Եթե Ռուսաստանը փակի իր շուկան հայկական արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի իր դռները․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եթե Ռուսաստանը փակի իր շուկան հայկական արտադրանքի համար, Եվրոպական Միությունը կբացի իր դռները հայկական ապրանքների համար՝ հասանելիություն ապահովելով եվրոպական 450 միլիոնանոց սպառողական շուկային: Հուլիսի 2-ին Երևանում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Հայաստանի վարչապետի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
«Մենք գիտակցում ենք, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել՝ շատ չմոտենալ Եվրոպական Միությանը։ Մենք դա թույլ չենք տա, մենք գիտենք և մենք ձեզ կօժանդակենք»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է ներդրումներ անել փոխկապակցվածության ծրագրերում, որոնք կապում են Եվրոպական Միությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ, որտեղ Հայաստանն իր արտոնյալ դիրքի շնորհիվ կենսական դեր ունի: Նրա խոսքով՝ ԵՄ-ն այս նպատակով արդեն տրամադրել է 200 մլն, որը կարող է հասցվել մինչև 2 մլրդ-ի, ինչը կարևոր է տարածաշրջանում փոխկապակցվածության, կայունության և կողմերի գործընկերության ու բարեկամության համար:
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ սա երկու ամսից պակաս ժամկետում իր երկրորդ այցն է Երևան, ինչն ապացուցում է գործընկերության և անձնական բարեկամության ամրությունը: Նա շնորհավորել է Փաշինյանին ընտրությունների արդյունքների, իսկ հայ ժողովրդին՝ ժողովրդավարությունը, խաղաղությունը և Եվրոպային մերձենալն ընտրելու համար՝ այն անվանելով մեծ քայլ և վստահության քվե:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ֆոն դեր Լայենին և նրա պատվիրակությանը՝ նշելով, որ վերջին երկու ամսում սա նրա երկրորդ այցն է Հայաստան, ինչը նշանակում է, որ վերջին տարիներին համատեղ ընդունած հայտարարությունները ոչ թե միայն խոսքեր են, այլ համատեղ իրականացվող կոնկրետ գործեր: Վարչապետը հիշատակել է մայիսին Երևանում տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթաժողովը և տպավորիչ է համարել քաղաքական պայմանավորվածությունների իրականացման քայլերը: Նա հավելել է, որ թեև հայտնի հանգամանքները նպաստում են որոշ պրոցեսների ավելի արագ ընթացքին, սակայն իրականացվողը նախորդ շրջանի բազմաթիվ հանդիպումների և քննարկումների ընթացքում արձանագրված ռազմավարական ընկալումների արտահայտությունն է:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ վերջին ամիսների շփումների, այդ թվում՝ հեռախոսազրույցի ընթացքում ֆոն դեր Լայենի արած հայտարարությունները Հայաստանին աջակցելու վերաբերյալ այսօր գործնականում իրագործվում են կամ իրագործված են, ինչը մեծացնում է հանրության շրջանում վստահության մակարդակը Հայաստան-Եվրոպական Միություն գործակցության և գործընկերության նկատմամբ:
2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։
Ապրիլի վերջին ՌԴ սպառողների իրավունքների գործակալությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», խնդիրներ գտավ «Ջերմուկ» հանքային ջրերում և սահմանափակեց ներմուծումը։ Ավելի ուշ սահմանափակումները տարածվեցին հայկական գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների վրա։ Փորձագետները նշում են, որ այս պատժիչ քայլերը կապված են հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, և Մոսկվան դրանով ցանկանում է հայ ընտրողներին կողմնորոշել քվեարկելու ռուսամետ թեկնածուների օգտին։
Կազմակերպություն
Տեղադրություն











