Գլխավոր Լրահոս

Իվանիշվիլիի նախկին փաստաբանը ստեղծել է «փոփոխություններին միտված» նոր կուսակցություն

Վիկտոր Կիպիանին ելույթ է ունենում «Վրաստանն առաջին հերթին» կուսակցության հիմնադիր համագումարում

Վիկտոր Կիպիանին ելույթ է ունենում «Վրաստանն առաջին հերթին» կուսակցության հիմնադիր համագումարում

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախկին փաստաբան Վիկտոր Կիպիանին հիմնել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Վրաստանն առաջին հերթին» (Jer Sakartvelo) անվամբ։

Կիպիանիի խոսքով՝ կուսակցությունը լինելու է «փոփոխություններին միտված» քաղաքական ուժ։

Նոր կուսակցության հիմնադիր համագումարը անցկացվել է հունիսի 28-ին, Թբիլիսիում, որտեղ Կիպիանին ընտրվել է կուսակցության նախագահ։

Նա նշել է, որ կուսակցություն ստեղծելու որոշումը պայմանավորված էր ոչ միայն դրա հիմնադիրների կամքով, այլև «երկրում ձևավորված սպասելիքներով»։

«Այսօր երկար ճանապարհի սկիզբն է։ Հուսով եմ՝ այս ճանապարհը կարդարացնի սպասումները։ Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների հետ հարաբերություններին, մենք բաց ենք բոլորի հետ շփման համար»,- ասել է Կիպիանին։

Ներկայացնելով նոր քաղաքական ուժը՝ նա նշել է, որ այն «ավելին է, քան պարզապես ընդդիմադիր կուսակցություն» և ձգտում է լինել «պետականամետ» քաղաքական ուժ՝ հիմնված «քաղաքացիական ազգայնականության» և «ազգային պետության ու դրա սկզբունքների» գաղափարի պաշտպանության վրա։

Իր ելույթի ընթացքում, որի ֆոնին տեղադրված էին Վրաստանի և Եվրամիության դրոշները, Կիպիանին հայտարարել է, որ կուսակցությունը դատապարտում է վրացիներին «հայրենասերների և ոչ հայրենասերների» բաժանելու ցանկացած փորձ, ինչպես նաև մերժում է «քաղաքակիրթ աշխարհում երկրներին բարեկամների և ոչ բարեկամների բաժանելու» գործելակերպը։

IPN-ի փոխանցմամբ՝ Կիպիանին վստահություն է հայտնել, որ «Վրաստանն առաջին հերթին» կուսակցությունն «ունի առանց ինչ-որ դաշինքի զարգանալու ներուժ»։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ դա չի բացառում «անձնական շփումները կամ անհատական կապերը»։

«Մենք բարձր նշաձող ենք սահմանել, և մեր քաղաքական թիմը՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով, ի վիճակի չէ միայնակ իրականացնել այդ ամենը։ Ի տարբերություն որոշ այլ ուժերի՝ մենք իրատեսորեն գնահատում ենք մեր հնարավորությունների բնական սահմանները։ Հենց այդ պատճառով էլ միասնությունը առանձնահատուկ նշանակություն ունի»,- ասել է նա։

Կուսակցության քաղաքական խորհրդի անդամների թվում կլինեն պահեստազորի գեներալ-մայոր, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Վախթանգ Կապանաձեն, ինչպես նաև դիվանագետ Վալերի Չեչելաշվիլին, որը նախկինում Ուկրաինայում, Ռուսաստանում և Մոլդովայում Վրաստանի դեսպանն էր։

2000-ականների սկզբին Չեչելաշվիլին կարճ ժամանակով զբաղեցրել է նաև ֆինանսների նախարարի պաշտոնը, ապա եղել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը։

«Վրաստանի համար» կուսակցությունից 2025-ի հոկտեմբերին հեռացած Ռուսուդան Թևզաձեն, որը հրաժարական էր տվել կուսակցության՝ խորհրդարանական բոյկոտը դադարեցնելու որոշման հետ անհամաձայնության պատճառով, նույնպես միացել է «Վրաստանն առաջին հերթին» կուսակցության խորհրդին։

Կիպիանին, որը նախկինում Իվանիշվիլիի փաստաբանն էր, հրապարակայնորեն հեռացավ իշխող կուսակցությունից 2023-ի գարնանը, երբ «Վրացական երազանքն» առաջին անգամ, թեև անհաջող, փորձեց ընդունել վիճահարույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը քննադատները բազմիցս համեմատել էին Ռուսաստանում այլախոհությունը ճնշելու նպատակով ընդունված օրենսդրության հետ։

Այդ ժամանակ Կիպիանին կասկածի տակ էր դրել այդ օրենքի անհրաժեշտությունը՝ հարցադրելով, թե արդյոք արժե նման նախաձեռնությամբ հասարակական դժգոհություն հրահրել։

Դրան հաջորդեց իշխող կուսակցության քննադատությունը։

Կուսակցության նախագահ և ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Կիպիանին նույնպես հայտնվելու էր վիճահարույց օրենքի գործողության տիրույթում, և հենց դա, ըստ նրա, բացատրում է փաստաբանի արձագանքը։

Կոբախիձեն նաև նշել էր, որ Կիպիանիի հրապարակային հայտարարությունների պահին նա արդեն ավելի քան մեկ շաբաթ չէր աշխատում Իվանիշվիլիի իրավաբանական թիմում՝ պնդելով, որ այդ որոշումը կայացրել էր հենց Իվանիշվիլին։

Նա չէր մանրամասնել, թե ինչ էր տեղի ունեցել նրանց միջև, սակայն ասել էր, որ պատճառը «շատ ավելի լուրջ էր», քան օրենքի շուրջ տարաձայնությունները։

2024-ի օգոստոսին՝ հոկտեմբերին կայացած վիճահարույց խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ, հայտնի դարձավ, որ Կիպիանին և իր ղեկավարած GeoCase վերլուծական կենտրոնը ընդդիմադիր «Հզոր Վրաստան» կոալիցիայի հետ միասին աշխատելու են նրա նախընտրական ծրագրի մշակման վրա։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում