«Ուժեղ Հայաստան» դաշինքը դեռ վերջնական որոշում չի կայացրել Ազգային ժողովի մանդատները վերցնելու հարցում: Այս մասին Սահմանադրական դատարանի բակում լրագրողներին ասաց դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ որոշումը կընդունվի Սահմանադրական դատարանի գործընթացից և հետագա քայլերի ամբողջական պլանավորումից հետո։
«Պետք է հասկանանք՝ որն է Փաշինյանին հեռացնելու ամենակարճ և էֆեկտիվ ուղին»,- ասաց նա։ Լրագրողի ճշտող հարցին՝ խորհդարանն օրինակ էֆեկտիվ ուղի՞ է, Կարապետյանն ասաց՝ «փողոցի և օրենսդիրի համակեցությունը միակ ուղին է»։
Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին բանավոր ընթացակարգով քննում է ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումները:
Ընդդիմադիր մի շարք ուժեր հավաք են անցկացնում Սահմանադրական դատարանի առջև։
Դատարանի բակում Նարեկ Կարապետյանն ասաց, որ ընտրություններից հետո թիմի մեծամասնությունը հակված էր մանդատները չվերցնելուն, սակայն հետագայում սկսել են քննարկել տարբեր սցենարներ։
«Մեզ համար շատ կարևոր է թափանցիկությունը։ Չենք ուզում փակ դռների հետևում որևէ որոշում կայացնել։ Ով մեզ վստահություն է տվել, կարող է գալ, քննարկել մեզ հետ»,- նշեց նա։
Դաշինքն արդեն հանդիպել է իր աջակիցների հետ։ Կարապետյանի խոսքով՝ հանդիպումն անցել է ինտենսիվ մթնոլորտում, հնչել են նաև կոշտ հարցեր։ Նա ասաց, որ կարծիքները գրեթե հավասարապես բաժանված են եղել՝ մանդատները վերցնելու կամ չվերցնելու, ինչպես նաև պայքարի ձևերի շուրջ, սակայն բոլորի հիմնական նպատակը նույնն է եղել՝ իշխանափոխությունը։
Կարապետյանի խոսքով՝ քննարկումներ են ընթանում նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Նա շեշտում է, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնած կոնսոլիդացիայի առանցքում ընդդիմադիր ձայների «փոշիացումը» կանխելն է։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկմանը՝ Կարապետյանն ասաց, որ, անկախ կասկածներից, իրենք հարգում են պետական ինստիտուտները և սպասելու են դատական գործընթացի ավարտին։
Նա հերքեց նաև իշխանական շրջանակներից հնչող պնդումները, թե Սամվել Կարապետյանը ժամանակավոր է քաղաքականությունում։
«Սամվել Կարապետյանը երկար պլաններ ունի Հայաստանում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում փոփոխություն լինի և երկիրը վերակառուցվի»,- նշեց նա։
․․․
Հունիսի 7-ին ԱԺ ընտրությունների արդյունքներով խորհդարան են անցնում երեք ուժ՝ «Քաղաքացիական խայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ մոտ էր անցողիկ շեմին, սակայն վերահաշվարկի ընթացքում ԿԸՀ-ն չեղյալ համարեց երեք ընտրատեղամասի արդյունքները, որի արդյունքում ԲՀԿ-ն կորցրեց 213 քվե։ Ընտրական օրենսգրքի փորձագետները նշում են, որ ԿԸՀ-ի՝ այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումն իրավաչափ չէր։
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է:












