Գլխավոր Լրահոս

IMEI կոդերի գրանցում. նախարարը հերքում է վերահսկողության նպատակը

IMEI կոդերի գրանցում. նախարարը հերքում է վերահսկողության նպատակը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հերքել է տեսակետները, թե IMEI կոդերի պարտադիր գրանցումը քաղաքացիներին նկատմամբ վերահսկողություն սահմանելու փորձ է։ Հունիսի 30-ին Սահմանադրական դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ նախարարը շեշտել է, որ նախաձեռնության իրական նպատակը ոչ թե մարդկանց հետևելն է, այլ ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով սարքերի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելը։

IMEI կոդը հեռախոսի 15-նիշանոց բացառիկ «անձնագիրն» է, որով աշխարհում նույնականացվում է յուրաքանչյուր առանձին սարք։

«Անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պիտի նախատեսվի բոլոր նմանատիպ դեպքերի համար և հիմա մենք աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ և կարծում եմ, որ ձեր բոլոր մտահոգությունները պիտի փարատվեն»,- ասել է Սրբուհի Գալյանը։

Չնայած պաշտոնական պարզաբանումներին՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանն ավելի վաղ ահազանգել է, որ կառավարության հավանությանն արժանացած այս նախագիծը պետությանը հնարավորություն է տալիս քաղաքացիների հեռախոսները վերցնել «տոտալ վերահսկողության» տակ։ Ըստ փորձագետի՝ ստեղծվելիք հսկա շտեմարանում կապակցվելու են քաղաքացու անձնագրային տվյալները, հեռախոսի IMEI կոդը և բոլոր SIM կամ eSIM քարտերը, ինչը թույլ կտա ցանկացած պահի տեսնել, թե ով և որ սարքով է ակտիվանում կապի ցանցում։ Պապյանը նաև մատնանշում է, որ 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալների կենտրոնացումը մեկ վայրում թիրախ է դառնում կիբեռհանցագործների համար, իսկ բազայի հնարավոր տեխնիկական խափանումը կարող է հանգեցնել կապի զանգվածային անջատումների։

Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով IMEI կոդերի գրանցման նախագծին, նշել նաև, որ չնայած իր սկզբունքային առարկություններին, դեռ կա հնարավորություն երկխոսության և հարցի շուրջ աշխատելու համար։ Մարտիրոյսանը Ֆեյսբուքում գրել է, որ հարցը բացարձակ փակված չէ և Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստ է քննարկել այն։ 

Փորձագիտական դաշտում լրացուցիչ անհանգստություն է առաջացնում նաև նախագծի այն դրույթը, որով համակարգի ադմինիստրատորին թույլատրվում է հավաքագրված տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական կամ մասնավոր մարմիններին, ինչը կարող է չարաշահումների դուռ բացել։ Արթուր Պապյանը կասկածի տակ է դնում նաև գողությունների դեմ պայքարի արդյունավետությունը՝ նշելով, որ համակարգը շատ ավելի արագ կարող է ծառայել քննադատ լրագրողների կամ ցուցարարների տեղորոշման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում