Գլխավոր Լրահոս

Իրան-Հայաստան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից. Փեզեշքիան

Իրան-Հայաստան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից. Փեզեշքիան

Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և առաջնորդվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով, Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է Mehr-ը:

Իրանի նախագահի խոսքով՝ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հաճախ ոչ թե լուծում է տարածաշրջանային մարտահրավերները, այլ ավելի է բարդացնում դրանք:

Վերահաստատելով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները՝ նախագահն ընդգծել է բոլոր երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և հակամարտությունները դիվանագիտության ու երկխոսության միջոցով լուծելու Թեհրանի նախապատվությունը:

Որպես Արևմտյան Ասիայում անկայունության հիմնական աղբյուր նա մատնանշել է Իսրայելի ռեժիմը՝ վկայակոչելով վերջինիս գործողությունները Լիբանանում, Գազայում, Սիրիայում և Իրանում:

Հանդիպումը կայացել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած այցի շրջանակներում:

Իրանի նախագահը երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ առաջնորդի և վերջին հակամարտության այլ զոհերի սպանությունից հետո ցուցաբերած աջակցության և ցավակցությունների համար՝ ընդգծելով, որ դրանք արտացոլում են երկու հարևան պետությունների միջև առկա խորը պատմական կապերն ու բարեկամությունը:

Փեզեշքիանը նշել է, որ Թեհրան-Երևան հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա՝ արձանագրելով տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնումը: Նա շնորհակալություն է հայտնել վերջին հակամարտության ընթացքում Հայաստանի ցուցաբերած գործակցության համար և հույս հայտնել, որ համապարփակ երկկողմ համագործակցության պայմանագրի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն, ինչը նոր հնարավորություններ կստեղծի մաքսային, տրանսպորտային, տարանցիկ, առևտրային և տնտեսական փոխանակումների ոլորտներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի ցավակցություններն Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ վերհիշելով իր հանդիպումները սպանված առաջնորդի հետ: Նա հավաստիացրել է, որ Երևանը հավատարիմ է Իրանի հետ բարեկամական կապերին և երբեք չի մասնակցի որևէ նախաձեռնության, որը հակասում է Իրանի անվտանգությանը կամ ազգային շահերին: ՀՀ կառավարության ղեկավարն արձանագրել է նաև, որ ներկայումս հայ-իրանական երկկողմ հարաբերությունները գտնվում են Հայաստանի անկախությունից ի վեր իրենց ամենաբարձր մակարդակի վրա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում