Իշխող ուժի կիրառած հռետորաբանությունն ուղղակի սպառնալիք է պարունակել ընտրողների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման նիստի ժամանակ։
««Եթե քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չստանա, չեմ ասում՝ հաղթի, սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու»: Սա ուղղակի մեջբերում էր Նիկոլ Փաշինյանի ելույթից: Սա ընտրություններին մասնակցող կուսակցության թեկնածուի և նույն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ուղիղ սպառնալիք է: Քիչ թե շատ ընկալունակ ընտրողը հասկանում է մեկ բան: Եթե քաղաքացիական պայմանագիրը չլինի, պատերազմ կլինի»,- իր եզրափակիչ ելույթում ասաց Լիպարիտ Դրմեյանը։ Փաստաբանը բողոքեց, որ այս դահլիճում այդ ելույթներն ու խոսքերը ներկայացվեցին որպես քաղաքական կոշտ, սուր կամ չափազանցված, սակայն ազատ կամքի վրա ազդեցություն չունեցող։
Հուլիսի 1-ի նիստում դատարանը հերթականությամբ լսում է բոլոր դիմողների, հարակից պատասխանողների և երրորդ անձի ներկայացուցիչների եզրափակիչ ելույթները։
Սահմանադրական դատարանը վերջնական որոշումը պետք է հրապարակի ամենաուշը հուլիսի 4-ին։
***
ՍԴ-ն հունիսի 26-ից բանավոր ընթացակարգով քննում է ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող յոթ քաղաքական ուժերի դիմումները:
Հունիսի 7-ին ԱԺ ընտրությունների արդյունքներով խորհդարան են անցնում երեք ուժ՝ «Քաղաքացիական խայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ մոտ էր անցողիկ շեմին, սակայն վերահաշվարկի ընթացքում ԿԸՀ-ն չեղյալ համարեց երեք ընտրատեղամասի արդյունքները, որի արդյունքում ԲՀԿ-ն կորցրեց 213 քվե։ Ընտրական օրենսգրքի փորձագետները նշում են, որ ԿԸՀ-ի՝ այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումն իրավաչափ չէր։










