Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի ճնշումները Հայաստանին մղում են էներգետիկ այլընտրանքների որոնման

Ռուսաստանի ճնշումները Հայաստանին մղում են էներգետիկ այլընտրանքների որոնման

Գևորգ Թոսունյան

Ռուսաստանը մեծացրել է տնտեսական ճնշումը Հայաստանի վրա այն ֆոնին, երբ Երևանը թեքվում է դեպի Արևմուտք, իսկ Մոսկվան աջակցում էր ռուսամետ թեկնածուներին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում։ Սա Հայաստանին կարճաժամկետ տարբերակներ է թողնում ռուսական բնական գազից գրեթե ամբողջական կախվածությունը նվազեցնելու համար: Այն ներկրվում է 1,000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով, ինչը եվրոպացի սպառողների վճարած գնից էապես ցածր է: ՍիվիլՆեթի հետ զրույցում էներգետիկայի ոլորտի պաշտոնյաներն և վերլուծաբանները նշում են, որ Վրաստանն ու Մոլդովան, որոնք տարիներ են ծախսել ռուսական էներգակիրներից սեփական կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, կարող են մասնակի ուղեցույց ծառայել Հայաստանի համար:

Ապրիլից վերջից Ռուսաստանը սահմանափակեց հայկական հանքային ջրի, գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլի և ծովամթերքի ներկրումը: Հայ պաշտոնյաները ակնկալում էին, որ ընտրություններից հետո այդ սահմանափակումները կմեղմացվեն, սակայն Մոսկվան, հակառակը, նոր արգելքներ սահմանեց և ավելի կոշտացրեց հռետորաբանությունը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ընտրություններն անցել են «աննախադեպ ճնշման» ներքո, իսկ պետական ՏԱՍՍ գործակալությունը դրանք որակեց Հայաստանի «պատմության ամենակեղտոտ ընտրություն»:

Նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ զգուշացրել էր, որ հարաբերությունների հետագա վատթարացման դեպքում Հայաստանը կարող է ունենալ ՀՆԱ-ի «առնվազն 14 տոկոս» անկում և էներգակիրների գների կտրուկ աճ։ Ընտրություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից մեծ է: ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր շուկան ու առևտրա-տնտեսական գործընկերը: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2026-ի հունվար-մարտ ամիսների տվյալների՝ 2026-ի առաջին եռամսյակում Հայաստանի արտահանումները ՌԴ կազմել են 36,3 տոկոս, իսկ ԵՄ՝ 14,1 տոկոս։ Ընդ որում, արտահանման ծավալները ավելացել են 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այս տարվա մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանությանը հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։

Ռուսական գազին արագ այլընտրանք չկա

Հայաստանն իր բնական գազի մեծ մասը ներկրում է Ռուսաստանից։ Գազի բաշխումը երկրի ներսում ևս իրականացվում է ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջոցով։ Այս իրողությունը երկիրը ավելի խոցելի է դարձնում գների կամ մատակարարման պայմանների հնարավոր փոփոխությունների դեպքում:

«Ներկա իրավիճակը խիստ անկայուն է: Ունենք տարածաշրջանային երկու խաղացող՝ Ռուսաստան և Իրան, որոնք երկուսն էլ պատերազմի մեջ են, ուստի այս պահին հստակ կանխատեսումներ անելը վաղաժամ է»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի դոցենտ և էներգետիկ հարցերով վերլուծաբան Մուրման Մարգվելաշվիլին:

Նա ընդգծեց, որ Իրանը դժվար թե կարողանա լրացնել ռուսական գազի հնարավոր պակասը, իսկ Ադրբեջանն արտահանման ազատ ռեսուրս չունի: Ըստ վերլուծաբանի՝ ամենաիրատեսական կարճաժամկետ տարբերակն Իրանի տարածքով թուրքմենական գազի ներկրման համաձայնագրի վերականգնումն է. մի մեխանիզմ, որը Հայաստանը նախկինում կիրառել է:

Մուրման Մարգվելաշվիլի, Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի դոցենտ և էներգետիկ հարցերով վերլուծաբան
Մուրման Մարգվելաշվիլի, Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի դոցենտ և էներգետիկ հարցերով վերլուծաբան

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը կարող է դադարեցնել մատակարարումը հատկապես ձմռանը՝ իր քաղաքական լծակներն առավելագույնի հասցնելու նպատակով։ Որպես օրինակ նա վկայակոչեց 2006-ին Վրաստանի դեպքում տեղի ունեցածը:

Վրաստանը և Մոլդովան նվազեցրել են իրենց խոցելիությունը, սակայն չեն վերացրել այն

2006-ին Ռուսաստանը դադարեցրել էր գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստանին, սակայն, ըստ Մարգվելաշվիլիի, այս ճգնաժամը չէր, որ ստիպեց Վրաստանին դիվերսիֆիկացիայի քայլեր ձեռնարկել. այդ գործընթացն արդեն մեկնարկել էր: Թուրքիայի հետ «Հարավային գազային միջանցքի» շինարարությունը սկսվել էր դեռ 2002-ին և 2006-ին արդեն մոտենում էր ավարտին: 

Ճգնաժամի օրերին Ադրբեջանը ժամանակավորապես կրճատեց գազի սեփական արդյունաբերական սպառումը՝ Վրաստանին մատակարարելու համար, իսկ ավելի ուշ գործընթացին միացավ նաև Իրանը: Մարգվելաշվիլիի եզրահանգումն այն է, որ էներգետիկ անվտանգությունը հնարավոր չէ կառուցել բուն ճգնաժամի պահին: Այդուհանդերձ, դիվերսիֆիկացիան ամբողջությամբ չվերացրեց Վրաստանի կախվածությունը Ռուսաստանից: Թբիլիսին ադրբեջանականին զուգահեռ շարունակում է ներկրել նաև ռուսական գազ: 

Ինչպես նշում է Մարգվելաշվիլին՝ տարածաշրջանային ներկա պատկերը «խիստ անկայուն» է, ինչը հուշում է, որ այս մոդելը պետք է դիտարկել ոչ թե որպես կատարյալ անձեռնմխելիություն, որը Հայաստանը կարող է պարզապես կրկնօրինակել, այլ որպես ռուսական լծակների թուլացում:

Մոլդովան նմանատիպ դաս քաղեց 2021-ի ճգնաժամից, երբ Ռուսաստանը բազմիցս բարձրացրեց գազի գինը և սպառնաց առհասարակ դադարեցնել մատակարարումը:

«Այսօր մենք գազը գնում ենք եվրոպական շուկայից՝ մրցակցային հիմունքներով, և ոչ մի մատակարար չի կարող քաղաքական կամ տնտեսական պայմաններ թելադրել»,- ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասաց Մոլդովայի էներգետիկայի նախարար Դորին Ջունգհիետուն:

Դորին Ջունգհիետու, Մոլդովայի էներգետիկայի նախարար
Դորին Ջունգհիետու, Մոլդովայի էներգետիկայի նախարար

Նախարարի խոսքով՝ այս անցման ամենաբարդ փուլը ոչ այնքան տեխնիկական, որքան հոգեբանական կողմն էր. անհրաժեշտ էր կոտրել հասարակության և բիզնեսի տասնամյակների այն կարծրատիպը, թե Մոլդովան այլընտրանքային մատակարար չունի: Դրանից հետո Մոլդովան ընդլայնել է գազի մատակարարների իր ցանկը՝ 15-ից հասցնելով 21 ընկերության, և ամբողջությամբ վերանայել է գնումների մոդելը:

Ջունգհիետուն նշեց, որ այս փոփոխությունը հիմնված է երեք հիմնասյուների վրա: Առաջինը Մոլդովայի օրենսդրության համապատասխանեցումն էր ԵՄ էներգետիկ կանոններին, ներառյալ՝ տրանսպորտային, բաշխիչ և մատակարարման գործառույթների տարանջատումը: Այնուհետև երկիրը սկսեց ներդրումներ կատարել այլընտրանքային ենթակառուցվածքների ոլորտում։ Արդյունքում Ռումինիայի գազային փոխկապակցիչի կառուցվեց, որն էլ արմատապես փոխեց Մոլդովայի դերը տարածաշրջանում։ 

Երրորդ և թերևս ամենակարևորը ըստ նախարար, քաղաքական վճռականությունն էր։ 

«Այս փորձը մեզ կարևոր դաս տվեց. էներգետիկ կախվածությունը միայն առևտրային խնդիր չէ. այն ազգային անվտանգության հարց է։ Դիվերսիֆիկացիան պարտադիր չէ, որ նշանակի մեկ մատակարարի փոխարինում մեկ ուրիշով. այն նշանակում է այնպիսի համակարգի ստեղծում, որտեղ ոչ մի մատակարար չի կարող էներգիան օգտագործել որպես քաղաքական զենք»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

2026-ի ապրիլից սկսած՝ Մոլդովայի խոշոր, ոչ կենցաղային սպառողները գազը գնում են բաց շուկայում՝ բանակցային գներով: Երկրի մրցակցային դաշտում այժմ գործում է տասնմեկ մատակարար, որոնցից երեքը տնօրինում են շուկայի առնվազն 5 տոկոսը:

«Առաջին անգամ մատակարարներն են պայքարում հաճախորդների համար, այլ ոչ թե հաճախորդներն են կախվածություն ունենում մեկ մատակարարից»,- հավելեց մոլդովացի նախարարը:

Ինչպես նշում է նախարարը՝ Մոլդովայի անցումային փուլը տարիներ է պահանջել և հիմնվել է շարունակական քաղաքական կամքի, այլ ոչ թե մեկանգամյա լուծումների վրա: Այդ գործընթացը դեռևս շարունակվում է:

Ինչ պետք է անի Հայաստանը

Մարգվելաշվիլին կարծում է, որ Հայաստանը պետք է միաժամանակ աշխատի երեք ուղղությամբ։ Առաջինը՝ ներդնել եվրոպական էներգետիկ շուկայի մոդելը, իրականացնել գործունեության տեսակների տարանջատում (unbundling) և ձևավորել թափանցիկ ու մրցակցային շուկա։

Նրա խոսքով՝ Հայաստանում էներգետիկ ակտիվների զգալի մասը պատկանում է ռուսական կամ ռուսական կապիտալով ընկերություններին, իսկ եվրոպական մոդելը կնվազեցնի այդ սեփականության քաղաքական ազդեցությունը։ Երկրորդ քայլը, ըստ նրա, տարածաշրջանային էներգետիկ դիվանագիտության ակտիվացումն է։

Ե՛վ Մոլդովայի, և՛ Վրաստանի փորձը հանգեցնում է միևնույն եզրակացության. մեկ մատակարարից էներգետիկ կախվածությունը վաղ թե ուշ վերածվում է քաղաքական լծակի, և այն թուլացնելու համար անհրաժեշտ է այլընտրանքներ ստեղծել նախքան ճգնաժամի պարտադրելը, այլ ոչ թե դրա ընթացքում: 

Նշված երկրներից և ոչ մեկում խնդիրն ամբողջությամբ լուծված չէ. երկու դեպքում էլ գործ ունենք Ռուսաստանի ազդեցության սահմանափակման շարունակական գործընթացի, այլ ոչ թե կախվածությունից լիարժեք ձերբազատման հետ: Ըստ աղբյուրների՝ Հայաստանը պետք է իր անելիքները պլանավորի հենց այս տրամաբանությամբ՝ խնդրին չմոտենալով որպես մեկանգամյա լուծում պահանջող հարցի:

Ռուսական ազդեցությունը տարածվում է էներգետիկայից անդին

Գազը Ռուսաստանից Հայաստանի կախվածության միայն մեկ բաղադրիչն է: Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, իսկ Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: Ռուսաստանը երկար տարիներ եղել է Հայաստանին զենք մատակարարող հիմնական երկիրը, թեև վերջին շրջանում Հայաստանի սպառազինության նոր գնումներում ռուսական զենքի մասնաբաժինը կտրուկ նվազել է՝ 96 տոկոսից հասնելով 10 տոկոսի՝ Երևանի կողմից մատակարարների դիվերսիֆիկացման արդյունքում:

Տասնամյակներ շարունակ ռուս սահմանապահներն են հսկել Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ, թեև այժմ նրանց դերը նվազում է: Ապրիլին Փաշինյանը հայտարարեց, որ չի բացառում սահմանի որոշ հատվածներից ռուս սահմանապահների դուրսբերումը:

Հայաստանի երկաթուղային ցանցը կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից, որն ունի ռուսական պետական կապիտալ: Ռուսական «Ռոսատոմը» միջուկային վառելիք է մատակարարում Հայկական ատոմային էլեկտրակայանին և ներգրավված է կայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներում: «Գազպրոմ Արմենիային» է ամբողջությամբ պատկանում երկրի գազաբաշխիչ համակարգը, իսկ ռուսական կապիտալը շարունակում է մեծ դեր ունենալ նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում:

Ռուսաստանը նաև հայկական աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղությունն է, և այնտեղ աշխատող հայերի դրամական փոխանցումները տնային տնտեսությունների համար եկամտի զգալի աղբյուր են հանդիսանում: Սա նշանակում է, որ Ռուսաստանում տնտեսական կամ միգրացիոն քաղաքականության ցանկացած փոփոխություն կարող է արագորեն ազդել Հայաստանի ներքին տնտեսության վրա:

Ըստ վերլուծաբանների՝ Հայաստանի հիմնախնդիրը շատ ավելի լայն է, քան պարզապես գազից կախվածությունը. անհրաժեշտ է տնտեսության և ռազմավարական ենթակառուցվածքների այնպիսի համապարփակ դիվերսիֆիկացիա, որը հնարավորություն կտա առավելագույնս նվազեցնել կախվածության ռիսկերը որևէ մեկ պետությունից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում