Գլխավոր Լրահոս

Վրաստանի առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության գործով

Իրակլի Մխեիձեն

Իրակլի Մխեիձեն

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի առողջապահության նախկին փոխնախարար Իրակլի Մխեիձեին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության լայնածավալ գործի շրջանակում։ Քննության տվյալներով՝ հանցավոր սխեմայի միջոցով ստացվել է մինչև 54 միլիոն լարի (20.4 միլիոն դոլար) ապօրինի եկամուտ։

Գործի մասին հունիսի 24-ին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ բացահայտվել է «հանցավոր սխեմա», որի շրջանակում ձերբակալվել է «կազմակերպված խմբի» 17 անդամ, իսկ թաքնվող երեք անձանց նկատմամբ կհայտարարվի հետախուզում։

«Բացի այդ, քննության հետ համագործակցած և հանցավոր լայնածավալ սխեմայի բացահայտմանը նպաստած 11 անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանց կալանավորման»,- ասված է հայտարարությունում։

Քննչական ծառայությունը նաև նշել է, որ քրեական հետապնդում է սկսվել Վրաստանում գրանցված 24 իրավաբանական անձի նկատմամբ։

Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 25-ին որոշեց կասկածյալներին կալանավորել նախաքննության ընթացքում։

Հաջորդ օրը ընդդիմադիր TV Pirveli-ն հայտնեց, որ ձերբակալվածների թվում է նաև Մխեիձեն։ Այս տեղեկությունը հաստատեց գործով դատախազ Գրիգոլ Նիշնիանիձեն։

«Հաշվի առնելով հանցավոր խմբի բնույթն ու գործունեությունը՝ [Մխեիձեն] նպաստել է հոգեմետ դեղերի ապօրինի վաճառքին և համապատասխան խախտումների վերաբերյալ պատշաճ միջոցներ չի ձեռնարկել»,- ասել է Նիշնիանիձեն։

Մխեիձեն առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է մեկ ամսից էլ պակաս՝ 2024-ի փետրվարից մինչև մարտ։ Երբ առողջապահության նախկին նախարար Զուրաբ Ազարաշվիլին հեռացավ պաշտոնից, Մխեիձեն և մեկ այլ փոխնախարար՝ Իլիա Ղուդուշաուրին, նույնպես հրաժարական տվեցին։

Ըստ տեղեկությունների՝ քննությունը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Մխեիձեն ղեկավարում էր Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալությունը՝ մինչև փոխնախարար նշանակվելը։

Մխեիձեի փաստաբան Վախթանգ Կվիչինաձեն RFE/RL-ին հայտնել է, որ իր պաշտպանյալը մինչև ձերբակալվելը քննիչների կողմից չէր հարցաքննվել։

Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքը հիմնված է այն բանի վրա, որ երեք տարի առաջ, գործակալության ղեկավար նշանակվելուց անմիջապես հետո, Մխեիձեն, ենթադրաբար, չի արձագանքել կոնկրետ մեկ գրության։

Կվիչինաձեն նաև նշել է, որ իր պաշտպանյալը պնդում է՝ գործով մյուս ձերբակալվածներից գրեթե ոչ մեկին չի ճանաչում։

Քննչական ծառայությունը իր հայտարարությունում անուններ չի հրապարակել։

Սակայն գերատեսչությունը նշում է, որ մեղադրյալները Մխեիձեի ղեկավարած գործակալության «նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ» են։

«Տարիներ շարունակ նրանք, առաջնորդվելով անձնական շահերով և չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, նպաստել են հանցավոր սխեմայի գործունեությանը և գործել հանրային շահերի դեմ»,- ասված է հայտարարությունում։

Քննության տվյալներով՝ սխեման գործել է Վրաստանում 2018-2025-ին և կազմակերպվել է հոգեմետ դեղեր ներմուծող ընկերությունների ղեկավարների կողմից։

Գերատեսչության տվյալներով՝ «հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով այդ ընկերությունների ներմուծած դեղամիջոցները փաստաթղթավորվել են հորինված դեղագործական ընկերությունների անուններով, որոնք նախապես գրանցվել էին խմբի հետ կապ ունեցող անձանց անունով»։

«Իրականում այդ դեղամիջոցները, առանց դեղատոմսերի և անհրաժեշտ թույլտվությունների, զգալիորեն ուռճացված գներով վաճառվել են ամբողջ երկրում այնպիսի կետերում, որոնք դեղատան կարգավիճակ չեն ունեցել»։

«Ապօրինի ստացված եկամուտներն օրինականացնելու նպատակով զգալի գումարներ ձևակերպվել են որպես աշխատավարձ և շահաբաժիններ»,- հավելել է ծառայությունը։

Գերատեսչության գնահատմամբ՝ ֆինանսական վնասից բացի, «հանցավոր խմբի անդամները հոգեմետ դեղերի ապօրինի մանրածախ վաճառքով վտանգի տակ են դրել հազարավոր քաղաքացիների կյանքն ու առողջությունը»։

Հայտարարության համաձայն՝ գործը քննվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և փողերի լվացման հոդվածներով։

Սակայն հայտարարությունում չի նշվում Մխեիձեին առաջադրված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքի մասին։

Մխեիձեից բացի, առանձին քրեական գործով մեղադրվում է նաև նրա նախկին գործընկեր, առողջապահության նախկին փոխնախարար Իլիա Ղուդուշաուրին։

Վերջինս ձերբակալվել էր հունվարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված կոռուպցիոն գործերի լայն շրջանակի ֆոնին։ Ավելի ուշ Ղուդուշաուրին 500 հազար լարի (190 հազար դոլար) գրավի դիմաց ազատ արձակվեց։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ նա ընդունել էր իր մեղքը։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում