Եվրոպական միությունը Հայաստանին կոչ է արել շարունակել մարդու իրավունքների ոլորտի բարեփոխումները՝ խտրականության դեմ համապարփակ օրենքի ընդունման, անկախ մեդիայի, կալանավայրերի պայմանների բարելավման և մի շարք այլ ուղղություններով։ Այս մասին ասվում է հուլիսի 1-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ մարդու իրավունքների շուրջ 15-րդ երկխոսության արդյունքներով ընդունված համատեղ հաղորդագրությունում։
Հաղորդագրության համաձայն՝ ԵՄ-ն միաժամանակ ողջունել է Հայաստանում վերջին շրջանում իրականացված մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ 2025-2028 թվականների գենդերային հավասարության ռազմավարության, երեխայի պաշտպանության վերաբերյալ օրենսդրական փաթեթի և համընդհանուր առողջապահական ապահովագրության մասին օրենքի ընդունումը։
Կողմերը քննարկել են նաև հավաքների, միավորումների և արտահայտվելու ազատության, քաղաքացիական հասարակության, աշխատանքային իրավունքների, մարդկանց թրաֆիքինգի, զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման և կալանավայրերում պայմանների բարելավման հարցերը։
Առանձին անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքներին և ինտեգրմանը։ Եվրոպական միությունը վերահաստատել է նրանց աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Հայաստան-ԵՄ մարդու իրավունքների շուրջ հաջորդ երկխոսությունը նախատեսվում է անցկացնել 2027-ին Բրյուսելում։












