Առանձին ընտրական տեղամասերում քվեարկությունը պաշտոնական փակումից հետո շարունակվել է 3 ժամ 38 րոպե, ինչի պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է անվավեր ճանաչել այդ տեղամասերի արդյունքները։
Սահմանադրական դատարանում այսօր՝ հունիսի 29-ին, ընթացող քննության ժամանակ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հաստատեց, որ թիվ 10/51 և 35/65 տեղամասերում արձանագրված խախտումների պատճառով հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքը։ Նա պարզաբանեց, որ եթե 22 րոպե ուշացումը դեռ կարելի էր դիտարկել որպես ոչ էական, ապա ժամեր տևած գործընթացը հիմք է հանդիսացել այդ տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու համար։
«Մի դեպքում մեկ ժամ 22 րոպե և մյուս դեպքում երեք ժամ 38 րոպե քվեարկություն է շարունակվել. այ սա մենք գնահատել ենք էական խախտում», - ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանը հարց ուղղեց, թե ինչու է հանձնաժողովը, լինելով վերադաս մարմին, այս երևույթներին արձագանքել միայն հունիսի 11-ին՝ ընտրություններից չորս օր անց, երբ լրատվամիջոցներով ահազանգերն առկա էին հենց քվեարկության օրը։
Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ մինչև հունիսի 9-ը սպասել են ընտրության մասնակիցների դիմումներին, սակայն մասնակիցները անվավեր ճանաչելու պահանջ չեն ներկայացրե, հանձնաժողովը դրան անդրադարձել է հունիսի 10-ին՝ հաշվի առնելով «հանրային պահանջն ու հարցի հնչեղությունը»։ Նա հավելեց, որ նպատակը եղել է թույլ չտալ, որ այդ տեղամասերի խախտումները ստվերեն ընդհանուր ընտրական պատկերը։
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած թվային անհամապատասխանություններին։
ԿԸՀ նախագահը պարզաբանեց, որ չորս տեղամասերում տեղի է ունեցել տվյալների մեխանիկական սխալ մուտքագրում՝ թվերը մեկ տողով շեղված են եղել։ Ըստ Հովակիմյանի՝ այդ սխալներն արդեն ուղղվել են հենց ԲՀԿ լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ, և վերջնական հրապարակված աղյուսակավորումը ճշգրիտ արտացոլում է տեղամասային արձանագրությունները։ Նա շեշտեց, որ ավտոմատացված համակարգը ներառում է պաշտպանական մեխանիզմներ, սակայն եթե տեղամասային հանձնաժողովը սխալ թիվ է արձանագրում, այն համակարգում հայտնվում է որպես անճշտություն։
Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանն ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։












