Աննախադեպ շոգերի պատճառով հունիսի 21-ից Եվրոպայում արձանագրվել է ավելի քան 1300 մահվան դեպք։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է BBC-ն։ Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ մահերի պատճառն այն է, որ եվրոպական տները, աշխատավայրերն ու դպրոցները հարմարեցված չեն բարձր կլիմային։
Ֆրանսիայում ջերմաստիճանը հասել է 44,3 աստիճանի։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 24-ից երկրում գրանցվել է սպասվածից մոտ 1000-ով ավելի մահ։ Մահացածների մեծ մասը 65-ից բարձր անձիք են․ տանը մահացության դեպքերն աճել են 40 տոկոսով։
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են սահմանվել նաև Գերմանիայում, Լեհաստանում և Չեխիայում, քանի որ տապը շարունակում է շարժվել դեպի արևելք։ ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ Եվրոպան տաքանում է համաշխարհային միջին ցուցանիշից երկու անգամ արագ։ Շոգի պատճառով ներկայումս փակվում են դպրոցներ, և խափանվում է էներգահամակարգերի աշխատանքը։
Գերմանիայի արևելքում գրանցվել է 41,7 աստիճան տաքություն: Չեխիայի Դոկսանի բնակավայրում օդի ջերմաստիճանը հասել է 41,1, իսկ Լեհաստանի Սլուբիցե քաղաքում՝ 40,5 աստիճանի:












