Գլխավոր Լրահոս

Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա. Սրբուհի Գալյան

Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա. Սրբուհի Գալյան

Դիմումատու կողմերը չեն կարողացել ապացուցել իրենց մատնանշած խախտումների ո՛չ ծավալը, ո՛չ էլ դրանց հնարավոր ազդեցությունը քվեարկության վերջնական պատկերի վրա. հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման եզրափակիչ փուլում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Դիմողը պարտավոր էր ապացուցել ոչ միայն ենթադրյալ խախտումների փաստը, այլև դրանց ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա: Դիմողներին սա չի հաջողվել անել։ Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա»,- ասաց Գալյանը։

ՍԴ-ն հունիսի 26-ից բանավոր ընթացակարգով քննում է ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող յոթ քաղաքական ուժերի դիմումները:

Անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ընդդիմադիր ուժերի մեղադրանքներին՝ նախարարը պարզաբանեց, որ կառավարության բնականոն գործունեությունը, սոցիալական ծրագրերի իրականացումն ու առողջապահական ռեֆորմները չեն կարող որակվել որպես ապօրինի ներգործություն ընտրողների վրա։

«Ի՞նչ պետք է աներ կառավարությունը՝ դադարեցնե՞ր իր գործունեությունը, օրինակ՝ չշարունակե՞ր առողջապահության համընդհանուր ապահովագրության տարիներ տևած ռեֆորմը, չշարունակե՞ր սոցիալական միջոցառումների իրականացումը»,- ասաց ՔՊ ներկայացուցիչը։

Սրբուհի Գալյանն արձագանքեց հաղթանակի վաղաժամ հայտարարությունների վերաբերյալ քննադատությանը՝ հակադարձելով, որ իրենց քաղաքական ուժը ձայները հաշվել է քվեարկության ավարտից հետո, մինչդեռ որոշ ընդդիմադիրներ հաղթանակի մասին խոսում էին դեռևս ժամը 20:00-ին, երբ դա ֆիզիկապես հնարավոր չէր։

ՔՊ-ն հայտարարագրել է ամենաշատ ծախսերը և գործել է հաշվետու մեխանիզմներով

Ելույթի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև նախընտրական հիմնադրամների թափանցիկությանը և ատելության խոսքին։ Գալյանը շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարագրել է ամենաշատ ծախսերը և գործել է հաշվետու մեխանիզմներով, իսկ վարչապետի սուր հռետորաբանությունն ուղղված է եղել բացառապես քաղաքական ընդդիմախոսներին, այլ ոչ թե քաղաքացիներին։

Ամփոփելով իր խոսքը՝ նախարարը հայտարարեց, որ ժողովուրդը հաղթահարել է բոլոր հիբրիդային սպառնալիքներն ու սահմանադրական կարգը տապալելու փորձերը և կատարել է իր գիտակցված ընտրությունը։ Նրա գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ իրավական հիմք առկա չէ։

Սա դատական քննության վեցերորդ օրն է, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ։

Սահմանադրական դատարանը վերջնական որոշումը պետք է հրապարակի ամենաուշը հուլիսի 4-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում