Գլխավոր Լրահոս

ՍԴ որոշումից հետո ընդդիմությունը հայտարարում է քաղաքական դիմադրության փուլի մեկնարկի մասին

ՍԴ որոշումից հետո ընդդիմությունը հայտարարում է քաղաքական դիմադրության փուլի մեկնարկի մասին

Սահմանադրական դատարանի կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի մերժումից հետո, ընդդիմադիր ուժերը հայտարարել են միասնական քաղաքական օրակարգի ձևավորման և պայքարի նոր՝ լայնածավալ դիմադրության փուլ անցնելու մասին։ Ընդդիմադիր միավորումները ներկա իշխանությունը որակում են անլեգիտիմ և հայտարարում սահմանադրական փոփոխությունների կանխման, Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության, քաղբանտարկյալների ազատ արձակման ու գործող իշխանության հեռացման շուրջ համախմբվելու մասին։

Համատեղ հայտարարությանը միացել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը: Հայտարարությանը չեն միացել Սահմանադրական դատարան դիմած ուժերից «Միասնության թևեր» կուսակցությունը, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը և «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը:

Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ որոշումը՝ մերժելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումները:

Համատեղ հայտարարության մեջ ասված է.

«Սահմանադրական դատարանի այս որոշումը.

- չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից.

- չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը։

Ընդհակառակը, վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ։ Ուստի առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարման և սահմանադրական կարգի վերականգնման նպատակով՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերը հայտարարում են հետևյալ սկզբունքային ուղղությունների շուրջ համախոհության և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու վերաբերյալ.

1․ Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում. Գործող վարչախմբի կողմից նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունները դիտարկելով որպես արտաքին պարտադրանք՝ մենք օգտագործելու ենք օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները՝ թույլ չտալու համար Մայր օրենքի փոփոխությունը, ինչն ուղղակի և անդառնալի հարված է ՀՀ ինքնիշխանությանը։

2․ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն. Հաշվի առնելով եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող համակարգված ապօրինի արշավը՝ մեր քաղաքական օրակարգի անկյունաքարն է լինելու Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության, նրա իրավունքների, գույքի և հեղինակության պաշտպանությունը ցանկացած ոտնձգություններից։

3․ Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն. Հետընտրական շրջանում մեկնարկել է քաղաքական բռնաճնշումների նոր ալիք։ Ընտրական և քաղաքական գործընթացներին զուգահեռ երկրում ծավալված ռեպրեսիվ պրակտիկան հանգեցրել է քաղբանտարկյալների թվի շեշտակի աճին։ Մեր միասնական քայլերն ուղղված են լինելու նրանց իրավունքների պաշտպանությանը և անհապաղ ազատ արձակման պահանջին։

4․ Գործող իշխանության հեռացում. Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը միայն փաստեց, որ գործող վարչախմբի հեռացումն այլընտրանք չունեցող հրամայական է։ Ուստի իշխանափոխությունը և նոր որակի ազգային իշխանության ձևավորումը մնում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման, համերաշխության հաստատման և անվտանգության ապահովման միակ նախապայմանը։

Մենք գիտակցում ենք, որ իրավական ինստիտուտների կազմաքանդման պայմաններում պետության և սահմանադրական կարգի պահպանման միակ երաշխավորը մնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

Ուստի, սիրելի՛ քաղաքացիներ,

Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը։

Վերոնշված կետերի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև անելիքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Քննարկումներից բխած հետագա քայլերի, այդ թվում՝ համատեղ հնարավոր ծրագրերի մասին կտեղեկացնենք առաջիկայում»:


Սահմանադրական դատարանը հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության էր ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026-ի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026-ի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում