«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները կտեղափոխվեն կենդանաբանական այգի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել են Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը և ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ կենդանիների տեղափոխումը կատարվում է Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։
«Հենց այսօր հիշել են, որ Աբովյանի քննչական բաժնում ինչ-որ քրեական գործ կա, որով այն կենդանիները, որոնք այստեղ պահվում են, որոշել են, թե դրանք շատ վատ պայմաններում են գտնվում, պետք է արագ վերցնեն ու տեղափոխեն կենդանաբանական այգի»,- ասել է Սարգսյանը։
ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հայտարարել է, որ կենդանիները պահվում էին լավագույն պայմաններում։
«Այստեղ պահվում են կենդանիներ, որոնք, թերևս, ունեն լավագույն պայմանները։ Այդ կենդանիներին քնեցրել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները՝ տեղափոխումն իրականացնելու համար»,- ասել է նա։
Երևանի քաղաքապետարանն էլ տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։
Անի Փայտյան











