Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տնից տեղափոխված առյուծներից մեկը քնից այդպես էլ չի արթանցել։ Այս մասին հայտնում է Երևանի կենդանաբանական այգին։
Այգու փոխանցմամբ՝ կենդանին եղել է մեծ տարիքի և ունեցել է բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, ինչը հաստատվել է նաև հերձման արդյունքներով։ Նշվում է, որ նրա փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը և այլ օրգաններ ախտահարված են եղել, իսկ մահը պայմանավորված է եղել տարիքային և առողջական խնդիրներով։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ կքննի հանգամանքները։
Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղեկություններ էին տարածվել, որ Ծառուկյանի տարածքից տեղափոխված քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։
Հուլիսի 6-ին Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի են տեղափոխվել 3 առյուծ և 1 վագր։ Քննչական կոմիտեն նշում է, թե ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվում է 30 մլն դրամ։ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ կենդանիները պահվում էին լավագույն պայմաններում։ Կենդանիներին տեղափոխել են հուլիսի 6-ին Ծառուկյանի առանձնատանը, նրան պատկանող բիզնես կենտրոններում և կառույցներում խուզարկությունների ֆոնին։












