Գլխավոր Լրահոս

ՍԴ նախագահի ընտրության ժամանակ որևէ ճնշում չի եղել․ Վարդանյան

ՍԴ նախագահի ընտրության ժամանակ որևէ ճնշում չի եղել․ Վարդանյան

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ընթացքում որևէ անձի նկատմամբ ճնշում չի գործադրվել։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՍԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ընտրության ընթացքի վերաբերյալ մտահոգություններին։

«Որևիցե եղանակով, որևիցե անձի նկատմամբ որևիցե ճնշում թույլատրելի չէ, դատապարտելի է, և նման որևիցե ազդեցություն չի եղել»,- ասել է Վարդանյանը։

Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ է փոխվել հոկտեմբերի 14-ին չկայացած ընտրությունից հետո, և արդյոք դատավորներից որևէ մեկի նկատմամբ ճնշում է գործադրվել՝ Վարդանյանի ընտրությունն ապահովելու համար։

ՍԴ նորընտիր նախագահը պատասխանել է, որ ինքն ու մյուս թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը, ներկայացրել են իրենց ծրագրերը, իսկ դատարանը որոշումն ընդունել է գաղտնի քվեարկությամբ։ Նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել՝ պատճառաբանելով, որ Սահմանադրությունն ու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը որոշակի սահմանափակումներ են նախատեսում դատավորների համար։

Լրագրողը Վարդանյանին հիշեցրել է նաև նախկին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ կուսակցական անցյալի վերաբերյալ իշխանությունների քննադատությունները։ Հարց է բարձրացվել, թե արդյոք նախկինում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վարդանյանի ընտրությունը նմանատիպ մտահոգություններ չի առաջացնի։

«Այո, ես եղել եմ պատգամավոր, այո, ես եղել եմ կուսակցության անդամ, այո, ես իրականացրել եմ խորհրդարանում համապատասխան գործունեություն»,- ասել է Վարդանյանը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ մինչև խորհրդարանական գործունեությունը Սահմանադրական դատարանում 15 տարի և յոթ ամիս աշխատելու փորձառություն է ունեցել՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ գլխավոր մասնագետից մինչև աշխատակազմի ղեկավար։

Վարդանյանի խոսքով՝ նախկինում քաղաքական գործունեությամբ զբաղվելը չի ազատում դատավորին իր երդմամբ ստանձնած պարտավորություններից։

«Դատարանը պետք է մնա ապաքաղաքական, դատարանը պետք է մնա սահմանադրի կամքի հետևող»,- հայտարարել է նա։

Նոյեմբերի 6-ին Վլադիմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել գաղտնի քվեարկության երկրորդ փուլում։ Առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել անհրաժեշտ թվով ձայներ։ Նրա մրցակիցը ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանն էր։

Սա ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փորձն էր։ Հոկտեմբերի 14-ին նույն թեկնածուներով անցկացված ընտրության երկու փուլերն էլ արդյունք չէին տվել։

Վարդանյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2026-ի մարտի 25-ին։ Մինչ այդ նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ՍԴ դատավոր ընտրվելուց առաջ նա դադարեցրել էր անդամակցությունն իշխող կուսակցությանը։

Նոյեմբերի 6-ի ընտրությունից հետո Էդգար Շաթիրյանը հայտարարել է, որ անհնարին է համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում իր հետագա աշխատանքը։ Նա նաև հարց է բարձրացրել՝ արդյոք տեղի ունեցածը 2020-ի հունիսի սահմանադրական փոփոխությունների վերջնանպատակն էր։ Շաթիրյանն ընդգծել է, որ անձամբ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում