Գլխավոր Լրահոս

Հունգարիայի նորընտիր վարչապետի՝ ֆոն դեր Լեյենին ուղղված «խիստ ելույթը» կեղծ է

Հունգարիայի նորընտիր վարչապետի՝ ֆոն դեր Լեյենին ուղղված «խիստ ելույթը» կեղծ է

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում հունիսի 26-ից տարածվում է ռուսալեզու տեսանյութ, որտեղ Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը իբր կոշտ քննադատության է ենթարկում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենին:

«Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Դուք մեր ժամանակի գլխավոր քաղաքական խարդախն եք: Դուք բացարձակ երեսպաշտ եք, ով սառնասրտորեն և հաշվարկված Եվրոպան աճուրդի դրեց»,- տեսանյութում ռուսերեն ձայնով համաժամանակյա թարգմանիչը իբր փոխանցում է Մադյարի խոսքը։ 

#CivilNetCheck-ը, սակայն, պարզել է, որ տարածվող տեսանյութը մոնտաժված է․ Հունգարիայի նորընտիր վարչապետը նման ելույթ չի ունեցել։ Տեսանյութում օգտագործվել է նրա՝ 2024-ի հոկտեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի տեսագրությունը, որտեղ նա, որպես ԵԽ պատգամավոր, քննադատում էր այդ ժամանակվա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Ռուսերեն ձայնային շերտով Մադյարին վերագրվել են խոսքեր, որոնք նա իրականում չի ասել։

Կեղծ տեսանյութի մասին

Կեղծված տեսանյութն ընդհանուր 27 րոպե է, որի մոտ 15 րոպեն ներկայացվում է որպես Մադյարի ելույթ, իսկ մնացած 12 րոպեն՝ որպես լրատվական ռեպորտաժ։ Այդ հատվածում պատմվում է, թե իբր Մադյարը ապրիլի 27-ին Եվրոպական խորհրդարանում հրապարակային քննադատության է ենթարկել ֆոն դեր Լեյենին և Բրյուսելի քաղաքականությունը։

Թեև ապրիլի 27-ից 30-ը Եվրախորհրդարանում նիստեր եղել են, սակայն հակառակ տեսանյութի պնդման, Մադյարը ներկա չի եղել։ Նա Բրյուսել գնացել է ապրիլի 29-ին, որտեղ իսկապես հանդիպել է ֆոն դեր Լեյենի հետ։ Սակայն, ինչպես հաղորդում է BBC-ն,  Մադյարը հանդիպումը բնութագրել է որպես «չափազանց կառուցողական և հաջողված»՝ նշելով, որ ԵՄ միջոցները շուտով կհասնեն Հունգարիա։ Ֆոն դեր Լեյենն էլ իր հերթին հանդիպումը որակել է «շատ լավ փոխանակում» և հայտնել Եվրահանձնաժողովի պատրաստակամությունը՝ աջակցելու Հունգարիայի նոր կառավարությանը։

Թեև տեսանյութի 15 րոպե ներկայացվում է որպես Մադյարի ուղիղ խոսք սակայն Myth Detector-ի մեր գործընկերները պարզել են, որ իրական ելույթը տևել է ընդամենը 7 րոպե 23 վայրկյան։ Տեսանյութի մնացած հատվածում նույն կադրերը կրկնվում են, իսկ ռուսերեն կեղծ թարգմանությունը շարունակվում է այնպես, կարծես Մադյարը դեռ ելույթ է ունենում։

Բնօրինակ տեսանյութում Մադյարը խոսում էր Հունգարիայի ներքին խնդիրների մասին և դրանց համար մեղադրում Վիկտոր Օրբանին։ Ելույթի ընթացքում նա մի քանի անգամ շրջվում և դիմում է դահլիճում՝ իր ձախ կողմում նստած Օրբանին։ Ֆոն դեր Լեյենին նա չի քննադատել և նրան դիմել է միայն ելույթի սկզբում՝ պաշտոնական ողջույնով։

Էկրանապատկերում՝ Մադյարի ելույթից, աղբյուրը՝ Myth Detector
Էկրանապատկերում՝ Մադյարի ելույթից, աղբյուրը՝ Myth Detector

Ինչպե՞ս է տարածվել այն հայկական տիրույթում և ո՞րն է սկզբնաղբյուրը

Կեղծ տեսանյութն առաջին անգամ հրապարակվել է 2026-ի ապրիլի 29-ին՝ «Савелий Акрапович» անունով յութուբյան ալիքում։ Այնուհետև այն պարբերաբար վերահրապարակվել է ինչպես տվյալ ալիքի, այնպես էլ սոցիալական ցանցերի այլ էջերի կողմից։ 

Հայկական հարթակներում, ինչպես նշեցինք, այն տարածվել է սկսած հունիսի 27-ից՝ ֆեյսբուքյան էջերի, օգտատերերի և լրատվամիջոցների կողմից։ Վերջիններս ավելի ուշ հեռացրել են տեսանյութը։

Տեսանյութը տարածվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ հուլիսի 2-ին Հայաստան նախատեսվող այցի մասին հայտարարությունից հետո։ Հրապարակումներից մեկում, օրինակ, նշվում էր․ «Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Հայաստան այցից առաջ պարտադիր լսեք, թե ինչ է ասում Հունգարիայի վարչապետը»։ Լրատվամիջոցները հետագայում հեռացրել են տեսանյութը։

Պետեր Մադյարի շուրջ քարոզչությունը և 27 պայմանների իրականությունը

Կեղծ տեսանյութը հրապարակած «Савелий Акрапович» յութուբյան ալիքը ստեղծվել է 2026-ի մարտի 14-ին, իսկ առաջին տեսանյութը հրապարակել է մարտի 15-ին։ Մադյարի ընտրվելուց հետո ալիքը սկսել է տարածել ուղղորդված քարոզչական բովանդակություն՝ սկանդալային վերնագրերով և հակաեվրոպական նարատիվներով։

Ալիքի տեսանյութերում պարբերաբար առաջ է մղվում այն թեզը, թե Եվրամիության փորձը՝ Վիկտոր Օրբանին փոխարինել «պրոեվրոպական» Մադյարով, ձախողվել է, քանի որ վերջինս իբր հրաժարվել է կատարել Բրյուսելի «վերջնագրերը»։

Էկրանապատկերը՝ «Савелий Акрапович» յութուբյան ալիքից
Էկրանապատկերը՝ «Савелий Акрапович» յութուբյան ալիքից

Այդ նարատիվի շրջանակում պնդվում է, թե ԵՄ-ն միջամտել է Հունգարիայի ընտրություններին և պատրաստ էր ապասառեցնել 35 միլիարդ եվրոյի միջոցները, եթե նոր իշխանությունները կատարեին 27 նախապայման։ Դրանց թվում, ըստ նույն աղբյուրի, իբր եղել են միգրանտների պարտադիր քվոտաների ընդունումը և դպրոցներում «ագրեսիվ քարոզչության» թույլտվությունը, ինչը Մադյարը անսպասելիորեն մերժել է։

Իրականում, COVID-19-ից հետո Հունգարիայի վերականգնման ծրագիրը և դրա համար սահմանված 27 պայմանները՝ այսպես կոչված «գերնպատակակետերը», ԵՄ Խորհրդի կողմից հաստատվել են դեռ 2022-ի դեկտեմբերին։ Դրանց ձևավորման համատեքստը կապված էր Հունգարիայում իրավունքի գերակայության վատթարացման և ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ ԵՄ մտահոգությունների հետ։

Այդ 27 պայմանները վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախությանը, հանրային գնումների թափանցիկությանն ու վերահսկողությանը։ Թեև ԵՄ փաստաթղթերում առանձին նշվում են նաև մտահոգություններ միգրանտների իրավունքների և ակադեմիական ազատությունների վերաբերյալ, դրանք կապ չունեն ֆինանսավորումը վերականգնելու համար սահմանված 27 կոնկրետ նախապայմանների հետ։

Ավելին՝ արդեն մայիսի 29-ին Հունգարիան համաձայնության է եկել ԵՄ-ի հետ՝ սառեցված միջոցներից 16,4 միլիարդ եվրո ստանալու շուրջ։ 

Այսպիսով, տարածվող տեսանյութը մոնտաժված է․ Մադյարին վերագրվել են խոսքեր, որոնք նա իրականում չի ասել։ Կեղծ է նաև պնդումը, թե նա մերժել է ԵՄ «վերջնագրերը»․ տեսանյութում հիշատակվող 27 նախապայմանները սահմանվել են դեռ 2022-ին և վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախությանը և հանրային գնումների վերահսկողությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում