«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում ընթացող նիստի ժամանակ կասկածի տակ է դրել դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրական վեճի քննությանը՝ հիմնավորելով դա նրա նախկին քաղաքական կապերով և փաստաբանական գործունեությամբ։
Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին բանավոր ընթացակարգով քննում է ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումները:
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում նիստի ժամանակ Վարդևանյանը նշել է, որ Սաֆարյանը զբաղեցրել է պատգամավորի թեկնածուների ցուցակի երրորդ հորիզոնականը մի քաղաքական ուժի կազմում, որն այժմ դատարանում հանդիսանում է դիմող սուբյեկտ։
Սեդա Սաֆարյանը 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել։
Ըստ Վարդևանյանի՝ Սեդա Սաֆարյանի պաշտոնավարման ընթացքում Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բավարարել հենց նրա կողմից ժամանակին՝ որպես փաստաբան ներկայացված բողոքը։ Նա շեշտել է, որ այդ որոշման մեջ բացակայում է որևէ նախադասություն այն մասին, որ դատավորն այլևս առնչություն չունի տվյալ գործի հետ, ինչը, ըստ փաստաբանի, պատշաճ քննարկման առարկա չի դարձել աշխատակարգային նիստի ժամանակ։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, անդրադառնալով դատավորների մասնակցության վերաբերյալ բարձրացված մտահոգություններին, հայտարարել է, որ դատավորի մասնակցության անհնարինության հարցը ՍԴ որոշման առարկա դառնալու համար անհրաժեշտ է, որ այն բարձրացվի դատավորներից որևէ մեկի կողմից։
Նիստի ընթացքում դիմող կողմի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են դատավոր Սեդա Սաֆարյանի անաչառության վերաբերյալ իրենց կասկածները։ Արամ Վարդևանյանը հիշեցրել է Սաֆարյանի նախկին հայտարարությունն այն մասին, որ «վերադարձ անցյալին չի լինելու»՝ հարցադրում անելով, թե արդյոք դա չի կանխորոշում նրա վերաբերմունքը նախկինում իշխանություն եղած քաղաքական ուժերի նկատմամբ։
Քննարկման առարկա է դարձել նաև Սեդա Սաֆարյանի՝ որպես փաստաբան նախկինում ներկայացրած մի վճռաբեկ բողոք, որը վերաբերել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածուներից մեկին։ Դատավոր Էդգար Շաթիրյանի հարցին ի պատասխան՝ Արամ Վարդևանյանը հաստատել է, որ այդ բողոքը վերաբերել է թեկնածուի արդարացման ակտի բեկանմանը, և նշել, որ Վճռաբեկ դատարանի 2025-ի որոշման մեջ որևէ նշում չկա այն մասին, որ Սեդա Սաֆարյանն այլևս չի հանդիսանում տվյալ գործով ներկայացուցիչ։
«Սահմանադրական դատարանը հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026-ի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026-ի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը։
«Հայաստան» կուսակցությունների դաշինքը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, սակայն Սահմանադրական դատարանը քննության առարկա չէր դարձրել միջնորդությունը։
Սահմանադրական դատարանի դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Բարձր դատարանի որոշման մեջ որպես հիմնավորում նշված է՝ «նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»:












