Թուրքական սուրճ և էներգիա. Անկարայի ռազմավարությունը մերձավորարևելյան ճգնաժամի կոնտեքստում

«Թուրքական սուրճը» խում են ողջ աշխարհում, սակայն Թուրքիայում սուրճ չի արտադրվում. դրա մեծ մասը գալիս է Եմենից, ապա արտահանվում, գրում է ֆրանսիական Petrostrategies ընկերության The World Energy Weekly հանդեսն իր հունիսի 22-ի համարում՝ զուգահեռ անցկացնելով Անկարայի էներգետիկ ծրագրերի հետ։
Մերձավորարևելյան ճգնաժամը վերակենդանացրել է թուրքական երազանքը՝ կրկնելու նմանատիպ սխրանք և իրեն դիրքավորելու որպես տարածաշրջանային էներգետիկ հանգույց։ Սուրճի ու էներգիայի այս զուգահեռն առաջին անգամ արել էր Թուրքիայի ԵՄ հարցերով այն ժամանակվա նախարար Էգեմեն Բաղըշը դեռ 2009 թվականին։
Թուրքիայի մերձավոր դիրքը Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի էներգառեսուրսներով հարուստ տարածաշրջաններին, ինչպես նաև էներգիայի կարիք ունեցող Եվրոպային, տեսականորեն այդ երկիրը դարձնում է իդեալական էներգետիկ հանգույց։
Այդ իսկ պատճառով Անկարան Իրանի շուրջ հակամարտությանն արձագանքեց՝ իրեն ներկայացնելով որպես Հորմուզի նեղուցի այլընտրանք։ Էներգիայի միջազգային գործակալության (ԷՄԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլն աջակցել է հարավային Իրաքի նավթահանքերի և Թուրքիայի միջև նոր խողովակաշարի կառուցմանը։ Քիրկուկ-Ջեյհան գործող խողովակաշարն ունի օրական 1,5 միլիոն բարելի թողունակություն, սակայն տեղափոխում է ընդամենը մոտ 170,000 բարել։
Իրական կամ առաջարկվող էներգետիկ առևտրային հանգույցների մեծ մասը ռեսուրսներով հարուստ երկրներում է, իսկ Թուրքիայի հիմնական խնդիրը ներմուծումից նրա կախվածությունն է։ Երկիրը ներմուծում է իր բնական գազի, նավթի և քարածխի գրեթե ողջ ծավալը։ Որպես արտահանող՝ այն կարող է լինել ճիշտ այնքան հուսալի, որքան իր մատակարարները, և միայն սեփական կարիքները հոգալուց հետո։
Մայիսին Թուրքիան հայտնեց, որ ցանկանում է թարմացնել ու ընդլայնել Ալժիրի հետ իր ԼNG-ի (հեղուկացված բնական գազ) պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2027-ի սեպտեմբերին։ Անկարան ուզում է գործող պայմանավորվածությունը՝ տարեկան 4,4 մլրդ խորանարդ մետրից հասցնել մինչև 6,5 մլրդ-ի։ Թուրքիան նպատակ ունի նաև թարմացնելու Իրանի հետ բնական գազի ներմուծման իր պայմանագիրը, որի ժամկետը լրանում է հուլիսին։
Մինչհակամարտային շրջանում Թուրքիայի էներգիայի ներմուծման տարեկան հաշիվը կազմում էր 60-65 մլրդ դոլար։ Հաշվարկվում է, որ նավթի ու գազի գնի յուրաքանչյուր 10 դոլարով աճը ընթացիկ հաշվի դեֆիցիտին ավելացնում է մոտ 4,5 մլրդ դոլար։ Բնակչության աճը, ուրբանիզացիան և արդյունաբերականացումը նշանակում են, որ ներքին պահանջարկը շարունակելու է աճել։
Հոդվածը մեջբերում է լոնդոնյան Wallbrook ընկերության ավագ խորհրդատու Գյունեյ Յըլդըզին, ըստ որի՝ Եվրոպան Թուրքիայի միջոցով LNG-ի մատակարարումն ավելացնելու ավելի սահմանափակ հնարավորություն ունի, քան ոմանք պատկերացնում են։ ԵՄ-ն Թուրքիայի սահմանը հատող ամեն ինչ դիտարկում է որպես ռուսական, քանի դեռ ներմուծողը հակառակը չի ապացուցել։ Ուստի Եվրոպան աշխատում է շրջանցել Թուրքիան՝ օրինակ Հյուսիսային Հունաստանի ափերի մոտ Ալեքսանդրուպոլիսի լողացող պահեստավորման ու վերագազիֆիկացման կայանի, ինչպես նաև «Ուղղահայաց միջանցքի» միջոցով, որը թույլ է տալիս գազի երկկողմանի հոսք Էգեյան ծովից դեպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպա։ ԱՄՆ Միջազգային առևտրի վարչության տվյալներով՝ այդ միջանցքը դարպաս է բացում ամերիկյան LNG-ի արտահանողների առջև՝ դեպի այն շուկաներ, որոնք նախկինում կախված էին ռուսական խողովակաշարային գազից։ Արդեն 2024-ին ԱՄՆ-ին բաժին էր ընկնում Հունաստանի LNG-ի ներմուծման ավելի քան 60 տոկոսը։ Թուրքիան կարող է ավելացնել գազի արտահանումը դեպի Հարավ-Արևելյան Եվրոպա, բայց ոչ էապես, ասում է Յըլդըզը։ Թուրքիայի Մալքոչլարից Բուլղարիայի Ստրանջա-1 ձգվող խողովակաշարը կարող է կրել տարեկան մոտ 4 մլրդ խորանարդ մետր, իսկ դրա ընդլայնումը կպահանջի երկարաժամկետ գնման պարտավորություններ, որոնք ներկայում չկան։
Իրանական ճգնաժամը նաև առաջ է մղել «Զարգացման ճանապարհը»՝ Իրաքի կողմից 2023-ին առաջարկված ծրագիրը, որը պետք է հարավային Իրաքի Մեծ Ֆավ նավահանգիստը կապի Թուրքիայի հետ։ Յըլդըզն ասում է, որ ծրագրի հարավային հատվածը լավ առաջընթաց է ապրում, սակայն անդրմայրցամաքային մասն ավելի դժվար է, իսկ պաշտոնական՝ 2028-2030 ժամանակացույցը «քաղաքականություն է, ոչ թե ինժեներիա»։ Նա ամենամեծ ռիսկը համարում է անվտանգությունը՝ հաշվի առնելով, որ հարավային Իրաքը հիմնականում Իրանին հարող Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի ազդեցության ներքո է։ Յըլդըզը մատնանշում է նաև կառավարման ու աշխարհաքաղաքականության հետ կապված ռիսկեր. «Մաքսային բարեփոխումը, ֆինանսական կարգապահությունն ու անդրսահմանային համակարգումն այս մասշտաբով այնպիսի բաներ են, որ իրաքյան պետությունը նախկինում երբեք չի արել»։ Ցամաքային ճանապարհը կարող է օգտակար ապահովագրություն լինել, թեկուզ այն միշտ ավելի թանկ կլինի, քան ծովային LNG-ն, ասում է նա: Sակայն արժե՞ արդյոք այդ ապահովագրությունը, կախված է պայմանագրից։ Որպես զգուշացնող օրինակ՝ նա մատնանշում է Թուրքիայի պետական նավթագազային խողովակաշարային BOTAŞ ընկերության հարաբերությունը բուլղարական Bulgargaz-ի հետ։ Վերջինս BOTAŞ-ին օրական մոտ կես միլիոն եվրո է վճարում թողունակության դիմաց, որից չի կարող օգտվել, և Բուլղարիան ձգտում է վերանայել գործարքը։ «Դասն այն է, որ ճանապարհն ավելի քիչ է կարևոր, քան պայմանագիրը,- ասում է Յըլդըզը։- Լավ ցամաքային ճանապարհը՝ վատ պայմանագրով, ավելի վատ է, քան ընդհանրապես ոչ մի դիվերսիֆիկացիա»։
Ամենաօգտակար բանը, որ Եվրոպան կարող է անել, կարգավորիչ բնույթի է, պնդում է Յըլդըզը։ Եթե Եվրոպան ուզում է ավելի շատ ոչ ռուսական գազ տարածաշրջան բերել, ապա ամենաարագ ճանապարհն այն է, որ ավարտի Հունաստանից հյուսիս ձգվող միջանցքը, մասնավորապես Բուլղարիայում Ռուպչա-Վետրինո հատվածը, և շարունակի խստացնել ծագման կանոնները։ «Թուրքիայի միջոցով առևտրային գործարքները դեռ կարող են տեղի ունենալ, բայց յուրաքանչյուրը պետք է անցնի համապատասխանության ստուգում, և Թուրքիան այսօր տարածաշրջան տանող ամենակարգավորվող ճանապարհն է, այլ ոչ ամենահեշտը»,- եզրափակում է Յըլդըզը։











