեջանի քաղաքական հակառակորդների կամ Հայաստանի գործընկեր երկրների, հատկապես Ֆրանսիայի, վրա։
Տեղադրություն
Կազմակերպություն
Նելլի Լազարյան
CivilNetCheck










