Գլխավոր Լրահոս

Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է․ պաշտպանական կողմը մեղադրանքը հերքում է. ո՞վ է Մալոյանը

Լուսանկարը՝ Հ1-ի

Լուսանկարը՝ Հ1-ի

Հայկ Ղազարյան

Պետական գաղտնիք հրապարակելու մեջ մեղադրվող ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Էդիկ Մալոյանը երկու ամսով կալանավորվել է։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հուլիսի 2-ին բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Նույն գործով երկու ամսով կալանավորվել է նաև զինծառայող Ռոման Ջավադյանը։

Գնդապետի փաստաբան Վահե Միսակյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ իրենք մեղադրանքը չեն ընդունում և բողոքարկելու են կալանավորման որոշումը՝ այն ստանալուց հետո։

«Մեղադրանքը չենք ընդունում, այսինքն՝ գտնում ենք, որ որևէ պետական գաղտնիքի հրապարակում չի եղել, իսկ թե ինչ բնույթի փաստաթուղթ կամ տեղեկություններ կան, դրանց մասին ինֆորմացիա չեմ կարող հայտնել ձեզ»,- ասաց Միսակյանը։

Մալոյանի պաշտպանը նաև ասաց, որ սա սահմանափակ ռեժիմով քննվող գործ է, և դրանից ավելի տեղեկություն չի կարող հաղորդել։

Էդիկ Մալոյանի կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։

Մալոյանի մյուս փաստաբան Արտակ Խաչատրյանը հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ սա քաղաքական հաշվեհարդար է, և պետական գաղտնիքի մասին խոսք չկա։

«Այդ ամենը քողարկված է պետական գաղտնիքի անվան տակ»,- ասել է Արտակ Խաչատրյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը գրել է, որ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար։

«Հպարտ եմ, որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին»,- ասել է Կարապետյանը։

Պաշտպան Վահե Միսակյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ Էդիկ Մալոյանը երբեք քաղաքական ակտիվություն չի ցուցաբերել։

Նրա մարտական ընկեր Արման Պետրոսյանը ևս ասաց, որ Մալոյանը քաղաքականությամբ չի զբաղվել։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ գնդապետ Մալոյանը, չունենալով գաղտնի տեղեկություններին ծանոթանալու իրավունք, դրդել է գաղտնիության ռեժիմի սպա Ռոման Ջավադյանին հրապարակել պետական գաղտնիք, որից հետո ինքն էլ տարածել է այդ տվյալները։

Փաստաբան Միսակյանը նաև հայտնել է, որ իր վստահորդն առողջական խնդիրներ ունի, բայց ընդհանուր առմամբ նորմալ է։

«Ամեն դեպքում գանգատներ չներկայացրեց»,- ասել է փաստաբանը։

Ո՞վ է Էդիկ Մալոյանը

Էդիկ Մալոյանը ծնունդով Թալինից է և երկար տարիներ ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ Լայն հանրությանը հայտնի դարձավ 2016-ի ապրիլյան գործողություններից հետո՝ պաշտպանության նախարարության պատրաստած ռեպորտաժների և հաղորդումների շնորհիվ։

Ըստ Պաշտպանության նախարարության՝ 2016-ի ապրիլի 2-ին ՊԲ 49971 զորամասի (Մարտակերտի պաշտպանական շրջան) 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մալոյանը ստանձնել է N 116 մարտական դիրքը հետ գրավելու խնդիրը։ Իր շուրջը համախմբելով ծառայակիցներին՝ նա գրագետ մարտավարությամբ և առանց կորուստների փոքրաթիվ խմբով գրոհել է հակառակորդի զբաղեցրած դիրքի վրա։ Թեժ մարտերի արդյունքում կարողացել է ետ գրավել դիրքը՝ հակառակորդին հասցնելով զգալի կենդանի ուժի կորուստներ և ստիպելով նրան նահանջել ելման դիրքեր։

Էդիկ Մալոյանի մարտական ընկեր Արման Պետրոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ Մալոյանն արդեն Մարտակերտի զորամասի հրամանատարի տեղակալ էր և մասնակցում էր իրենց զորամասի դիրքերի պաշտպանությանը։

«Իսկ 44-օրյա պատերազմի կեսին իր զորքի հետ միասին գնացել է օգնության՝ Ճարտար քաղաքի ուղղությամբ»,– ասաց Արման Պետրոսյանը։

Ըստ Պետրոսյանի՝ Մալոյանի հետ միասին իրենք մասնակցել են նաև 2023-ի Ստեփանակերտի Կրկժան թաղամասի պաշտպանությանը։ 2023-ին Մալոյանը եղել է ԱրցաԽԻ ԱԱԾ հատուկ նշանակության վարչության պետի տեղակալը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում