Գլխավոր Լրահոս

ՍԴ դատավորների աշխատավարձերի բարձրացման նոր նախագիծ չկա․ օրենքն ընդունվել է ամիսներ առաջ

ՍԴ դատավորների աշխատավարձերի բարձրացման նոր նախագիծ չկա․ օրենքն ընդունվել է ամիսներ առաջ

Սոցցանցերում հունիսի 30-ից տարածվում է էկրանապատկեր, որում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի լուսանկարն է՝ կից տեքստով, թե նա Ազգային ժողով է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը բարձրացնելու նախագիծ։

«Ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորների հաստատմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որը նախատեսում է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը»,- գրված է «Ուժեղ Հայաստան» էջի տարածած էկրանապատկերում։

Էկրանապատկերները՝ «Ուժեղ Հայաստան» անվանումով ֆեյսբուքյան էջից
Էկրանապատկերները՝ «Ուժեղ Հայաստան» անվանումով ֆեյսբուքյան էջից

Ավելին, ֆեյսբուքյան էջը էկրանապատկերը տարածելիս ռուսերեն գրառմամբ պնդել է, թե «հենց ճակատագրական գործընթացի ընթացքում իշխանությունը դատավորներին «ոսկոր» է նետում՝ աշխատավարձերը բարձրացնելու խոստման տեսքով։ Սա պարզապես շահերի բախում չէ, այլ ուղղակի և ցինիկ փորձ՝ ֆինանսապես կաշառելու նրանց, ովքեր պետք է վճիռ կայացնեն նույն այդ իշխանության՝ ղեկին գտնվելու օրինականության վերաբերյալ»։

Սակայն Գալյանը դատավորների աշխատավարձերի բարձրացման նոր օրինագիծ չի ներկայացրել։ 

Նոր նախագիծ չկա

#CivilNetCheck-ը կապ հաստատեց Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանի հետ, որը հերքեց նման նոր նախագծի գոյությունը։

Պաշտոնական տվյալները փաստում են, որ ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու նախագիծը ներկայացվել և ամբողջությամբ ընդունվել է ընտրական գործընթացներից ու ՍԴ նիստերից ամիսներ առաջ։

Կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, նախագիծը պաշտոնապես ԱԺ էր ներկայացրել դեռ հունվարի 26-ին։ Դրանից հետո՝ փետրվար և մարտ ամիսներին, այն անցել է փորձագիտական փուլ, ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու ընդգրկվել խորհրդարանի նիստերի օրակարգ։

Արդեն մարտ-ապրիլ ամիսներին խորհրդարանն այն ընդունել է երկու ընթերցմամբ, օրենքը հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է ապրիլի 27-ին։ Այն ուժի մեջ է մտել մայիսի 1-ից:

Ինչպես է տարածվել տեղեկությունը

Էկրանապատկերի վրա տեսանելի չէ, թե որտեղից է այն վերցվել կամ որևէ ամսաթիվ։ #CivilNetCheck-ը պարզեց, որ այն նույնությամբ կրկնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանի՝ հունիսի 30-ի ֆեյսբուքյան գրառումը։ Այն հրապարակվել է ավելի վաղ, քան վերոնշյալ էկրանապատկերը:

#CivilNetCheck-ը կապ հաստատեց Էդգար Ղազարյանի հետ։ Թեև նրա գրառման ձևակերպումը՝ «Սրբուհի Գալյանը [...] հաստատմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որը նախատեսում է բարձրացնել […]», տպավորություն է ստեղծում, թե խոսքը ընթացիկ գործընթացի մասին է, Ղազարյանը նշեց, որ իր գրառումը չի վերաբերում վերջին օրերին ներկայացված նախագծի մասին։ 

«Սրբուհի Գալյանը, որը ՔՊ-ի ներկայացուցիչն է հիմա Սահմանադրական դատարանում, նաև նույն անձն է, ով ներկայացրել է օրենքի նախագիծը Ազգային ժողովում։ Ես ժամկետ չեմ նշել, խոսքը նոր նախագծի մասին չէ»,- ասաց Ղազարյանը։ 

Այսպիսով, ՍԴ դատավորների աշխատավարձերի բարձրացման նախագիծը նոր չէ․ այն ընդունվել, ստորագրվել և ուժի մեջ է մտել մինչև ընտրություններն ու դրանց արդյունքների վիճարկման գործընթացը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում