Այդպես էլ պարզված չէ, թե ինչպես անձը հասավ ինքնասպանության՝ պաստառը պոկելուց հետո. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ

Իրավապահ համակարգը կիրառում է երկակի չափանիշներ՝ քաղաքական հետապնդումներ իրականացնելով ընդդիմադիրների նկատմամբ և անտեսելով իշխանության ներկայացուցիչների վարքագիծը. այս մասին Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների վիճարկման նիստի եզրափակիչ ելույթում հայտնեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը։
«Դատախազությանը հարց էինք տվել Նուբարաշենի (ինքնասպանության) և Արթուր Օսիպյանի դեպքերի վերաբերյալ. Նուբարաշենի վերաբերյալ հստակ ներկայացվեց, որ որևէ շտապողականություն չկա, ինչպես ընդդիմադիրների վերաբերյալ գործերում, այդպես էլ մինչ օրս պարզված չէ, թե ինչպես պատահեց, որ անձը հասավ ինքնասպանության՝ պաստառը պոկելուց հետո, իսկ Արթուր Օսիպյանի վերաբերյալ գործով այդպես էլ չներկայացվեց, տարբերակված ինչ հատկանիշներ կան Նիկոլ Փաշինյանի և այդ անձի գործողությունների միջև», - ասաց Տաթևիկ Սողոյանը։
ԿԸՀ-ի անգործությունը և վարչական ռեսուրսի չարաշահման իրողությունները
Ըստ Սողոյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի նախաձեռնել որևէ վարչական վարույթ՝ իշխող ուժի կողմից իրականացված զանգվածային իրավախախտումների վերաբերյալ։
«Արթիկ և Մարտունի համայնքներում՝ աշխատանքային ժամին, վարչական համայնքի ղեկավարների ուղիղ հրահանգով, ամբողջ համայնքի աշխատակազմը փաստացի մասնակցել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավին։ Դրա վերաբերյալ կայացվել է զրո վարույթ, զրո մարդ է ենթարկվել պատասխանատվության», - ասաց Սողոյանը։
Կենսաթոշակների բարձրացումը որպես ընտրողների կամքի վրա ներգործելու միջոց
Նախընտրական շրջանում կենսաթոշակների ավելացումը ուղղակիորեն ազդել է քաղաքացիների կողմնորոշման վրա՝ հօգուտ իշխող քաղաքական ուժի, հայտարարեց Տաթևիկ Սողոյանը։
«Ներկայացվել է թվաբանական հաշվարկ. բոլոր հարցվածների 31 տոկոսն ասել է, որ կենսաթոշակները ազդել են ընտրական որոշման վրա։ Եվ բոլոր նրանք, ովքեր ասել են, որ իրենց որոշման վրա դա ազդել է, նրանցից 91%-ը քվեարկել է ՔՊ-ի օգտին։ Նույնը եղել է առողջության ապահովագրության դեպքում, և մենք շատ հստակ փաստերով ներկայացրել ենք, որ դրանք եղել են ոչ թե պարզապես պետական ծրագրեր, այլ շատ հստակ նախընտրական քարոզչության հիմնական թեզերը», - ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։
Մասնակիցների քանակի և ստորագրությունների թվային շեղումները
Ընտրական տեղամասերում արձանագրված հազարավոր ստորագրությունների բացակայությունը մնում է առանց որևէ բովանդակային ու տրամաբանական պարզաբանման, իսկ այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի մյուս ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։
«Հայտնաբերել ենք 27800 ստորագրության բացակայություն. իրենք մեկնաբանում են, որ դա զինծառայողներինն է, ովքեր չեն ստորագրում ընդհանուր մատյաններում, դրա համար չկա. մենք, ամեն դեպքում, վերջնական արդյունքով էլ հանել ենք չորս-հինգ հազարտարբերություն, որ որևէ բացատրություն չունի»,- ասաց Խուդոյանը։
Քարոզարշավի ֆինանսավորման և պետական բյուջեի միջոցների չարաշահումը
Իշխող ուժի նախընտրական քարոզչությունը մեծապես ֆինանսավորվել է հանրային միջոցների հաշվին, ինչը անհավասար պայմաններ է ստեղծել մյուս մասնակիցների համար։ Այս մասին հայտարարեց Տաթևիկ Սողոյանը.
«Չէր կարող զորահանդեսի կառավարական օդյակը՝ իր աթոռներով, արժենար 1,5 միլիոն դոլար, իսկ ՔՊ կուսակցության ճոխ հանրահավաքները արժենար ընդամենը 24 միլիոն դրամ»,- ասաց Սողոյանը։
Հուլիսի 1-ի նիստում դատարանը հերթականությամբ լսում է բոլոր դիմողների, հարակից պատասխանողների և երրորդ անձի ներկայացուցիչների եզրափակիչ ելույթները։
Սահմանադրական դատարանը վերջնական որոշումը պետք է հրապարակի ամենաուշը հուլիսի 4-ին։
Կազմակերպություն











