Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- ասաց Մարտիրոսյանը։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԲՀԿ-ին շեմը հաղթահարելու հնարավորությունից զրկելուց հետո Դատախազությունը խախտումներ է արձանագրում Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում։
Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները նախընտրական քարոզարվաշի ժամանակ Ծառուկյանի կուսակցությանը, միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքներին անվանում էին «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ Փաշինյանը պնդում էր, թե նրանց նպատակն է գալ իշխանության ու խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և խոստանում նրանց ունեզրկել»։
***
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկի փուլում ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց երեք ընտրատեղամասերի արդյունքներ և հունիսի 14-ին հաստատեց վերջնական արդյունքները՝ առանց վերաքվեարկություն նշանակելու։ Դրա հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չհաջողվեց վերականգնել անհրաժեշտ ձայները և հաղթահարել 4 տոկոսի անցողիկ շեմը, ինչից հետո ԿԸՀ-ի որոշումը քննադատեցին ընդդիմադիր ուժերն ու դիտորդները։










