Սահմանադրական դատարանի փոխնախագահ Էդգար Շաթիրյանն անհնարին է համարում այդ պաշտոնում հետագա աշխատանքը՝ ՍԴ նախագահի ընտրությունից հետո ձևավորված իրողությունների պատճառով։
«Արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել դրանց հետ»,- Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Շաթիրյանը։
Նոյեմբերի 6-ին գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։
Շաթիրյանը ՍԴ նախագահի երկու թեկնածուներից մեկն էր։ Նա ընտրությունից հետո ձևավորված իրավիճակում անհնարին է համարել փոխնախագահի պաշտոնում հետագա աշխատանքը՝ այդ քայլը գնահատելով տրամաբանական։ Միաժամանակ հաստատել է, որ շարունակելու է աշխատել որպես ՍԴ դատավոր։
Ընտրության արդյունքը, նրա խոսքով, իր համար անսպասելի չէր։
«Առնվազն այսօրվա մասով ընտրության ելքը ինձ համար անկանխատեսելի չէր»,- ասել է Շաթիրյանը՝ չմանրամասնելով, թե ինչ տեղեկությունների հիման վրա էր նման եզրակացության հանգել։
Լրագրողի հարցին, թե 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս արդյոք նկատի ունի նախկին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ իշխանությունների գործողությունները, Շաթիրյանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանությունից։
«Շուրջ վեց և կես տարի անց մենք ունեցանք դարձ ի շրջանս յուր»,- հավելել է նա։
Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե արդյոք ընտրության արդյունքի կանխատեսելիության մասին նրա խոսքը նշանակում է, որ տեղեկություններ ունի իշխանությունների հնարավոր ճնշումների վերաբերյալ։
Շաթիրյանը նման տեղեկությունների առկայությունը չի հաստատել՝ ընդգծելով, որ անձամբ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել։
«Առնվազն իմ մասով, իմ տեսակը հաշվի առնելով, ինձ փոքրիշատե ճանաչողները կփաստեն, որ ես ճնշվողներից չեմ»,- ասել է նա։
Նոյեմբերի 6-ին ՍԴ նախագահ է ընտրվել նախկին իշխանական պատգամավոր, ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նա ընտրվել է գաղտնի քվեարկության երկրորդ փուլում։ Սա ընտրության երկրորդ փորձն էր. հոկտեմբերի 14-ին նույն երկու թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ։
Շաթիրյանի հիշատակած՝ 2020-ի հունիսի սահմանադրական փոփոխություններով դադարեցվել էր Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում, ինչպես նաև ՍԴ երեք դատավորների լիազորությունները։ Թովմասյանը շարունակել էր պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։












